...

Ովքե՞ր են ամենահաճախը պնդում, որ իրենք հիմար չեն

Ովքե՞ր են ամենահաճախը պնդում, որ իրենք հիմար չեն

Հայ հասարակությունը հերթական անգամ շոկի մեջ է, այս անգամ՝ «հավաստի աղբյուրի» հրապարակումների պատճառով։ Խնդիրը Նիկոլ Փաշինյանի «բացահայտումների» բովանդակությունը չէ, առանձին վայրիվերումները չհաշված՝ նա ընդհանուր առմամբ ճիշտ է ներկայացնում, թե իրականում Հայաստանից ինչ են ուզում Ադրբեջանը, Ռուսաստանը և այլն, բայց հասարակության շատից-քչից մտածող հատվածի համար այդ ամենում որևէ նորություն չկա։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրապարակում դրանք՝ Հայաստանը դարձնելով «լեգիտիմ թիրախ» առանց բացառության բոլոր կողմերից։ 

Կարելի է, իհարկե, ենթադրել, որ նա մինչև հոգու խորքը վիրավորվել էր դեռևս մեկուկես տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի արած այն դիտարկումից, թե Նիկոլը «երևի չի էլ հասկանում, թե ինչ են ուզում իրենից», ու հիմա որոշել է ցույց տալ, որ լավ էլ հասկանում է։ Բայց այդպիսով նա հայտնվել է այն տկարամիտ աշակերտի վիճակում, որին կանչում են գրատախտակի մոտ, ինչ-որ վարժություն գրում ու հանձնարարում գտնել x-ը, իսկ նա երկար ժամանակ ծոծրակը քորելով նայում է գրատախտակին ու վերջապես մատով ցույց տալիս՝ «հե՛սա x-ը»։ Համաձայնվեք՝ աշակերտի ասածի մեջ սխալ բան չկա, բայց նրանից ա՛յլ բան էր ակնկալվում։ Իսկ աշակերտի այդ պահվածքը միայն նրա ընտանիքի անդամներին է մտահոգում, մյուսներն ընդամենը անկեղծորեն ծիծաղում են։ Ի վերջո՝ ամեն օր չէ, որ միջազգային «գրատախտակի մոտ» նման կոմիկական իրավիճակներ են ստեղծվում։

Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանի «բացահայտումներն» այն մասին են, որ արտաքին խաղացողների նպատակը ոչ թե Հայաստանին օգնելն է, այլ Հայաստանի ծանր վիճակից օգտվելով՝ իրենց համար առավելագույն շահ պոկելը։ Ու նա երևի ինքն իրենից անասելի գոհ է, որ վերջապես հասկացել է դա, և հրապարակավ պարծենում է դրանով։ Պատկերացրեք՝ ջահել աղջկան գայթակղիչ խոստումներով աշխատանքի են հրավիրում արտասահման, տեղ հասնելուն պես խլում անձնագիրը, սենյակ տրամադրում մոթելում, ծանոթացնում մաշկավեներոլոգի հետ, բացատրում, թե ինչպես պիտի սպասարկի հաճախորդներին, ու նա հանկարծ հպարտ-հպարտ ասում է «մտածում եք՝ չգիտե՞մ, թե ինձանից ինչ եք ուզում, լավ էլ գիտեմ»։ Բայց որևէ մեկը հաստատ չի պատասխանի՝ «ա՛յ ապուշ, բա որ գիտես՝ ինչո՞ւ կուլ տվեցիր խայծը»։ Հակառակը՝ կասեն «մի՛ լարվիր, թուլացիր, պետք չէ այդքան մռայլ նայել ապագային, ամեն ինչ լավ կլինի, ոչ առաջինն ես, ոչ վերջինը, իսկ մի 20-30 տարի հետո ահագին խնայողություններ կունենաս, նորմալ կապրես», և այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանի թեթևամտության արդյունքում Հայաստանի հետ հենց դա է տեղի ունենում, իսկ նա որպես «հավաստի աղբյուր» պարծենում է, որ ամեն ինչ շատ լավ հասկանում է։ 

Ըստ էության՝ նրա այս «բացահայտումները» միայն մի դրական արդյունք կարող են ունենալ։ Հետագայում՝ դատարանի առջև կամ «գնդակահարության պատի տակ» կանգնելով, նա չի կարող արդարանալ, թե իբր չէր գիտակցում, թե ինչ է անում։ Չէր գիտակցում՝ թող բարի լիներ «հավաստի աղբյուրի» հրապարակումները կարդալ ու գիտակցել։ Իսկ եթե գիտակցում էր՝ ուրեմն իսկապես էլ ազգակործան պատուհաս է ու գիտակցաբար է երկիրը տարել կործանման։ 

Հ․ Գ․ Պետության ծանր վիճակն ու առկա ռիսկերը նկարագրելն ընդդիմության ու «փորձագիտական հանրույթի» գործն է, իսկ պետության ղեկավարի գործը պիտի լիներ երկիրն այդ ծանր վիճակին չհասցնելը, իսկ եթե արդեն հասցրել է՝ սուսուփուս հեռանալն ու դատաստանին սպասելը։ Բայց մենք, ցավոք, գործ ունենք ոչ թե պետության ղեկավարի, այլ Նիկոլ Փաշինյանի հետ։ Որը 4 տարի շարունակ հնարավոր ամեն ինչ կործանելուց հետո դեռ հանդգնություն ունի ինքն իրենից գոհ հայտարարել, թե վերջապես գտել է x-ը։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1612 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ