...

«Թաթարստանյան սալյուտը» ներսի՞ց, թե՞ դրսից

«Թաթարստանյան սալյուտը» ներսի՞ց, թե՞ դրսից

Իշխանական քարոզիչները հայտարարում են, թե ինչքան ռուսական գործակալ կա՝ լցվել է Երևանի կենտրոն ու հեղաշրջում է ուզում, կրեմլյան քարոզիչներն էլ արդեն բաց տեքստով են կոչ անում տապալել Նիկոլ Փաշինյանին, հակառակ դեպքում՝ իրենք Արցախի օրինակով կվերացնեն նաև Հայաստանի կեսը։ Ընդդիմության քարոզիչներն էլ իրենց հերթին հայտարարում են, թե պայքարում են Հայաստանն Արևմուտքի գործակալներից և «թուրք-ադրբեջանական խամաճիկ» Նիկոլ Փաշինյանից ազատագրելու համար։ Ընդ որում՝ երկուսն էլ իրենց պնդումները հիմնավորող ծանրակշիռ փաստարկներ են ներկայացնում։ Ընդդիմության «լուրջ դեմքերից» մեկն էլ ասում է՝ լավ չի, որ փրկության հերթական կոմիտեում միայն ռուսամետներ են, սիրուն չի նայվում, բերեք մի երկու հատ էլ արևմտամետներ ներգրավենք։ 

Դե իհարկե, համ արևմտամետներ պիտի լինեն, համ ռուսամետներ, բայց հանկարծ հայամետների չներգրավեք, դրսերում կնկատեն ու գլխներիդ կբամփեն։

Իսկ նիկոլական ճամբարում խուճապահար ուսապարկերը գլուխներն են քորում՝ բայց ինչո՞ւ ռուսները որոշեցին հենց հիմա՛ Ալիևին «քսի տալ» Արցախի վրա ու զուգահեռաբար Երևանում սկսել Նիկոլին «դժոխք ուղարկելու» գործընթացը։ Հետո գլխի են ընկնում՝ հա, երևի տեսան Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, հասկացան, որ Նիկոլի «պողպատե մանդատից» բան չի մնացել, ու որոշեցին, որ ճիշտ ժամանակն է։ Որոշեցին ու ընտրություններից երկու օր անց սկսեցին «Օղակ-2» օպերացիան՝ հեռանկարում ունենալով նիկոլական իշխանության համար նախատեսված «կախաղանի օղակի տեսլականը»։ 

Ճիշտ էլ գլխի են ընկնում, ըստ երևույթին՝ հենց այդպես էլ կա։ Բայց հետաքրքիր է՝ ինքնիշխանության մասին վերամբարձ ճառերի փոխարեն կամ դրանց զուգահեռ չե՞ն փորձում հասկանալ, թե ինչու իրենց առաջնորդի «բանտիկով մուրճից» միայն կոթը մնաց։ Ինչ է, ռուսական գործակալնե՞րն էին Նիկոլ Փաշինյանին ու նրա ուսապարկերին ստիպում մինչև կոկորդը թաղվել կոռուպցիայի մեջ, հարյուր միլիոնավոր դոլարներ մեջ-մեջ անել պարգևավճարների անվան տակ, պետության հաշվին շաբաթներով քարշ գալ աշխարհի ամենաթանկ հանգստավայրերում և ցինիկ գրառումներով ու պատահաբար յոնջայի արտում հայտնված ավանակի երջանիկ հռհռոցով լուսանկարներ տարածել սոցկայքերում․․․ Կամ գուցե ռուսական գործակալնե՞րն էին ստիպում 11 հազար հոգու դասալիք ու ևս 600 հոգու՝ պոտենցիալ դասալիք անվանել, նրա՞նք էին Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել Տիգրան Ավինյանի պես անհաջող մեկին ու պաշտպանության նախարարին էլ ստիպել «պատերազմից հինգ պակաս» վիճակում Երևանի փողոցներով «շիշ բռնողի» կարգավիճակով քարշ գալ նրա ետևից։

Նիկոլական իշխանությունները գիտեին, չէ՞, որ Ռուսաստանը Հայաստանում իսկապես էլ մեծաթիվ ազդեցության գործակալներ ունի։ Գիտեին, չէ՞, որ Ռուսաստանը, այո, հարմար պահին փորձելու է ակտիվացնել նրանց։ Ու գիտեին նաև, որ դա կանխելու միայն մի ռեսուրս կա՝ իշխանությունների նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը։ Բա ինչո՞ւ գավառական «գյոռմամիշությամբ» մսխեցին այդ ռեսուրսը՝ հանուն հարստության, հանուն թանկարժեք «պադավատների», հանուն «նվեր ստացած» բնակարանների, մի խոսքով՝ հանուն մի կտոր լափի։ 

Նիկոլ Փաշինյանն ինքն էր, չէ՞, պատմում, որ հայկական բանակում, իբր, եղել է դեպք, որ ինչ-որ սպա C-300 հրթիռային համակարգից մի քանի գրամանոց ոսկե դետալ է թռցրել, ու դրա պատճառով համակարգը խափանվել է։ Իսկ անձամբ Նիկոլի ու նրա ուսապարկերի պահվածքը շա՞տ է տարբերվում այդ «ոչ բարով» սպայի արարքից (եթե, իհարկե, նման դեպք իսկապես եղել է)։ Առանձնապես չի տարբերվում։ Պարզապես իրենք հանուն պայմանական մի կտոր լափի «վարի են տալիս» ոչ թե ինչ-որ համակարգ, այլ ամբողջ պետությունը։ 

Որովհետև անկախ պետությունները, որպես կանոն, «Թաթարստան» են դառնում միայն մի դեպքում՝ եթե բացառիկ ապաշնորհ իշխանություններն իրենք են ներսից դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծում։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ