...

Ոչ թե ընտրություններին են սպասում, այլ բախումներին

Ոչ թե ընտրություններին են սպասում, այլ բախումներին

Խորհրդային տարիներին մի բավականին հայտնի ֆիլմ կար՝ «Թանկարժեք տղան», որի ամենաողորմելի հերոսներից մեկն այսպիսի արտահայտություն ուներ․ «գիտե՞ք, թե որն է ամենասարսափելի կենդանին․ կատաղած ոչխարը, նա կծոտում է բոլորին»։ Ոչինչ չենք ակնարկում, պարզապես քարոզարշավի առաջին օրերը ստիպեցին հիշել։

Երբ Նիկոլ Փաշինյանն այստեղ-այնտեղ էքստազի մեջ ընկած ծղրտում է, թե «սատկացնելու ենք», «կրունկների տակ տրորելու ենք», «շինելու ենք», «մեյդը փռելու ենք» և այլն, հիմնական հարցը, որ առաջանում է շատից-քչից ադեկվատ մարդկանց մոտ, հետևյալն է՝ տեսնես իսկապե՞ս հոգեկան խնդիրներ ունի, թե՞ ձևացնում է։ Բայց իրավիճակը բավականին լուրջ է այս հարցի վրա կենտրոնանալու համար, ուստի շատ ավելի կարևոր է հասկանալը, թե ո՞րն է, ի վերջո, այդ մարդու նպատակը (անկախ նրանից՝ գիտակցաբա՞ր է անում, թե՞ հոգեկան շեղումների պատճառով)։

Ամենահավանական տարբերակն այն է, որ նա այնուամենայնիվ հասկացել է, որ ընտրություններով իշխանությունը պահելու շանսեր գրեթե չունի, իշխանությունը կորցնելուց հետո էլ հազիվ թե ազատության մեջ մնա, հետևաբար՝ անձամբ իր համար սա բառիս բուն իմաստով կենաց-մահու հարց է, ու ինքը պիտի մինչև վերջ կռիվ տա ապրելու իրավունքի համար։ Իսկ այդ կենաց-մահու ճակատամարտը, որտեղ նա կանգ չի առնի անգամ հազարավոր զոհերի առաջ, իր համար ավելի ձեռնտու է հրահրել մինչև հունիսի 20-ը։ Թե ինչու՝ հասկանալի է։ Մինչև հունիսի 20-ը նա լեգիտիմ է, իսկ ընտրություններից հետո նրա լեգիտիմությունը պաշտոնապես առնվազն կասկածելի է լինելու։ Այստեղից էլ՝ նրա շտապողականությունն ու բռնությունների և քաղաքացիական պատերազմի բացահայտ կոչերը։ Բախումները նրան հիմա են պետք, որպեսզի ահաբեկի մարդկանց, աղմկահարույց ձերբակալություններ իրականացնի, իսկ եթե պետք լինի՝ նաև հետաձգի ընտրություններն ու այդ ընթացքում «երկաթե մանդատով» հիմնական մրցակիցներին բանտերը լցնի։ Ընտրություններից հետո դա անելն անհամեմատ ավելի բարդ կլինի, որովհետև հունիսի 20-ից հետո՝ առնվազն մինչև ԿԸՀ կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, ուժայինները կարող են և չկատարել նրա հրամանները։

Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է բռնություններին ու քաղաքացիական պատերազմին։ Առավել ևս, որ նրա հիմնական գործընկերը այդ հարցերում բավականին փորձառու Դաշնակցությունն է։ Վերջին հաշվով՝ Քոչարյանի համար նույնպես սա բառիս բուն իմաստով կենաց-մահու հարց է, իսկ պարտության դեպքում նա հազիվ թե մնա ազատության մեջ։ Այլ հարց է, որ Քոչարյանին, հակառակը, ձեռնտու է, որ բախումները լինեն հունիսի 20-ից հետո։ Դրա համար էլ, մինչ Նիկոլ Փաշինյանն արագացնում է պրոցեսը, Քոչարյանն ուժեր է հավաքում հետընտրական «վճռական ճակատամարտի» համար։

Հնարավո՞ր է արդյոք խուսափել բախումներից ու զոհերից։ Տեսականորեն՝ այո, նույնիսկ մի քանի տարբերակներով։ Օրինակ՝ իրավապահները կարող էին մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող էր դադարեցնել քարոզարշավը, եթե անգամ դա չդադարեցվեր՝ առանց բացառության բոլոր լրատվամիջոցները կարող էին պայմանավորվել և դադարեցնել քարոզարշավի լուսաբանումը, և այլն։ Բայց հասկանալի է, որ գործնականում այս ամենն անհնար է։ Ու քանի որ «կողմերից» մեկը պատրաստվում է մարդկանց բախումների տանել մինչև հունիսի 20-ը, իսկ մյուսը՝ հունիսի 20-ից հետո, միակ ելքը մնում է այն, որ ժողովուրդն այդ հարցը լուծի ճիշտ հունիսի 20-ին։

Ինչ վերաբերում է ընտրությունները կեղծելուն, ապա Նիկոլ Փաշինյանի «ինչքան կուզեք՝ կխփեք»-ին մի խաբվեք։ Նա, իհարկե, կցանկանա կեղծել ընտրությունները, բայց կձախողվի։ Այնպես, ինչպես ձախողվել է բոլոր ոլորտներում, որտեղ հաջողելու համար կազմակերպչական գոնե նվազագույն ունակություններ են պետք։ 

Մարկ Նշանյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   946 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ