...

Պարտության պատճառները 2․ ներքաղաքական

Պարտության պատճառները 2․ ներքաղաքական

Արցախյան պատերազմում մեր պարտության երկրորդ հիմնական պատճառը պետք է փնտրել ներքաղաքական դաշտում։ Քաղաքական ուժերից յուրաքանչյուրն արցախյան խնդիրն ընկալում էր ոչ թե որպես պրոբլեմ, որը պետք է լուծել ուժերի համախմբմամբ, այլ որպես փայլուն հնարավորություն, որը թույլ կտա հայրենասիրական պաթոսով լվանալ մարդկանց ուղեղները, ինքնահաստատվել մյուս ուժերի վրա, այդ պատրվակով «դրսից փող կպցնել» և այլն, ու տասնամյակներ շարունակ հենց այդ քարոզչությունն էլ իրականացվում էր։

Նախ՝ խեղաթյուրվեց պատերազմի առաջին փուլում մեր տարած հաղթանակը։ Հետևողական քարոզչությամբ հանրային գիտակցության մեջ արմատավորվեց այն միտքը, թե իբր դա առանձնապես բարդ բան չէր (ախպեր, մի քանի «Նիվով» ցելի ռայոն էինք գրավում), ադրբեջանական բանակ չկար («ոչխարների պես փախնում էին»), ռուսները մեզ լավ էլ օգնում էին, և այլն։ Սա արվում էր, որովհետև միաժամանակ և՛ շոյում էր շարքային «հայու գենի» ազգային սնապարծությունը, և՛ հնարավորություն էր տալիս նսեմացնել իշխանությունների դերակատարումն ու նույնիսկ մեղադրել նրանց դավաճանության մեջ՝ որ «կարային հասնեին Բաքու, բայց չարեցին»։ Փոխարենը քարոզչական տաբու էր դրված մի շարք հարցերի վրա, օրինակ՝ բա եթե «բանակ չունեին ու ոչխարի նման փախնում էին», ինչպե՞ս 1992-ի ամռանը գրավեցին Արցախի 40 տոկոսը, ինչպե՞ս հրադադարից ամիսներ առաջ վերադարձրեցին Հորադիս կայարանը, ինչո՞ւ էր մեր զինվորական հրամանատարությունը 1994-ի մայիսին նախագահին տեղեկացնում, որ եթե ադրբեջանական կողմը հաշված օրերի ընթացքում հրադադար չխնդրի՝ մենք ենք ստիպված լինելու խնդրել, և այդպես շարունակ։ 

Հետո խեղաթյուրվեց ղարաբաղյան հակամարտության բուն իմաստը։ Դա ներկայացվում էր ոչ թե որպես հայաբնակ երկրամասի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր, այլ որպես զենքի ուժով պատմական արդարության գլոբալ վերականգնման ընդամենը առաջին քայլ, այլ կերպ ասած՝ «Դեռ ճամփա ունենք, պիտ հասնինք Սասուն, մեր քույր-եղբայրներ մեզ են ը՛սպասում»։ Ու դա հիմնավորելու համար սկսեցին մարդկանց ուղեղները լվանալ «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» միֆով։ Դա նույնպես շոյում էր շարքային հայ քաղքենու ազգային սնապարծությունը և ամրապնդվում «կիլդիմ» մուլտերով, ու որևէ մեկը գոնե մտքում ինքն իրեն հարց չէր տալիս՝ բայց չէ՞ որ տարածաշրջանում 6 բանակ կա (հայկական, ադրբեջանական, վրացական, ռուսական, թուրքական, իրանական), մի՞թե մեր բանակն իսկապես ամենամարտունակն է։

Պատերազմի էությունը խեղաթյուրելուց հետո, բնականաբար, պիտի խեղաթյուրվեր նաև խաղաղության էությունը, այսինքն՝ խաղաղությունը ներկայացվեր որպես ձախողում։ Դա արվում էր և՛ ուղղակիորեն, և՛ անուղղակիորեն։ Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ առիթով ասել էր, որ մինչև ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի՝ «Սերգո ջանը» լավ չի ապրելու, ու արդեն 25 տարի է տեղից վեր կացողը հնարավոր բոլոր քարոզչամիջոցներով հայտարարում է, թե իբր նա ասել է «մինչև Ղարաբաղը չտանք՝ լավ չենք ապրելու»։ Այսինքն՝ 25 տարի շարունակ հանրային գիտակցության մեջ արմատավորում են այն միտքը, թե իբր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելն ու Ղարաբաղը հանձնելը նույն բանն է։ Բնականաբար՝ նման տխմար քարոզչությամբ սնված հասարակությունը պիտի ենթագիտակցորեն զզվեր կարգավորման ցանկացած տարբերակից, հետևաբար՝ նաև միջազգային հանրությունից, որը խոսում էր կարգավորման անհրաժեշտության մասին, ցանկացած քաղաքական ուժից կամ անհատից, ով կփորձեր խոսել միջազգային հանրության համար հասկանալի լեզվով, ու այդ հասարակության ստորին բնազդների վրա հենվելով իշխանության եկած ցանկացած պոպուլիստ, բնականաբար, պիտի վախենար արժանապատիվ խաղաղության ուղղությամբ որևէ կոնկրետ քայլից։

Մարկ Նշանյան

Շարունակելի։

Սկիզբը՝  Պարտության պատճառները  1․ աշխարհաքաղաքական

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2304 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ