...

Պայքար հանուն Անկախությա՞ն, թե՞ հանուն լափամանի

Պայքար հանուն Անկախությա՞ն, թե՞ հանուն լափամանի

Ընդդիմությունը հայտարարում է, թե այս օրերին Հայաստանում ծավալված բողոքի ահռելի ալիքի նպատակն առաջին հերթին Արցախը փրկելն է։ Սա, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ․ Արցախն այլևս չկա, ոչնչացված է։ Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե հայտարարեին, որ իրենց հիմնական նպատակն Արցախը ոչնչացնելու համար օրվա իշխանություններին պատժելն է ու բոլոր մեղավորներին «գնդակահարության պատի տակ շարելը»։ Հավատացեք՝ այդ դեպքում տասնապատիկ ավելի շատ մարդ դուրս կգար փողոց։

Իշխանություններն էլ իրենց հերթին են մոլորեցնում հասարակությանը՝ հարցն այնպես ներկայացնելով, թե իբր կառչած են մնում աթոռներից ոչ թե սեփական կաշին, այլ Հայաստանի ինքնիշխանությունը կամ անկախությունը փրկելու համար։ Այ այստեղ՝ ավելի հանգամանորեն։

Ինքնիշխանությունը վերացական հասկացություն չէ, ինքնիշխանությունը լինում է երկու տեսակի՝ դե յուրե և դե ֆակտո։ Հետևաբար՝ արժե քննարկել առանձին-առանձին։ 

Դե ֆակտո (փաստացի կամ իրական) ինքնիշխանությունն այն է, երբ որևէ պետություն կարողանում է իր առջև դնել այնպիսի նպատակներ, որոնց կարող է հասնել բացառապես սեփական ուժերով, և այդպիսով ի վիճակի է լինում մերժել այլոց ձեռքին գործիք դառնալու ցանկացած, նույնիսկ՝ շատ գայթակղիչ թվացող, առաջարկ։ Այս իմաստով՝ Հայաստանն իր փաստացի ինքնիշխանությունից զրկվել է դեռևս 26 տարի առաջ, երբ բաց է թողել սեփական խնդիրները «սեփական վերմակի չափով» լուծելու շանսը և հավատացել (կամ՝ ձևացրել, թե հավատում է), որ այլոց օգնությամբ կարող է «սեփական վերմակի չափերից» շատ ավելին ստանալ։ Որովհետև եթե մեկն իր առջև այնպիսի նպատակ է դնում (ընդ որում՝ «անսակարկելի նպատակ»), որին կարող է հասնել բացառապես ուրիշի օգնությամբ, դրանով իսկ իր ինքնիշխանությունը կամովին հանձնում է այդ «ուրիշին»։ Այնպես որ՝ նիկոլական ուսապարկերն այսօր հուսահատ կատաղությամբ Հայաստանի փաստացի ինքնիշխանությունը չէ, որ պաշտպանում են։ Հնարավոր չէ պաշտպանել այն, ինչն արդեն 26 տարի է՝ չկա։ Ոչ էլ հնարավոր է ուրիշների օգնությամբ վերադարձնել 26 տարի առաջ կորցրածը, որովհետև այդ դեպքում ոչ թե փաստացի ինքնիշխանությունը կվերականգնվի, այլ ընդամենը կփոխվի «ուրիշը»։

Իսկ գուցե իշխանությունները Հայաստանի ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե՞ ինքնիշխանությունն են պաշտպանում։ Այսինքն՝ պայքարում են, որպեսզի Հայաստանը գոնե ձևականորեն շարունակի մնալ որպես ՄԱԿ անդամ անկախ պետությո՞ւն։ Ոչ, դա էլ է կեղծիք։ Հայաստանում ով էլ գա իշխանության, նույնիսկ՝ Նիկոլից «բեթար» մի պատուհաս (թեև անգամ տեսականորեն նման բան պատկերացնելը բարդ է), միևնույն է՝ Հայաստանը ձևականորեն շարունակելու է մնալ ՄԱԿ անդամ անկախ պետություն։ Որովհետև դա ամրագրված է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածով, 203-րդ հոդվածով էլ ամրագրված է, որ առաջին հոդվածը փոփոխման ենթակա չէ՝ նույնիսկ հանրաքվեով։ Այսինքն՝ Հայաստանը մնալու  է դե յուրե անկախ պետություն, եթե անգամ հերթական «11-րդ կարմիր բանակը» մտնի Հայաստան ու նախագահ կարգի որևէ պայմանական «Մարգարիտա Սիմանյանի»։ Կրկնում ենք՝ խոսքը դե յուրե անկախության մասին է։

Այսպիսով՝ նիկոլական իշխանությունը ստում է, երբ սեփական կերակրատաշտի համար կենաց-մահու պայքարը ներկայացնում է որպես պայքար հանուն Հայաստանի անկախության։ Իրական անկախությունը մենք վաղուց ենք կորցրել, իսկ ձևական անկախությունից մեզ զրկել որևէ մեկը չի կարող։ Հետևաբար՝ իրականում խոսքն այն մասին է, թե ի՞նչ տարածքի վրա ենք պահպանելու մեր անկախությունը, թեկուզ՝ ձևական։ Ընդ որում, այստեղ նույնպես որևէ պատուհաս իրավասու չէ որոշել՝ «արտատարածքային միջանցք» տա՞, թե՞ չտա, որովհետև ՀՀ Սահմանադրությունը դա նույնպես արգելում է։

Բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ