...

Պարետի երազը

Պարետի երազը

Օրվա վերջն է, լրատվամիջոցների գրավորներն է ստուգում: Տետրերը վերցնում է, դնում առաջը: Վերցնում է վերևի տետրն ու բացում. «Իտալիայում կորոնավիրուսի պատճառով փողոցները դատարկ են, Հռոմի Պապն էլ օնլայն է պատարագ մատուցում: Բայց իտալական ընդդիմության առաջնորդ Ջանպաոլո Ալբերտինին CNN-ի հետ զրույցում պնդել է, որ իշխանությունները թաքցնում են զոհերի թիվը... Արամ Աբրահամյան»: «Արա՛, էս տղուն մեռա բացատրելով, որ սենց խուճապահարույց բաներ չգրի, «2» եմ նշանակում»:

Հաջորդը Մարինա Խաչատրյանի տետրն է. «Կորոնա, նշանակում է՝ թագ: Այսինքն, այս վիրուսը թագավորական ծագում ունի: Այսինքն, սա ամերիկացիներն են սարքել, որ աշխարհը զավթեն ու նստեն թագավորական գահին: Նիկոլի պիջակի կոճակների վրա էլ հրեական աստղ է նկարած...»: «Սա որ կորոնավիրուսի ռաստ գա, խեղճ վիրուսն ա 14 օր կարանտինի գնալու»,- հոգոց է հանում ինքը ու «2» նշանակում:

Վերցնում է բժիշկ Արտավազդ Սահակյանի տետրը. «Մենք հրաշալի պարետ ունենք: Նա իմ սիրելի պարետն է: Ամբողջ օրը մտածում է ազգի մասին, կաշվից դուրս է գալիս, որ հայերը իրենց լավ զգան, հիանում եմ նրա իմաստուն քաղաքականությամբ...»: «Սա ինձ ձե՞ռ է առնում: Որտե՞ղ է տեսել իմ իմաստնությունը: Սրան չեմ թողնելու, որ գրավոր գրի»,- ջղայնանում է ինքը ու պատռում Արտոյի տետրը:

Մի ուրիշ տետր է բացում. «Գարունը բացվում է իր բոլոր երանգներով: Հիասքանչ առավոտ, հյութեղ կեսօր, կայտառացնող ցերեկ, ռոմանտիկ երեկո: Հայաստանը կանգնած է խոստումնալից հորիզոնների առջև, մարդկանց ջերմացնող հոգիները սավառնում են հայկական երկնակամարում...»: «Հրաշալի է, էս ո՞վ է գրել: Սոֆյա՞ն: Ապրի, «5», մենակ էն ջերմացնող հոգիների պահը ջնջեմ, թե չէ ժողովուրդը կմտածի, թե մարդիկ ջերմություն ունեն, պանիկա կսկսվի»:

Այդ պահին Հ1-ով վարչապետին են ցույց տալիս. «Օր 25-րդ: Ժողովուրդ ջան, սաղ լավ է, այսօր վարակվել է ընդամենը 12 հոգի և չի վարակվել 2 միլիոն 967 հազար 841 մարդ: Վարակի աճի տեմպերը հուսադրող են, Ադրբեջանին ու Վրաստանին ծալած ունենք»: «Էս պանիկյորն ով ա՞»,- զայրանում է ինքն ու բջջայինով զանգում Հ1: Ու հանկարծ նկատում է, որ սեղանին դրած հեռախոսին է զանգել: «Լավ չեմ»,- ձեռը ճակատին է դնում ու ջերմություն զգում: 

Արթնանում է Շենգավիթ-Էջմիածին երթուղային տաքսիում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ