...

Ռուսերենը, թուրքերենն ու Կալաշնիկովի ավտոմատը

Ռուսերենը, թուրքերենն ու Կալաշնիկովի ավտոմատը

Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները ցնծության մեջ են։ Պարզապես ցնծության առիթներն են տարբեր։ «Ռուսամետները» ցնծում են, որովհետև Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, հետևաբար՝ իրենց կարծիքով, մի օր էլ կարող է Արցախը ճանաչի (չէ՞որ Ադրբեջանը նույնպես Լենինի ստեղծածն է), իսկ «արևմտամետները» ցնծում են, որովհետև նույն օրը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ լուրջ փաստաթուղթ ստորագրվեց, ինչը, իրենց կարծիքով, «վերջնականապես պատռեց Ռուսաստանի դիմակը», հետևաբար՝ մեր հասարակությունն այլևս պատրանքներ չի ունենա և որևէ հույս չի կապի ռուսների հետ։

Եվ միայն իրատեսներն են, որ ցնծության առիթ չեն տեսնում։ Հիշում եք, չէ՞, հայտնի արտահայտությունը․ «լավատեսներն ուսումնասիրում են անգլերենը, հոռետեսները՝ չինարենը, իրատեսները՝ Կալաշնիկովի ավտոմատը»։ Մեր դեպքում այդ այլընտրանքը չկա։ Ունենալով այսպիսի իշխանություններ և այսպիսի հարևաններ ու դաշնակիցներ՝ մենք ստիպված ենք «ուսումնասիրել Կալաշնիկովի ավտոմատը»։

Հիմա՝ ավելի առարկայական։ Ինչպես տարիներ շարունակ միասին ապրող զույգն է որոշում ի վերջո օրինականացնել հարաբերությունները, այնպես էլ Ռուսաստանն ու Ադրբեջանը որոշեցին փաստաթղթավորել իրենց դաշնակցային համագործակցությունը, որն առանց դրա էլ վաղուց իրականացնում էին։ Ինչի՞ մասին է այդ փաստաթուղթը։ Նախ և առաջ՝ ի՞նչ «փոխադարձ ռազմական օգնության» մասին է խոսքը։ Վրաստանը հազիվ թե հարձակվի Ադրբեջանի վրա, Թուրքիան ու ՆԱՏՕ-ն՝ նույնպես, Հայաստանն այս պահին նման ռեսուրսներ չունի, հետևաբար՝ մնում է միայն Իրանը, որն իր հերթին Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ կարող է մտնել միայն մի դեպքում՝ եթե Ադրբեջանը փորձի գրավել Սյունիքը։ Փաստորեն հենց այդ դեպքի համար է համաձայնագիրը, որ եթե հանկարծ նման բան լինի, ու Իրանը փորձի կանխել, Ռուսաստանը պարտավորված լինի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Պարզ ասած՝ եթե Ադրբեջանը հարձակվի, Ռուսաստանը նրան չի օգնի (որովհետև մեր դաշնակիցն է), բայց նաև թույլ չի տա, որ ուրիշները մեզ օգնեն (որովհետև Ադրբեջանի դաշնակիցն է)։ Մի խոսքով, «իրար դեմ ինչքան ուզում եք՝ պատերազմեք, ինձ էլ՝ մի բաժակ սուրճ»։

Բայց շատ ավելի կարևոր է համաձայնագրի մեկ այլ կետ, որի համաձայն Ռուսաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Իսկ եթե «Ղարաբաղն Ադրբեջան է», նշանակում է՝ այնտեղ կատարվողն էլ Ադրբեջանի ներքին գործն է (կամ այդպիսին է դառնալու երեք-ութ տարի հետո)։ Պարզ ասած՝ Պուտինն Ալիևին ասում է «ես Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչում եմ, բայց դու անհանգստանալու կարիք չունես, դա Ղարաբաղին ընդհանրապես չի վերաբերում», Ալիևն էլ ասում է «իհարկե հավատում եմ, բայց ավելի լավ է համենայն դեպս գրավոր ձևակերպենք»։ Սա է։ Արևմուտքի ասածն էլ հետևյալն է՝ «պետությունների տարածքային ամբողջականությունը սրբազան սկզբունք է, հատկապես՝ եթե դրա խախտմանը նպաստում են ռուսները, իսկ եթե խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործություններ կատարվեն՝ մենք, իհարկե, չենք միջամտի, բայց խստորեն կդատապարտենք ու հանցագործներին թույլ չենք տա առևտուր անել Միլանի բուտիկներից»։

Ահա այսպիսի վիճակում ենք հայտնվում, երբ հակառակորդն անգամ չճանաչված հանրապետությունների ճանաչման փաստն է կարողանում ծառայեցնել իր շահերին ու դրանից օգուտներ ստանալ, իսկ մենք «խաղաղության դարաշրջան» ենք մուրում այնտեղ, որտեղ ոչ խաղաղությունն է մեր կամքից կախված, ոչ պատերազմը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5676 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ