«Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է. «Օգտվելով առիթից` ուզում եմ անդրադառնալ նաև Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ ինձ, թե՛ Հայաստանին: Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իրեն հակառակորդ համարողի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլև համանախագահներն ու նրանց երկրների ղեկավարները:
Եթե ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա քեզ նվեր են մատուցել, որ և դու, և հայրդ, պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե ռազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում:
Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»:
«ՉԻ». Սերժ Սարգսյանի այս խոսքերի վերաբերյալ մի կարևոր հանգամանք կա, որը կցանկանայինք շեշտել:
Խոսքը Ալիևի հասցեին իր ասածների մասին չէ: Լավ է արել, ասել է: Ավելի կարևոր է իր այն արտահայտությունը, որ «եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը»:
Ժամանակն է նաև դա ասել, որ 2018-ի հեղափոխությունը չէր լինի, եթե Ղարաբաղի հարցը լուծված լիներ: Չլուծված կոնֆլիկտը 20 տարի Հայաստանն ու Արցախը հյուծել է տնտեսապես, ֆինանսապես, բարոյապես, քաղաքականապես և, ինչը պետք է շեշտել, Սերժ Սարգսյանի ասած դրսի ուժերի համար մեր երկրում պերմանենտ հեղաշրջումների, հեղափոխությունների, անկայունություն հրահրելու լուրջ լծակ չէր լինի: Այսինքն՝ այդ կոնֆլիկտը մեզ կախվածության մեջ էր դնում արտաքին խաղացողներից, գերտերություններից: Չլուծված կոնֆլիկտը պարարտ հող էր ստեղծում պոպուլիստների, շառլատանների, այսպես կոչված՝ «ոչմիթիզականների» համար, որոնք նույն այդ դրսի ուժերի աջակցությամբ տորպեդահարում էին հակամարտության խաղաղ կարգավորման ցանկացած գործընթաց: Խաղաղ կարգավորումը տարիների ընթացքում հավասարվեցվել էր դավաճանության: Եվ այդ գծից շեղվելը հղի էր իշխանություն կորցնելու վտանգով:
Եթե ժամանակին լուծված լիներ, Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում ինչքան ուզում էր գոռգոռար, թե Լավրովի պլանը դավաճանություն է, դաշնակներն իրենց ճղեին, որ արյունով վերցրած տարածքները չեն հանձնվում, բանի տեղ դնող չէր լինելու, էն քյարթու մտավորականներ, պապյան-մապյան, ասպարեզում անելիք չէին ունենա:
Մենք չենք բացառում, որ Սերժ Սարգսյանն իսկապես ցանկացել է լուծել հակամարտությունը: Հնարավոր է, հենց դրա համար էր Սահմանադրությունը փոխել, որ մնա, լուծի: Բայց արդեն ուշ էր: Որովհետև մեր պետական համակարգը, պետականությունն այնքան թուլացած էր, որ քարտե տնակի պես փլուզվեց և ասպարեզ եկան նոր շառլատաններ, որոնք նույն այդ Ղարաբաղի հարցը լավ էլ շահարկեցին, ոչ մի թիզը մի հատ նոր մակարդակի վրա խաղացրին ու ի վերջո, երկիրը հասցրին այս վիճակին: