ՔՊ-ականները հայտարարում են, թե Էջմիածնում ջախջախիչ հաղթանակ են տարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի ու Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ ճիշտ են ասում՝ բացի մի բառից․ ջախջախիչ հաղթանակը տարել են ոչ թե նրանց նկատմամբ, այլ նրանց շնորհիվ։
Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա արժե փորձել հասկանալ, թե հատկապես ո՞ր գործոնները նպաստեցին իշխանությունների հաղթանակին, և դրանցից քանի՞սը կգործեն նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
1․ Վարչական ռեսուրս։ Էջմիածնի ընտրությունների ժամանակ սա լայնորեն կիրառվել է, և բնականաբար՝ կիրառվելու է նաև խորհրդարանական ընտրություններում, բայց դա ավելի բարդ է լինելու։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ հեշտ է նախարարներով, պատգամավորներով, ՔՊ վերնախավով ու մի քանի հարյուր հոգանոց «շարժական գույքով» կենտրոնանալ ընդամենը մի համայնքում, բայց նույնը ՀՀ ողջ տարածքում անել հնարավոր չի լինելու։ Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանը դա կփոխհատուցի բռնաճնշումների ալիքի մեծացմամբ։ Պարզ ասած, կառաջնորդվի Մուսոլինիի հանրահայտ «յուրայիններին՝ ամեն ինչ, մնացածին՝ օրենք» սկզբունքով ու կփորձի «օրենքով» մեկուսացնել ընդդիմության առավել երևացող դեմքերին։ Այնպես որ՝ ՔՊ-ի այս առավելությունը կգործի նաև համապետական ընտրությունների ժամանակ։
2․ Ակնհայտ է, որ «արդեն իսկ հաստատված խաղաղության» քարոզչությունն իրականում լավ էլ աշխատում է, ու նաև սա էր պատճառը, որ Էջմիածնում իշխանությունները շատ ավելի լավ արդյունքներ գրանցեցին, քան, ասենք, Երևանում կամ Գյումրիում։ Հանրային այս ընկալումն օբյեկտիվ իրողություն է՝ անկախ նրանից, թե որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, և այս գործոնը թերագնահատել չի կարելի։ Ավելին՝ մեծ հավանականությամբ, Ադրբեջանն ու Թուրքիան մինչև առաջիկա ընտրությունները իրենց համեմատաբար համեստ կպահեն, ինչը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա է՛լ ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործել «հաստատված խաղաղության» քարոզչական հաղթաթուղթը։
3․ «Ճիշտ դեմքով» ընտրությունների գնալը։ ՔՊ-ն առաջադրել էր մեկին, ով առանձնապես վարկաբեկված չէր, և ում կերպարի առանցքում արցախյան պատերազմում հերոսաբար զոհված հայրն էր։ Կարող էր, չէ՞, երկրորդ տեղը զբաղեցրած ուժը՝ ՀՅԴ-ի և «Առաջ» կուսակցության դաշինքը, նույնպես այդպիսի կերպարով ներկայանալ։ Բայց՝ չէ, նրանք գերադասել էին ներկայանալ պայմանական «սաքուլիկի» (մեծ հաշվով՝ կուսակցական հաջողակ կարիերիստի) դեմքով։ Ու նույնիսկ այդ պարագայում շատ բարձր տոկոսներ ապահովեցին։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ավելի շատ ձայներ կստանային, եթե ներկայանային ավելի հաջող դեմքով։
Այլ կերպ ասած՝ Էջմիածնում ՔՊ-ի հաղթանակի հիմնական գործոններից մեկն էլ «ճիշտ դեմքի» ընտրությունն էր, բայց խորհրդարանական ընտրությունների դեպքում այդ հնարքը կիրառել չի ստացվի։ ՔՊ-ի առաջին համարն այսպես թե այնպես Նիկոլ Փաշինյանն է լինելու, իսկ նրա կերպարը խմբագրման ենթակա չէ։
4․ Ընդդիմադիր ուժերի ասելիքի բացակայությունը։ Ճիշտ է, ՏԻՄ ընտրություններում դա այնքան էլ էական չէ, բայց նախընտրական աժիոտաժը, չգիտես ինչու, Էջմիածնի ընտրություններին համապետական քաղաքական իմաստ էր հաղորդել։
Իսկ քաղաքական ասելիքը համապետական ընտրություններում առանցքային է լինելու։ Նիկոլ Փաշինյանի ասելիքը հստակ է և մինչև հունիս հազիվ թե փոխվի։ Այն է՝ «մենք երկիրը դուրս ենք բերում Ռուսաստանի գրպանից, իսկ սրանք ուզում են մեզ թողնել այդ գրպանում»։ Ճիշտ է, նա կիսատ է ասում՝ չի ասում, որ ուզում է Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի գրպանից և տեղավորել Արևմուտքի գրպանում, իսկ արևմտյան «կոստյումն» էլ, թարսի պես, Թուրքիայի հագին է։ Բայց ընդդիմությունն էլ փաստացի հաստատում է, որ իսկապես նպատակ ունի երկիրը թողնել ռուսական գրպանում, և վերջ։ Մինչև ընտրությունները Հայաստանում կձևավորվի՞ երրորդ բևեռ, որը հասարակությանը կհամոզի, որ հնարավո՛ր է չմնալ ռուսական գրպանում ու միաժամանակ չհայտնվել թուրքական կոստյումի ծալքերում։ Եթե ձևավորվի՝ համապետական ընտրություններում կունենանք ուժերի բոլորովին այլ հարաբերակցություն, եթե չհաջողվի՝ վերոհիշյալ չորս գործոնների շնորհիվ Նիկոլ Փաշինյանը կապահովի մոտավորապես նույն արդյունքները, ինչ Էջմիածնում։
Մարկ Նշանյան