Հայաստանում հրապարակվել են հերթական սոցհարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների միայն 9 տոկոսն է լիովին դրական գնահատել Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, 15,5 տոկոսը գնահատել է ավելի շուտ դրական, 19,1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, իսկ 46,5 տոկոսը՝ լիովին բացասական։
Սրանք խայտառակ թվեր են։ Ոչ թե այն իմաստով, որ երկիրը փաստացի միանձնյա ղեկավարում է ընդամենը 24,5 տոկոս դրական վարկանիշ ունեցող մեկը, այլ որովհետև Հայաստանի բնակչության համարյա մեկ քառորդը դրական է գնահատում այն փորձանքները, որ այդ մարդը բերել է բոլորիս գլխին։ Ի վերջո որո՞նք են Նիկոլ Փաշինյանի գործունեության հիմնական արդյունքները։ Ծանր պարտություն 44-օրյա պատերազմում, Արցախի ամբողջական հայաթափում և կորուստ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, թշնամու բացահայտ պարտադրանքի ներքո բազմաթիվ հիմնարար արժեքների ինքնակամ ուրացում, Բաքվում շարունակվող նվաստացուցիչ «դատավարություն», կոռուպցիոն սկանդալներ, հարկային բեռի կտրուկ ավելացում, սոցիալական իրավիճակի վատթարացում, և այլն։ Ու հանկարծ պարզվում է, որ մարդկանց 24,5 տոկոսն այս ամենը գնահատում է որպես լիովին կամ հիմնականում դրական։ Ըստ երևույթին իշխանական ագրեսիվ քարոզչությանն այնուամենայնիվ հաջողվել է այդ 24,5 տոկոսին համոզել, որ բոլոր այդ աղետները «Նիկոլ Փաշինյանի գործունեության» հետ ոչ մի կապ չունեն, դրանք տեղի են ունեցել կամ պատահաբար, կամ ուրիշների մեղքով։
Իհարկե՝ շատերի համար կարող է ոգևորիչ թվալ այն փաստը, որ 65,6 տոկոսն էլ լիովին կամ հիմնականում բացասական է համարում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։ Բայց տվյալ դեպքում ոգևորվելու պատճառ առանձնապես չկա, որովհետև գործնականում «նիկոլականների» 24,5 տոկոսն ավելի ծանրակշիռ է, քան նրանից դժգոհների 65,6 տոկոսը։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ 24,5 տոկոսը, այսպես ասենք, «անձնավորված է», և մեծ հավանականությամբ՝ նրանք ընտրություններում ձայն կտան Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ նրանից դժգոհների կամ նրա գործունեությունը աղետ համարողների 65,6 տոկոսի դիրքորոշումն անձնավորված չէ, և հայտնի չէ, թե քանի ուժերի միջև կբաշխվեն ու այդպիսով կփոշիանան այդ ձայները։
Թվում է, թե հենց այս ակնհայտ իրողությունների հաշվարկով էլ պիտի քաղաքական դաշտը պլանավորեր իր գործունեությունը, բայց՝ չէ։ Պարզվում է՝ ոչ միայն «Քաջ Նազարն» է հայկական համարյա ժողովրդական հեքիաթ, այլև «Բարեկենդանը»։ Հիշում եք, չէ՞, թե ինչպես է պատահական անցորդը կամ այլ կերպ ասած՝ քայլելով եկածը «ծալը պակաս» կնոջից վերցնում եղն ու բրինձը, հետո նրա՝ նույնքան «ծալը պակաս մարդուց» վերցնում ձին ու հանգիստ հեռանում, իսկ հեքիաթի վերջն էլ հաստատ չեք մոռացել․ «մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են, մարդը կնկան է ասում շաշ, կնիկը՝ մարդուն»։
Միայն թե՝ մեր կորցրածն ընդամենը «եղ ու բրինձ» չէ, ոչ էլ արժե հույս դնել տիտղոսակիր «ծալը պակասների» վրա։
Մարկ Նշանյան