...

«Օրհնված սհաթի» չեղարկման իրական մոտիվները

«Օրհնված սհաթի» չեղարկման իրական մոտիվները

Ռուսաստանի պաշտոնական շրջանակներն արդեն համարյա փողոցային բառապաշարով են խոսում Հայաստանի իշխանությունների մասին՝ հընթացս հայտարարելով, թե հետևություններ կանեն ՀՀ տարածքում հայ-ամերիկյան զորավարժությունների և Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու փաստերից։ Հետն էլ «բարեկամաբար» հիշեցնում են, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Հայաստանի իշխանություններն էլ, հայ-ամերիկյան զորավարժություններ կազմակերպելուց բացի, հետ են կանչում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչին, կոշտ մեղադրանքներ հնչեցնում Ռուսաստանի հասցեին, Աննա Հակոբյանն էլ մեկնում է Կիև և Ուկրաինայի համար մարդասիրական օգնություն տանում՝ հիմնականում ուսապարկեր (խոսքը ոչ թե ոչ թե ՔՊ-ական պատգամավորների, այլ իսկական ուսապարկերի մասին է)։ Իսկ հայ հասարակությունը երկու մասի է բաժանվել․ մի մասը ռուսներին է հայհոյում, մյուս մասը՝ նիկոլական իշխանություններին։

Փորձենք դուրս գալ պարզունակ լեզվակռվի տրամաբանությունից ու հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Երբ Ռուսաստանը համարյա փողոցային բառապաշարով մեզ զգուշացնում է Հայաստանի իշխանությունների հակառուսական դեմարշի «հնարավոր հետևանքների» մասին ու հետն էլ ակնարկում, որ հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է», առաջին հերթին, բնականաբար, նկատի ունի ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը։ Առավել ևս՝ սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական ուժերի կուտակումների վերաբերյալ տեղեկատվության ֆոնին։ Հարց՝ սա շանտա՞ժ է, «բլե՞ֆ», թե՞ իրական սպառնալիք։ Ամենայն հավանականությամբ՝ իրական սպառնալիք է։ Հաջորդ հարցը․ Ռուսաստանն այդ սպառնալիքն իրականություն դարձնելու շահագրգռվածություն և «գործիքակազմ» ունի՞, թե՞ ոչ։ Այո, շահագրգռվածություն ունի, որովհետև Հայաստանի «սանձերը քաշելու» ամենաուղիղ ձևն ադրբեջանական նոր ագրեսիան է, որպեսզի ՀՀ իշխանությունները, այս անգամ ոչ թե Ստեփանակերտը, այլ Սիսիանը կամ Վարդենիսը փրկելու համար, դիմեն Ռուսաստանին։ «Գործիքակազմին» էլ համոզելու կարիք առանձնապես չի լինի՝ նման հնարավորության են սպասում։ 

Հիմա անդրադառնանք Հայաստանի իշխանությունների քայլերին ու փորձենք դրանց մեջ տրամաբանություն գտնել։ Եթե իշխանությունները հետևողականորեն ձեռնարկում են շատ կոնկրետ քայլեր, որոնց ամենահավանական հետևանքը նոր պատերազմն է, դա կարող է ունենալ ընդամենը երեք բացատրություն։ Առաջին՝ նախապես պատրաստվել են այդ պատերազմին, երկրորդ՝ ինչ-որ ուժային կենտրոններից շատ ամուր երաշխիքներ կամ հավաստիացումներ են ստացել, որ ոչ մի պատերազմ էլ չի լինի, և երրորդ՝ ապուշ են։ Քննարկենք հերթով։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը նոր մասշտաբային պատերազմի։ Հազիվ թե։ Իշխանություններն իրենք են խոսում «11 հազար դասալիքների» ու 600 հազար «պոտենցիալ դասալիքների» մասին և տրտնջում, որ փող ունեն, բայց չեն կարողանում սպառազինություն ձեռք բերել։ Երկրորդ՝ որևէ ուժային կենտրոն երաշխիք տվե՞լ է, որ Հայաստանի դեմ նոր մասշտաբային պատերազմ չի սկսվի։ Հազիվ թե, բայց եթե անգամ նման «բանավոր հավաստիացում» լիներ, որևէ մեկը կհավատա՞ր դրան։ Վստահաբար՝ ոչ։ Այնպես որ՝ ուզենք, թե չուզենք, մնում է երրորդ տարբերակը, այն է՝ իշխանություններն ապուշ են։

Բայց այստեղ մի նրբություն կա․ նրանք ապուշ են միայն որպես իշխանություններ, այսինքն՝ որպես ինստիտուտ, որը պատասխանատու է պետության և ժողովրդի ապագայի համար։ Իսկ որպես անհատներ, որոնք պատասխանատու են բացառապես իրենց ընտանիքների ապագայի համար, բոլորովին էլ ապուշ չեն ու այդ տրամաբանության մեջ ամեն ինչ ճիշտ են անում։ Որովհետև երկիրը կործանելուց հետո ավելի լավ է քաղաքական ապաստան գտնել որպես հակառուս՝ բարեկեցիկ Արևմուտքում, քան որպես հակաարևմուտք՝ ռուսական որևէ հետամնաց ծայրագավառում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ