...

Քոչարյանն ու դաշնակներն ուզում են «կրկին փորձել»

Քոչարյանն ու դաշնակներն ուզում են «կրկին փորձել»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին դաշնակցական (չնայած՝ նախկին դաշնակցական չի լինում) Աղվան Վարդանյանը հայտարարել է, թե և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարում են, որ Արցախն Ադրբեջան է, ու հիմա հարցն այն է, թե Արցախի «ֆորմալ և ոչ ֆորմալ ղեկավարությունն» ինչպես կկարողանա դիմակայել այդ երկու կողմերին։

Պրն Վարդանյանը երևի մոռացել է, որ 1997-ին մի անգամ արդեն նման բան եղել է։ Կարգավորման տարբերակներից մեկին և՛ Հայաստանն էր կողմ, և՛ Ադրբեջանը, բայց Արցախի «ֆորմալ և ոչ ֆորմալ ղեկավարությունը» մերժեց այդ տարբերակը։ «Ֆորմալը», հիշեցնենք, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն էր, «ոչ ֆորմալը»՝ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ու նրանք, փաստորեն, «դիմակայեցին երկու կողմերին»։ Թե ինչով ավարտվեց՝ կարծում ենք, չարժե ներկայացնել։ Առավել ևս, որ «ավարտը» նրանց չէր էլ հետաքրքրում, նրանց պետք էր Հայաստանում վերցնել իշխանությունը՝ վերցրեցին։ Ու դա, ի դեպ, Աղվան Վարդանյանի այն ժամանակվա հարազատ կուսակցության համար շատ արգասաբեր եղավ․ նրա կուսակցական ընկերներն «իրավիճակի փոփոխության պատճառով» ազատ արձակվեցին ու կարճ ժամանակակ անց դարձան նախարարներ ու մարզպետներ, ընդ որում՝ Աղվան Վարդանյանը նույնպես գործազուրկ չմնաց։ Իսկապես երանելի ժամանակներ էին, ու երևի պատահական չէ, որ հիմա ընդամենը Քոչարյանի խմբակցության պատգամավոր աշխատող այդ պարոնը դեմ չէր լինի, որ ևս մեկ անգամ կրկնվեր տրյուկն ու Արցախի «ֆորմալ և ոչ ֆորմալ ղեկավարության»՝ ՀՀ իշխանություններին դիմակայելու միջոցով Հայաստանում իշխանափոխություն իրականացվեր։ Պայմանով, իհարկե, որ շահառուները նույնը լինեին՝ Քոչարյանն ու դաշնակները։

Այս առումով ամեն ինչ հասկանալի է, բայց մի հարց այնուամենայնիվ արժե հնչեցնել․ իսկ ովքե՞ր են Արցախի «ոչ ֆորմալ իշխանությունները»։ Հաստատ Քոչարյանը չէ։ Վստահաբար՝ ակնարկը ոչ էլ Ռուբեն Վարդանյանին է վերաբերում, որովհետև հսկայական լծակներ ունեցող պետնախարարը չի կարող «ոչ ֆորմալ ղեկավարություն» համարվել։ Այլ տարբերակ չի մնում, խոսքը ռուս խաղաղապահների հրամանատարության մասին է։ Բայց այդ դեպքում էլ ստացվում է, որ Աղվան Վարդանյանի կարծիքով՝ ԼՂՀ ղեկավարությունը պիտի ռուսական զորքի հրամանատարության հետ միասին դիմակայի Հայաստանի իշխանություններին։ Խոսքը, հիշեցնենք, այն նույն ռուսական զորքի մասին է, որն ուղիղ 65 օր է «շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ»։ 

Եվս մի հարց։ Աղվան Վարդանյանը, իհարկե, իրավացի է այն իմաստով, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, և իրավիճակը փոխել հնարավոր կլինի միայն իշխանափոխության դեպքում։ Բայց գիտակցո՞ւմ է արդյոք պրն Վարդանյանը, թե ինչու տրամաբանության բոլոր կանոններին հակառակ՝ այդ իշխանափոխությունը տեղի չի ունենում։ Հասկանո՞ւմ է արդյոք, որ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը կարողացավ իշխանությունը պահպանել առավելապես այն բանի շնորհիվ, որ Քոչարյա՛նը գլխապատառ նետվեց քաղաքական դաշտ ու ինքն իրեն ներկայացրեց որպես կապիտուլյանտների միակ այլընտրանք։ Պրն Վարդանյանը հասկանո՞ւմ է, որ Փաշինյան-Քոչարյան «պասերով խաղի» մաս կազմելով՝ անձամբ ինքն էլ պատասխանատվության բաժին ունի, թեև դրա դիմաց լավ էլ վարձատրվել է՝ պատգամավորական մանդատի տեսքով։ Հասկանալի է, չէ՞, որ եթե Քոչարյանը ժամանակին քաղաքական դաշտից ինքնամաքրվեր՝ այսօր ոչ Նիկոլը կլիներ Հայաստանի ղեկավարը, ոչ էլ Արցախի՝ Հայաստանին դիմակայելու խնդիր կառաջանար։ 

Չնայած՝ ո՞ւմ ենք ասում։ Եթե 1997-ին հաղթանակած երկրի ապագան սրանց չէր հետաքրքրում, 26 տարի անց ինչո՞ւ պիտի պարտված երկրի ապագան հետաքրքրի։ Կարևորն իշխանությանը վերատիրանալն է, ու սրանք այդ հնարավորության հոտն առել են։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ