...

Ոռոգման ջրի պատճառով մարդկանց ապրուստը ջուրն է ընկնում

Ոռոգման ջրի պատճառով մարդկանց ապրուստը ջուրն է ընկնում

Ամառը մոտենում է, և հողօգտագործողները կրկին ոռոգման ջրի խնդրի առաջ են: Այս անգամ իրենց մտահոգությամբ մեր խմբագրություն են դիմել Արարատի մարզի Բաղրամյան համայնքի բնակիչները։ Նրանք նշում են, որ չեն կարողանում ոռոգել իրենց ցանքատարածքները և կանգնած են բերքը կորցնելու վտանգի առաջ: Ռազմիկ Բաղրամյանն օրինակ, նշում է, որ արդեն մայիս ամիսն է, բայց իր առվույտի դաշտն ու խաղողի այգիները հնարավոր չի եղել ոռոգել, իսկ մրգատու ծառերի տնկիները ստիպված է եղել ջրել տարաներով տեղ հասցրած ջրով: Բաղրամյանցի Արմանն էլ մտահոգված է ձմերուկի դաշտերի անջրդի վիճակով, վատ վիճակում է նաև նրա առվույտի դաշտը. «Եթե ուշացնեն ոռոգման ջուրը, բերքս կփչանա»,- համոզված է նա։ Գյուղացիները ահազանգում են, որ այդկերպ շարունակվելու դեպքում վնասներն անխուսափելի են դառնալու, և կատարած աշխատանքն ու սերմացուների համար տված գումարները ջուրն են ընկնելու:

Խնդիրը պարզաբանելու համար դիմեցինք «Արտաշատ» ՋՕԸ պետ Կարեն Բենիամինյանին, որը, ի պատասխան մեր հարցադրման, ասաց, որ Բաղրամյան համայնքում ոռոգման ջրի խնդիր չունեն։ «Տվեք անուն-ազգանուններ, ովքեր բողոքում են ոռոգումից... Երևի ջրբաշխները հերթ են սահմանել, նրանք էլ իրենց հերթին չսպասելով՝ բողոքում են»,- հայտարարեց ՋՕԸ պետը: Բաղրամյանցիներին, սակայն, անասելի զայրացրեց ՋՕԸ պետի պատասխանն ու ՋՕԸ աշխատակիցների կամայական աշխատանքը: «Եթե դժգոհների անուններ են ուզում, մի ամբողջ գյուղի ցուցակը կտանք, բայց էդ ցուցակից նրանք դժգոհողներին ուղղակի սև ցուցակ կգցեն։ Մենք կգնանք Ջրպետկոմ և մարզպետարան, թող տեսնեն՝ ովքեր են բողոքողները, եթե դա հարցին կօգնի»,- ասացին նրանք: Բաղրամյանցիները պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել մարզպետարանի ու Ջրպետկոմի դիմաց՝ չնայած հավատացած չեն, թե հարցի լուծման ուղղությամբ որևէ տեղաշարժ լինելու է:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ