Արձակուրդից վերադարձած Նիկոլ Փաշինյանը գրել է. «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։
Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը»։
ՉԻ.- Տիպիկ «հաց և զվարճալիք»։ Թե բա՝ հացը թող ձեր վզին մնա, զվարճանքը մենք կտանք։
Մի ժամանակ կառավարման մոդելը Քոչարյան + էշերի սպարտակիադա + Անդրեն էր:
Հիմա Փաշինյան – Արցախ + ցնծություն:
Տնտեսություն չի զարգանում՝ ոչինչ։ Աշխարհաքաղաքական ձախողում, մեղավորը մնացածներն են։ Բայց դե, համերգները նորմալ են, PR-ն՝ ոգեշնչող։
Համերգը իշխանության համար դեղատոմս է, ոչ թե ժողովրդի համար հանգստի ժամ։ Զանգվածը գոռում է, իրենք նշում են՝ «հոգեբանական կայունություն կա»։ Ու որ մի պահ սկսես կասկածել, միանգամից հարցնում են՝ բա 41 հազար մարդ մոռա՞ցել ա պատերազմի մասին, որ եկել ա համերգի։
Հա, մոռացել ա։ Որովհետև հոգնել է պատերազմից, ստից, խոստումներից ու անիմաստ զոհաբերությունից։ Ու մոռանալը հիմա դառնում է ազգային ռազմավարություն։ Չես հաղթում, ուրեմն պարում ես։ Չես խաղաղեցնում, ուրեմն շոու ես սարքում։
Ու էդ ամբողջի անունը դնում են «իրական մարդկանց կյանքի ցնծություն»։ Իրականում քաղաքական փախուստ իրականությունից։
Իսկ «հաց և զվարճալիք»-ից հիմա միայն զվարճանքն է մնացել։ Հացը հարստացած խավի սեղանին, իսկ ժողովրդին մնացել է բեմի առաջ ցատկելը՝ հանուն մոռացության։