Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «ուղերձով» և ներկայացրեց «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը»՝ հիմնված 14 կետերի վրա։
Դրա բովանդակությանն անդրադառնալու փոխարեն պարզապես արձանագրենք, որ «պետության գաղափարախոսություն» հորինելու հարցում Նիկոլ Փաշինյանն օրիգինալ չէ։ Ժամանակակից պատմությունը նման «գաղափարախոսությունների» բազմաթիվ օրինակներ ունի։ Հյուսիսային Կորեայում դա կոչվում է «Չուչխե», Թուրքմենստանում՝ «Ռուհնամա», Քադդաֆիի Լիբիայում կոչվում էր «Կանաչ գիրք», և այլն։
Ու թող որևէ մեկին տարօրինակ չթվա, որ այդ բռնապետությունների պաշտոնական գաղափարախոսությունները համեմատում ենք մեր «ժողովրդավարության բաստիոնի ժողվարչապետի» ներկայացրած գաղափարախոսության հետ։ Մոամմար Քադդաֆիի հեղինակած «Կանաչ գրքի» հիմնական մասը, օրինակ, նվիրված էր «ուղղակի ժողովրդավարությանը», հյուսիսկորեական «Չուչխեն» ձևավորման փուլում առավելապես «միայն սեփական ուժերին ապավինելու» մասին էր և միայն ավելի ուշ դարձավ անհատի պաշտամունքի բացարձակ օրինականացման հիմք, Թուրքմենբաշու հեղինակած «Ռուհնամայում» մեծ տեղ է հատկացված թուրքմեն մարդու արժեհամակարգին, ընտանեկան հարաբերություններին, «ծնող-օջախ-հայրենիք» համակարգին, և այլն։
Մի խոսքով՝ բոլոր այդ «գաղափարախոսություններում» բազմաթիվ լավ-լավ բաներ էին գրված։ Պարզապես նկատենք, որ Հյուսիսային Կորեայում, օրինակ, մարդկանց բացարձակ մեծամասնությունը կիսաքաղց է, անգամ սեփական բնակավայրից դուրս գալու իրավունք չունի, բայց պարտավոր է ամեն առիթով ի ցույց դնել իր երջանիկ լինելը (հակառակ դեպքում կհայտնվի բանտում), իսկ Կիմ Չեն Ընի ահռելի հարստության մասին լեգենդներ են շրջում։ Թուրքմենբաշին էլ աչքի էր ընկնում ահռելի անձնական հարստությամբ ու ամենուր սեփական ոսկեզօծ կիսանդրիները տեղադրելու մոլուցքով, և, ի դեպ, նախագահության 7-րդ տարում ինքն իրեն Թուրքմենստանի ցմահ նախագահ էր նշանակել։ Մոամմար Քադդաֆիի անփառունակ վախճանից հետո էլ պարզվեց, որ «Լիբիայի ներդրումային գործակալության» բազմամիլիարդանոց ունեցվածքն իրականում պատկանում էր անձամբ նրան ու նրա ընտանիքի անդամներին, և միայն մի երկիր՝ Իտալիան, առգրավեց նրան պատկանող մոտ 1,3 միլիարդ եվրոյի ակտիվներ։
Հա, ինչի՞ մասին էինք խոսում։ «Ռուհնաման», օրինակ, բավականին գեղեցիկ է հնչում, իսկ ահա «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» երկար է ու չհիշվող։ Պետք է ինչ-որ անուն հորինել։ Կարելի է հենց «Ռուհնամայի» օրինակով էլ Նիկոլական գաղափարախոսության անունը դնել, ասենք, «Խաշլամա»։ Նախ՝ որովհետև նիկոլական արժեհամակարգում խաշն ընկալվում է որպես երջանկության խորհրդանիշ, և երկրորդ՝ այն կարող է ընկալվել նաև որպես հապավում․ «խաղաղություն աշխարհին»։
Մարկ Նշանյան