...

Պատահական մարդու կադրային քաղաքականությունը

Պատահական մարդու կադրային քաղաքականությունը

Ոչ բռնի, թավշյա խեղկատակությունից ավելի քան չորս տարի է անցել, բայց մարդիկ առ այսօր չեն կարողանում հասկանալ, թե ի վերջո ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականության հարցում։ «Բարեկամ-հարազատ-ընկեր-ազիզ ախպեր» սկզբունքը հասկանալի է, բայց պաշտոններն անհամեմատ ավելի շատ են, քան այդ կատեգորիայի մարդիկ, հետևաբար՝ այլ սկզբունքներ էլ են պետք։

Դրանցից մի քանիսն ակնհայտ են։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը կարող է իրենց գյուղի ճանապարհին «մանղալով բեսեդկա» դրած ու «պլյուսով աշխատող» ինչ-որ մեկին նշանակել իր գլխավոր խորհրդական, «հայի-թուրքի-վրացու մասին» հաջող անեկդոտ պատմողին դարձնել տարածաշրջանային ինտեգրացիայի հարցերով գլխավոր փորձագետ, պատահաբար ազնվամորու հաջող բերք ստացածին կարգել ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի համակարգող, և այլն։ Սա «ժողովրդի ծոցից ելած» և մեծ հաշվով՝ անգրագետ մարդու սովորական արհամարհանքն է կրթված մարդկանց և ընդհանրապես՝ գիտության նկատմամբ։ Համ էլ իր մեջ արևելյան բռնապետության ռոմանտիզմ է պարունակում՝ Հարուն ալ-Ռաշիդի ու Խոջա Նասրեդդինի ինչ-որ անհասկանալի հիբրիդի տեսքով։

Հաջորդ սկզբունքը գյուղացի մարդու հիացմունքն է «աշխարհ տեսած» ու դրսերում ինչ-որ բաների հասած մարդկանց հանդեպ։ Այդպես ինչ-որ մեկը կարող է նրան պատմել, թե ինչպես են, օրինակ, Պորտուգալիայում նարինջ աճեցնում, Նյու-Յորքի սրճարաններում արգելում ծխելը կամ Նորվեգիայում վերահսկում բանկային համակարգը, և անմիջապես նշանակվել տվյալ ոլորտի պատասխանատու։ Սա նաև քարոզչական տեսանկյունից է շահավետ՝ կարելի է տպավորություն ստեղծել, թե մարդը չի սահմանափակվում միայն իր կուսակցական թիմով և օգտագործում է «աշխարհասփյուռ հայության» ներուժը։ Բայց դեգրադացիան, որպես կանոն, շատ արագ է լինում, և արդյունքում՝ աշխարհահռչակ Դարոն Աջեմօղլուի փոխարեն Հայաստան է գալիս, ասենք, Կոպենհագենի օդանավակայանում մի քիչ աշխատած «սիրուն աղջիկը», Սերժ Թանկյանի «նշաձողն իջեցվում է» մինչև Սպիտակցի Հայկո, և այսպես շարունակ։

Երրորդ սկզբունքը հետևյալն է՝ առանցքային, բայց ոչ պաշտոնական դիրքերում (լոյալ ընդդիմություն, «բարեխիղճ գործարարներ» և այլն) պիտի լինեն բացառապես անսկզբունք և վախկոտ մարդիկ։ Անսկզբունք, որպեսզի հավանություն տան իր ցանկացած, նույնիսկ՝ ամենատխմար գաղափարին, եթե անգամ այդ գաղափարը օրը մի քանի անգամ փոխվի, և վախկոտ, որպեսզի ինքը կարողանա ցանկացած պահի ուզածի պես նվաստացնել նրանցից յուրաքանչյուրին, ու նրանք ծպտուն չհանեն՝ վախենալով դուրս մնալ կոմֆորտի գոտուց ու կորցնել ունեցածը։ Արամ Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Խաչատուր Սուքիասյան․․․ Ցանկն ինքներդ շարունակեք։ Սրանցից որին Նիկոլն «ուղարկի սառը պիվի»՝ վազելով կգնան, իսկ իրեն հենց դա է պետք։ Ո՞ւմ են պետք սկզբունքներ և արժանապատվություն ունեցողներն ու նրանք, ովքեր չեն վախենում կորցնել ունեցածը, դրանք միայն ավելորդ գլխացավանք են։

Ահա այս սկզբունքներով էլ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր կադրային քաղաքականությունը, «կադրերն» էլ հնազանդության դիմաց իրավունք են ստանում «շեֆի աչքից հեռու» պարգևավճարներ ստանալ, ինչ-որ բան թռցնել, նախկինների թալանի ինչ-որ մասն իրենցով անել, կանեփից-բանից աճեցնել, և այլն։ 

Իսկ դուք ասում եք՝ սկզբունքներ չկան։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1356 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ