...

Պուճուր մարդու մեծ բարդույթները

Պուճուր մարդու մեծ բարդույթները

Դեռևս մեկուկես-երկու տարի առաջ էինք արձանագրել մի օրինաչափություն՝ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ձախողումները ներկայացնում է որպես մեզ համար ձեռնտու զարգացումներ, իսկ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի պահանջները՝ համարյա որպես «Հայաստանի շահերից բխող» առաջարկներ։ Նիկոլական իշխանությունների այդ պահվածքը նույնիսկ հայտնի անեկդոտի իրավիճակին էինք նմանեցրել, երբ ընկերն ընկերոջը հարցնում է՝ «հը, ո՞նց էր, հո կինդ շատ աղմուկ չբարձրացրե՞ց, որ երեկ շատ ուշ էիր տուն գնացել», սա էլ ասում է «չէ, ամեն ինչ նորմալ էր, էս էրկու ատամներս ես սենց թե նենց պիտի քաշել տայի»։ Բայց ճիշտն ասած՝ այն ժամանակ չէինք պատկերացնում, որ այս պահվածքն անվերջ կշարունակվի, որովհետև միամտաբար կարծում էինք, թե այնուամենայնիվ գոյություն ունի «ատամների նվազագույն քանակ», որին հասնելուց հետո անպայման կդադարեցվի այդ «քաղաքականությունը»։

Ցավոք՝ սխալվում էինք․ իշխանություններն առ այսօր «շարունակում են հավատարիմ մնալ» այդ սկզբունքին ու Ադրբեջանի բոլոր, այդ թվում՝ բացարձակ անտրամաբանական ու լկտի պահանջները ոչ միայն կատարել կամ կատարելու պատրաստակամություն հայտնել, այլև հարցը ներկայացնել այնպես, թե իբր Ադրբեջանը կապ չունի, այդ ամենը ՀՀ շահերից է բխում, հետևաբար՝ հենց իրենք էլ նախաձեռնում են դրանք։ 

Օրինակները շատ են։ Ասենք՝ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը մեկառմիշտ հրաժարվի Արցախից ու այլևս այդ թեմայով չխոսի, և իշխանություններն անմիջապես հայտարարում են, թե Հայաստանն իր 29,8 հազար քկմ տարածքից դուրս որևէ հավակնություն չունի և երբեք չի ունենալու, որովհետև դա բխում է ՀՀ շահերից։ Ադրբեջանը (մեծ հավանականությամբ՝ Թուրքիայի հետ համատեղ) պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, որի նախաբանում և՛ Ցեղասպանությունն է հիշատակվում, և՛ իբր քողարկված տարածքային պահանջներ կան, ու մեր իշխանություններն անմիջապես հայտարարում են, թե նոր Սահմանադրություն ունենալը Հայաստանի շահերից է բխում։ Պահանջում են փոխել պետական խորհրդանիշները, և իշխանություններն անմիջապես հայտարարում են, թե մեր օրհներգն ու զինանշանն ահավոր վատն են, «ոչ մի բանի մասին են», և այլն։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է չվերազինվել ու չվերականգնել բանակը, և Նիկոլ Փաշինյանն անմիջապես հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ վերահսկել մեր սպառազինությունը, որովհետև դա, իբր, մեր շահերից է բխում (կվերականգնի փոխվստահության մթնոլորտը)։ Ադրբեջանը հայկական վերահսկողությունից դուրս «միջանցք» է պահանջում, ու Հայաստանից անմիջապես տեսակետ է հնչում, թե պատրաստ ենք «դյուրացնել փոխադրումները», որովհետև դա Հայաստանի շահերից է բխում (հաջորդ «դյուրացումը» երևի այն կլինի, որ Հայաստանը կխնդրի ընդամենը նախապես օնլայն եղանակով տեղեկացնել փոխադրումների մասին)։ 

Մի խոսքով՝ ըստ Նիկոլ Փաշինյանի ստացվում է այնպես, որ Ադրբեջանի բոլոր պահանջները «բխում են Հայաստանի Հանրապետության շահերից»։ Իսկ թե ինչու է նա այդպես ներկայացնում՝ հասկանալի է․ որովհետև այդ դեպքում կկարողանա ընտրողների առջև արդարանալ, թե իբր ինքը ոչ թե Ալիևի պահանջներն է կատարում, այլ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության շահերով։ Պարզ ասած՝ գործում է հանուն սեփական վարկանիշի (որպեսզի իրեն դավաճան չասեն)։ Իսկ դա լրջագույն վնաս է հասցնում Հայաստանի պետական շահերին։ Որովհետև մի՛ բան է, երբ սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանն ուղերձ ես հղում, թե «Ադրբեջանի պահանջներն անարդարացի են, բայց մենք, որպես պարտված կողմ, ստիպված ենք ընդունել դրանք, հակառակ դեպքում նոր ագրեսիայի կենթարկվենք», և բոլորովին այլ բան, երբ ասում ես «այո, Ադրբեջանի պահանջներն ընդունելի են, որովհետև բխում են նաև մեր շահերից»։ Այս դեպքում դու փաստացի ընդունում ես, որ հայ հասարակությունը, այո, «հիվանդ է» ու 3 հազար տարի շարունակ «հիվանդ է եղել», և Ադրբեջանն ու Թուրքիան ճիշտ են անում, որ մեզ «բուժում են», ընդ որում՝ այնպես, ինչպես «հոգեկան հիվանդներին» են զոռով բուժում․ թևերը ոլորելով, զսպաշապիկ հագցնելով ու հարկադրաբար դեղեր խմացնելով։

Իսկ ամենաահավորն այն է, որ սա արվում է ընդամենը հանուն նրա, որ հանկարծ պատահաբար իշխանության հասած ինչ-որ պուճուր մարդու վարկանիշը չտուժի։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ