...

Քոչարյանին նայում՝ իր ապագան է տեսնում

Քոչարյանին նայում՝ իր ապագան է տեսնում

Քոչարյանի դատը կարգին զվարճացրել է հայ հանրությանը։ Մարդը, ում նախագահության օրոք մարտի 1 է տեղի ունեցել, ում ընտանիքի ունեցվածքը, անգամ պաշտոնական հայտարարագրերի համաձայն, միայն Հայաստանում կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար, ընդամենը դատվում է 3 միլիոն դոլարի կաշառքի գործով, ընդ որում՝ խիստ վիճահարույց «ընթացակարգերով»։ Եվ սա՝ «այլևս չվնգստացող» և Նիկոլ Փաշինյանից սաստիկ անկախ դատական համակարգի պայմաններում։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։

Նիկոլ Փաշինյանին, իհարկե, ձեռնտու է որպես իր հիմնական ընդդիմադիր Քոչարյանի պես խոցելի մեկին ունենալն ու նրան անընդհատ կալանավորման սպառնալիքի տակ պահելը, բայց այս ամենը, կարծում ենք, ունի նաև այլ՝ շատ ավելի պրագմատիկ բացատրություն։ Հասկանալի է, որ ցանկության դեպքում իշխանությունները կբացահայտեին և՛ մարտի 1-ն ու դրանում Քոչարյանի անձնական դերակատարումը, և՛ նրա ընտանիքի կուտակած ահռելի հարստության իրական ծագումն ու այդ ընթացքում կատարված ապօրինությունները, բայց Նիկոլ Փաշինյանը հեռատես է և գիտի, որ նման բաները սովորաբար բումերանգի էֆեկտ են ունենում, ու քանի որ իր իշխանությունը հավերժ չէ՝ այդ ուղտը վաղ թե ուշ կարող է նաև իր դռանը չոքել։

Ավելի կոնկրետ՝ մարտի 1-ը «ջրելով» Նիկոլ Փաշինյանը փաստորեն համաձայնվում է, որ եթե կեղծված ընտրություններին հաջորդում է ընդդիմության հանրահավաքային պայքարը, և դա սպառնում է օրվա իշխանություններին, ապա այդ իշխանություններն, այո, իրավունք ունեն զորք հանել ժողովրդի դեմ ու քանի հոգու պետք է՝ սպանել, ու դա հետագայում քրեական պատասխանատվության հիմք չպետք է դառնա։ Նիկոլ Փաշինյանին դա պետք է, որովհետև մեծ է հավանականությունը, որ վաղ թե ուշ ինքն էլ է հայտնվելու այդ վիճակում ու նույնպես ստիպված է լինելու իր իշխանությունը պահպանելու համար կրակել ժողովրդի վրա։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նա առանց աչքը թարթելու կգնա այդ քայլին։ Եթե մի քանի հազար երիտասարդների կյանքը նրա համար գրոշի արժեք չուներ, ինչո՞ւ պիտի մի քանի տասնյակ ցուցարարների կյանքը խնայի։ Ու բացարձակապես նշանակություն չունի՝ «օժանդակ զորքն» Արցախի՞ց կգա, թե՞ Իջևանից, ոստիկանական համազգեստներն օլիգարխների՞ բանդաներին կբաժանվեն, թե՞ «բարեխիղճ գործարարների», և այլն։

Նույնը կարելի է ասել նաև ապօրինի ծագմամբ ունեցվածքը բացահայտելու և բռնագրավելու մասին։ Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանն էլ է ստիպված լինելու հայտարարել, որ իր և կնոջ հարազատներն ու բարեկամներն առանձնահատուկ գործարար ջիղ են ունեցել և իր իշխանության տարիներին հարստացել են բացառապես այդ ջիղի շնորհիվ, հետևաբար՝ իր նկատմամբ այդ հարցերով քրեական գործ հարուցելն անընդունելի է։ Հիմա ինչո՞ւ պիտի ինքն իր ապագան սպառնալիքի տակ դնող նախադեպ ստեղծի, ավելի լավ չէ՞ հակառակն անի՝ ցույց տա, որ «անցյալը փորփրելն» անիմաստ ու անհեռանկար զբաղմունք է։ Իսկ իշխանափոխության դեպքում՝ ոչինչ, թող հիմա էլ ի՛ր հարազատները մի քիչ «ինքնակամ նվիրատվություններ» անեն, իսկ իրեն՝ ինչքան ուզում են թող դատեն, ասենք, կառավարական առանձնատների սպասարկման համար բյուջեից ահռելի գումարներ հատկացնելու մեղադրանքով։ 

Մի խոսքով՝ Քոչարյանն ու Փաշինյանը հեռվից հեռու իրար լավ էլ զգում ու հասկանում են։ Քոչարյանը Փաշինյանին նայում ու իր նախագահության առաջին տարիներն է հիշում, Փաշինյանը Քոչարյանին նայում ու իր ապագան է տեսնում, իսկ եթե սերնդափոխությունն այնքան էլ սահուն չստացվեց՝ ի՞նչ արած, երևի Հայաստանի ճակատին էլ դա էր գրված։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2723 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ