...

Թիվ 26 երթուղու ֆենոմենը

Թիվ 26 երթուղու ֆենոմենը

Աջափնյակի Լուկաշին թաղամասի բնակիչները լավ են հիշում 2021 թ. փետրվարի 6-ը, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆիքսեց շատ կարևոր պահը՝ թիվ 26 երթուղայինի նոր ավտոբուսով երթևեկելով՝ ազդարարեց երթուղուն նոր շունչ հաղորդելու մասին: Մանրամասնեց՝ նոր ժամանակակից, տեսախցիկներով ապահովված, հարմարավետ միկրոավտոբուսները կանգառ են հասնում յուրաքանչյուր 15 րոպեն մեկ... հիմա էլ աշխատում են քարտային սիստեմի վրա: Կարևոր և միակ խնդրանքը քաղաքացիներից՝ 100 դրամանոց ունենալն էր: 

Քաղաքացիները սկզբում չհավատացին, հետո հավատացին, որովհետև իսկապես միկրոավտոբուսները երթևեկում էին յուրաքանչյուր 15 րոպեն մեկ... Սակայն մեկ ամիս տևած հավատին հաջորդեցին միկրոավտոբուսների ուշացումները սկզբում քիչ, հետո ավելի ու ավելի տևական ժամանակով: Եվ չնայած քաղաքացիները սկսեցին ջանադրաբար հավաքել 100 դրամանոցները, այնուամենայնիվ ուշացումները շարունակեցին իրենց բնականոն ընթացքը... Կանգառում 30-45 րոպե սպասող ուղևորների դժգոհություններին էլ վարորդները պատասխանում էին սկզբում «բա որ էն ժամանակ չկար, ի՞նչ էիք անում», ապա «ես ի՞նչ անեմ, որ սաղ քաղաքը պրոպկայա», «15 րոպեն լրացելա, րոպեն րոպեին քշել եմ», իսկ վերջին ամիսներին արդեն «ես ի՞նչ անեմ, որ 12 ավտոբուսից 6-ն ա աշխատում»: Փաստորեն երթուղու վարորդները ոչ միայն ժամանակային այլ չափումներով են առաջնորդվում, այլև արդեն նորմալ է Քաղաքապետարանի կանգառից մինչև Լուկաշին անընդմեջ լեզվակռվի մեջ մտնել 45 րոպե կանգառում սպասող ուղևորների հետ՝ ապացուցելու, թե նրանք կանգառում ընդամենը 15 րոպե են սպասել: Իսկ անվտանգության նկատառումներով ամեն ինչ ֆիքսող տեսախցիկները համառորեն լռում են և՛ ուշացումների, և՛ համավարակի պայմաններում գերծանրաբեռնված, գերլցված ավտոբուսների, և՛ հենց երթևեկության ընթացքում վարորդ-ուղևոր գերլարված հարաբերությունների ու լեզվակռվի, և՛ առհասարակ ամեն ինչի մասին:

Առաջարկում ենք Հայկ Մարությանին մեկ անգամ ևս ստուգայց կազմակերպել կամ երթևեկել թիվ 26 երթուղայինով՝ հասկանալու, թե ինչու ամեն ինչ գլխիվայր շրջվեց, և ինչու 12 ավտոբուսից միայն 6-ն է աշխատում։ Եվ եթե գոնե քաղաքապետական երթևեկությունից հետո նույն ազդեցությունն էլի մեկ ամիս մնա երթուղու վրա, էլի լավ է:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1984 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ