...

Փոթորիկ՝ օրեցօր դատարկվող բաժակում

Փոթորիկ՝ օրեցօր դատարկվող բաժակում

«Ընդդիմության առաջնորդ» (մեղա-մեղա) Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացնելու, որ իրենց համար անընդունելի է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եվրոպացի պաշտոնյաներն էլ ի գիտություն են ընդունել դա ու նույնիսկ լուսանկարվել հետը։ Ու դեռ կան մարդիկ, որոնք այսքանից հետո համարձակվում են ասել, թե դիմադրության շարժումը ձախողվել է։ Ի՞նչ ձախողում, կարևորը՝ հասարակությունը զարթնել է, «հերթական կապիտուլյացիան» էլ առժամանակ կասեցվել է։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ներքաղաքական գզվռտոցի այս փուլում Նիկոլը հաղթել է, դիմադրության շարժումը՝ պարտվել։ Որովհետև Նիկոլի միակ նպատակն իշխանությունը պահպանելն էր՝ պահպանեց, ընդդիմության միակ նպատակն իշխանությունը վերցնելն էր՝ չկարողացավ։ Վերջ, մնացածը հեքիաթներ են։ Ու որևէ նշանակություն չունի, թե ով պաշտոնից կամ մանդատից հրաժարվեց, ով ում քանի մեդալ կամ գեներալի կոչում նվիրեց, և այլն։

Չէ՞ որ Նիկոլն այդ մեդալներն ու կոչումները տալիս էր ոչ թե պետությանը, այլ անձամբ իրեն ծառայելու համար, ընդդիմությունն էլ խորհրդարանական պաշտոններից հրաժարվում էր ոչ թե պետությանն օգուտ տալու, այլ Նիկոլին վնասելու համար։ 

Ավելին՝ դիմադրության շարժման բուռն, բայց անփառունակ գործունեության արդյունքում Նիկոլի դիրքերը նույնիսկ ամրապնդվեցին։ Նրանց տուն ճամփելուց հետո մարդը հրապարակավ կանգնեց ասաց՝ հա, Բերձորն էլ եմ հանձնելու, Աղավնոն էլ, Սուսն էլ, բան ասող կա՞։ Պարզվեց՝ չկա, որովհետև «ասելու» նպատակն իշխանափոխությունն էր, եթե չստացվեց՝ ասում են, որ ի՞նչ անեն։ Դրանից հետո Նիկոլն ավելի ազատորեն սկսեց ամրապնդել իր միանձնյա իշխանությունը՝ նոր դատախազ, ԲԴԽ, սոցկայքերի խիստ հսկողություն․․․ Եվ այս ամենը, ի դեպ, արվում է ոչ այնքան ընդդիմությանը, որքան իշխանությունների ներսում պոտենցիալ «կոնկուրենտներին» զսպելու համար։ Որպեսզի հանկարծ վանքի հավերը գողացող ուշիմ սարկավագի հայացքով որևէ Ավինյանի կամ ինքն իրեն տարածաշրջանի ամենալիբերալ օլիգարխը համարող որևէ Գռզոյի մտքով չանցնի «խաղեր տալ» ու խլել իշխանությունը։ Բա իհարկե, Քոչարյանից ու դաշնակներից ի՞նչ ունի վախենալու, թիկնազորը կուժեղացնի, և վերջ, իսկ ահա իր թիմի «կորեյկոներից» վախենալ հաստատ պետք է։ 

Նման վիճակ էր նաև դիմադրության շարժման մեջ։ Առերևույթ նրանք պայքարում էին «Նիկոլ-դավաճանի» դեմ, բայց ավելի շատ իրար դեմ էին պայքարում՝ հանուն լիդերության, և ի վերջո մի քանի մասերի բաժանվեցին։ Տեսած կա՞ք, որ հանուն հայրենիքի փրկության պայքարողները տակից իրար կոկորդ կրծեն։ Չի լինում այդպիսի բան։ Իսկ հանուն իշխանության պայքարը՝ հակառակը, առանց դրա՛ չի լինում։

Իսկ հիմա «ներքաղաքական» այս գզվռտոցի ֆոնին տեսեք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Մեր դեմ նոր պատերազմ է նախապատրաստվում, մեզ վրա ծիծաղելով՝ բացահայտորեն «ղումար են խաղում» մեր ունեցածի վրա ու փորձում առավելագույնը պոկել, օղակը սեղմվում է, իսկ մեզանում դիմադրություն չկա, կամք չկա, խելքը գլխին ծրագիր չկա, անգամ դրա անհրաժեշտության գիտակցումը չկա․․․ «Քաղաքական օրակարգն» էլ վառվող ամբարում շաքարի վերջին կտորի համար կռվող մկների իրարանցումն է։ Հասկանալի է՝ հանդիսատեսների բուռն վանկարկումների ներքո։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4547 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ