...

Քաղաքական մտածողությունն ու միջին վիճակագրական «ժեխը»

Քաղաքական մտածողությունն ու միջին վիճակագրական «ժեխը»

Հայտնի ճշմարտություն է՝ քաղաքականության մեջ ռոմանտիզմը, հուզականությունը, ցանկալին իրականության տեղ ընդունելը և այլն ոչ թե մտածողության ձևեր են, այլ մտածողության բացակայություն։ Իսկ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը, ցավոք, քաղաքական հարցերում հենց այդպես է «մտածում», այսինքն՝ գերադասում է չմտածել։ Քաղաքական գործիչներին էլ գնահատում է ոչ թե ըստ գործունեության, անցած ճանապարհի, արձանագրած արդյունքների և այլն, այլ ըստ անձնական որակների՝ այսինչը լավ մարդ է, սիրուն-սիրուն բաներ է ասում, այնինչը մեծամիտ է, երրորդը՝ հարբեցող, էն մեկը կնոջն է դավաճանում, էն մյուսը խաղամոլ է․․․ Այն նույն մարդիկ, որոնք կենցաղային հարցերում շատ պրագմատիկ են և, օրինակ, ավտոշուկայից 20 տարվա «տրաքած Օպել» առնելիս ամենայն մանրամասնությամբ ստուգում են մեքենան, հազար ու մի վարպետի մոտ են տանում, ուսումնասիրում են նախկին տերերի կենսագրությունները և այլն, ու երբեք մեքենա չեն առնի զուտ այն պատճառով, որ վաճառողը հաճելի մարդ էր և լավ-լավ անեկդոտներ էր պատմում, քաղաքական ընտրություն կատարելիս հանկարծ մոռանում են պրագմատիզմն ու միանգամից դառնում իռացիոնալ։ Ընդ որում՝ «քաղաքական ընտրություն» ասելով ամենևին նկատի չունենք 4 կամ 5 տարին մեկ տեղի ունեցող քվեարկությունը։

Այդպիսի մարդ կա՞, որ օրական առնվազն մի երկու-երեք անգամ տարբեր հարթակներում ու միջավայրերում չխոսի քաղաքականությունից, չվիճի, չգոռգոռա, մեկին չհայհոյի, մյուսին չպաշտպանի․․․ Այսինքն՝ մարդիկ ամեն օր են քաղաքական ընտրություն կատարում, պարզապես 4-5 տարին մեկ է դա արտահայտվում քվեարկությամբ։ 

Ի դեպ, մեզանում քվեարկության ժամանակ նույնպես մտածելն առանձնապես ընդունված չէ։ Բոլորն առանձին-առանձին կարծես թե հասկանում են, որ պետությունը ծանր վիճակում է, և եթե շատ արագ բուժումը չգտնվի՝ վիճակը ծանրանալու է, բայց շարունակում են հրաժարվել բուժման ավանդական մեթոդներից։ Պատկերացրեք՝ մարդը հազում է, և ամենապարզ լուծումն ուղղակի դեղատուն մտնելն ու հազի դեղ առնելն է, բայց դեղատան աշխատողն ասում է՝ «ախպե՛ր, առ էս 10 հազար դրամը դիր ջեբըդ, էդ հազի դեղը դիր մի կողմ, էս լուծողականը խմի»։ Ինչպե՞ս կվարվի մտածող մարդը։ Իհարկե՝ կհրաժարվի և կվերցնի այն դեղը, որն իրեն օգնելու է։ Իսկ ինչպե՞ս կվարվի միջին վիճակագրական «ժեխը»։ Կվերցնի փողն ու լուծողականը, դեղատնից դուրս կգա, ու եթե նաև մի քիչ «շուստրի» է՝ լուծողականը մի կողմ կշպրտի ու կմտածի «ախպեր, էս ինչ կպնել ա կպնում, համ մուֆթա տեղը 10 հազար փող առա, համ էլ ինձ վնաս չտվեցի»։ Բայց բուն հիվանդությունը կմնա չբուժված ու կխորանա։

Տասնամյակներ շարունակ մեր հասարակությունն ահա այդ վիճակում է ու անգամ հիվանդության խորացման արդյունքում մահամերձ վիճակում հայտնվելուց հետո չի փոխում իր վարքագիծը։ Չի ուզում մտածել, և վերջ։ 

Քաղաքական մտածողությունից զուրկ լինելն, ի դեպ, ինքնին մեծ արատ չէ, պարզապես հակացուցված է անկախ պետականությանը։ Առանց քաղաքական մտածողության կարելի է շատ հանգիստ ու կուշտ ապրել որևէ օտար երկրում, անգամ Մեծ հայրենիք ունենալու ռոմանտիկ ծրագրեր կազմել ու ինքդ քեզ քաղաքական գործիչ հռչակել (դրանից այդ երկիրը չի տուժի), բայց եթե սեփական երկրիդ բոլոր պրոբլեմները քաղաքական են (և՛ արտաքին, և՛ ներքին), քաղաքական մտածողության բացակայությունն ի վերջո հանգեցնելու է պետականության կորստին։  Չնայած՝ միայն սեփական կենցաղով մտահոգ հասարակության ինչի՞ն է պետք անկախ պետականությունը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1063 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ