...

Փրկիչներից փրկվելու ժամանակը

Փրկիչներից փրկվելու ժամանակը

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ինչ-որ առիթով հայտարարեց, թե մոտավորապես տեղյակ էր, որ Ադրբեջանը հարձակվելու է, բայց ճշգրիտ օրն ու ժամը չգիտեր։ Հետաքրքիր է՝ իսկ Արցախի դեմ իրականացված «լոկալ հակաահաբեկչական գործողության» մասին նախապես տեղյա՞կ էր, թե՞ Ադրբեջանը միայն Ռուսաստանին էր տեղյակ պահել, և եթե միայն Ռուսաստանին էր տեղյակ պահել՝ Պուտինն իր հերթին նախապես տեղեկացրե՞լ էր Նիկոլին, թե՞ «խռոված էր»։ Իսկ եթե տեղեկացրել էր՝ Նիկոլն իր հերթին տեղեկացրե՞լ էր Արցախի իշխանություններին, թե՞ ինքն էլ նրանցից էր «նեղացած», որովհետև շաբաթներ առաջ առանց իրեն հարցնելու Ստեփանակերտում հեղաշրջում էին արել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վաղ թե ուշ ստացվելու են, ու ըստ այդմ էլ իդենտիֆիկացվելու են նորօրյա թալեաթները, էնվերներն ու ջեմալները։

Բայց մի բան պարզ է արդեն այսօր․ Նիկոլ Փաշինյանն Արցախի՝ հիմա արդեն բառիս բուն իմաստով վերացումը համարում է կարևոր քայլ իր իսկ մոգոնած «խաղաղության դարաշրջանի բացման» ճանապարհին և հավատում է, որ այդ քայլը մոտեցնում է իր պատկերացրած խաղաղությունը։ Այսօրվա իր ուղերձում, ըստ երևույթին՝ ոգևորված, որ Ալիևն իրեն գովել է, նա փաստացի հենց այդպես էլ ասաց․ «մենք պետք է անցնենք այդ ճանապարհը» (ակնհայտորեն նկատի ունենալով իր ձակերպած «տառապանքներն ու փորձությունները»)։ Ընդ որում՝ ուղերձում «պետք է անցնենք»-ը շեշտված էր երկու անգամ։ Հասկանո՞ւմ եք, մարդը չի ասում, որ իր՝ որպես պետության ղեկավարի, պարտքն էր անել ամեն ինչ, որպեսզի երկիրը խուսափի տառապանքներից ու փորձություններից կամ գոնե նվազագույնի հասցնի դրանք, հակառակը՝ հաստատապես պնդում է, որ պե՛տք է անցնել այդ ճանապարհը։ Այսպիսի մոլեռանդությունը վկայում է, որ նա կամ մազոխիստ է (ավելի ճիշտ՝ սադիստ, որովհետև տառապանքների ու փորձությունների է դատապարտում միայն ուրիշներին ու երևի նաև հաճույք ստանում դրանից), իսկ դա լուրջ հիվանդություն է, կամ ապուշ (երկու դեպքում էլ՝ պետություն ղեկավարելը հակացուցված է), կամ էլ դա իր իսկ նախապես մշակած ծրագիրն է, որից շեղվելն ինքն անթույլատրելի է համարում։ 

Ամենահավանականը, իհարկե, երրորդ տարբերակն է, որովհետև Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի բացման» ծրագիրն ակնհայտ էր։ 1․ Հրահրել պատերազմ և պարտվել այդ պատերազմում, 2․ Ամբողջովին հանձնել Արցախն ու ամեն ինչ անել, որ այնտեղ ոչ մի հայ չմնա (որպեսզի հետո նրանց չօգտագործեն որպես պատանդ՝ իր վրա ճնշումներ գործադրելու և իրենից իշխանությունը խլելու համար), 3․ Հանձնել «Զանգեզուրի միջանցքը»՝ իբր «ես չէի ուզում, զոռով վերցրեցին», 4․ ՀՀ տարածքում ընդունել «ադրբեջանցի փախստականներին» ու զուգահեռաբար կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ընդունելով նրա բոլոր պահանջները։ Եվ վերջ, ընդամենը 4 կետ, ու «տևական խաղաղությունը» պատրաստ է։ 

Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանը հոգու խորքում ուրախ է, որ երկրորդ կետը ևս ավարտին հասցրեց։ Պարզապես այդ ուրախությունը մթագնում է այն սարսափը, որ կարող է հանկարծ չմարսել ծրագրի երկրորդ կետի ավարտը ու հաջորդ կետին չհասնել, դրա համար էլ անընդհատ կրկնում է՝ «մենք պե՛տք է անցնենք այդ ճանապարհը», որովհետև «վերջում» մեզ սպասվելու է երջանիկ ապագա։ Տոտալիտար աղանդների կիսացնդած առաջնորդների գործունեությունն է հիշեցնում, չէ՞։ Բա հո պատահական չէ՞ր, որ սաղմոսներ էր արտասանում, ինքն իրեն փրկիչ համարում ու Քրիստոսի հետ համեմատում․․․ 

Ինչևէ։ Առաջին երկու կետերն իրականություն դարձնելու համար Նիկոլից 3 տարի պահանջվեց, բայց հաջորդ երկու կետերը կարող է ավելի արագ անել, հետևաբար՝ շատ ժամանակ չկա։ Ինչ արվում է՝ պետք է արագ արվի։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   553 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ