...

Շառլատանների ու հեքիաթասացների «համախմբված» 29 տոկոսը

Շառլատանների ու հեքիաթասացների «համախմբված» 29 տոկոսը

«GALLUP» ընկերության հայաստանյան գրասենյակը ներկայացրել է հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները, որին մասնակցել են մոտ հազար քաղաքացիներ։ Այն հարցին, թե ո՞ր քաղաքական ուժին կընտրեին, եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ լինեին, հարցվածների միայն մոտ 29 տոկոսն է կոնկրետ ուժի անուն տվել։ Մեր մեջ ասած՝ հարցման արդյունքները բավականին փնթի էին ներկայացված, որովհետև, օրինակ, «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմաց գրված էր 0,1 տոկոս, «այլ կուսակցություններ» տողում՝ 0,4 տոկոս, մինչդեռ եթե հարցվածները հազար հոգի էին, նշանակում է՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ընդամենը մեկ ձայն էր ստացել, իսկ եթե 0,4 տոկոսը այլ կուսակցության անուն էր տվել, նշանակում է՝ առնվազն ևս չորս կուսակցություն մեկական ձայն է ստացել և ունի 0,1 տոկոս, ու անհասկանալի է, թե ինչո՞ւ է «ՔՈ»-ի անունը նշվել, մյուսներինը՝ ոչ։

Ինչևէ։ Սա, իհարկե, մանրուք է։ Ընդ որում՝ մեծ հաշվով, էական չեն նաև կուսակցությունների և դաշինքների վարկանիշները, այսինքն՝ այն, թե ընդամենը 29 տոկոս «կողմնորոշվածների» ո՛ր մասը ո՛ր ուժի օգտին է «կողմնորոշվել»։ Դրանցից մեկը երկիրը կործանելուց հետո ժողովրդին խոստանում է «խաղաղության խաչմերուկ» ու պայծառ ապագա, մյուսը՝ Արցախի վերադարձ, երրորդը՝ Եվրամիություն ու «բրիտանական նավեր» կամ «սկանդինավյան խաղաղապահներ», չորրորդն ընդամենը վարպետորեն հայհոյում է, հինգերորդը խոստանում է երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել «Վիլսոնյան Հայաստան», և այլն, այսինքն՝ պարզ ասած, բոլորն էլ խաբում են։ Եվ այս առումով՝ հարցման արդյունքներն ուրախացնող են, որովհետև ստացվում է, որ քաղաքական տարատեսակ շառլատանները, անկախ «աշխարհաքաղաքական կողմնորոշումներից», բառապաշարից ու ստախոսության ցինիզմի աստիճանից, բոլորը միասին կարողացել են խաբել ժողովրդի ընդամենը 29 տոկոսին, այսինքն՝ 71 տոկոսին խաբել չի հաջողվել։ Պարզ ասած՝ ժողովրդի 71 տոկոսն այլևս հեքիաթներին չի հավատում։ 

Սա իսկապես շատ դրական արդյունք է, որովհետև մինչև հիմա մեր պետության ու ժողովրդի գլխին եկած աղետների հիմնական պատճառը եղել է հեքիաթներին հավատալը, ու կապ չունի, թե ինչի մասին են եղել այդ հեքիաթները՝ «Վիլսոնի իրավարար վճռով ծովից ծով Հայաստանի՞», «ռուսները մեզ կպաշտպանեն ու նոր պատերազմ թույլ չեն տա» պնդմա՞ն, «եթե Ղարաբաղը տանք՝ մեզ հանգիստ կթողնեն» մտասևեռմա՞ն, թե որևէ այլ «happy end»-ի։ Փաստն այն է, որ բոլոր այդ «հեքիաթասացների» միասնական վարկանիշն ընդամենը 29 տոկոս է։ 

Այլ հարց է, որ որպես կանոն՝ հենց այդ 29 տոկոսն է գնում ընտրությունների և քվեարկում հեքիաթներից որևէ մեկի օգտին, բայց սա լուծելի խնդիր է։ Եթե հասարակության բացարձակ մեծամասնությունն այլևս հեքիաթների չի հավատում, նշանակում է՝ պատրաստ է նայել իրականության աչքերին և կգնա այն ուժի ետևից, որը ոչ թե ավելի գայթակղիչ հեքիաթներ կպատմի, այլ թեկուզ ցավոտ, բայց սթափ ու իրատեսական ելքեր կառաջարկի։ Ի վերջո կյանքում էլ է այդպես․ որքան ծանրանում է շառլատանների ու խաբեբա-«հեքիմների» ճանկն ընկած ու համարյա մահվան դուռը հասած հիվանդի վիճակը, այնքան ամրապնդվում է այն գիտակցումը, որ պետք է վերջապես լրջանալ ու նորմալ բժշկի դիմել։ Մեր դեպքում այդ գիտակցման մակարդակն արդեն 71 տոկոս է, ու մնում է, որ «նորմալ բժիշկները» բուժման ծրագիր ներկայացնելու համարձակություն ունենան։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ