...

Վլադիմիր Վլադիմիրովիչ, միայն արդարաբար

Վլադիմիր Վլադիմիրովիչ, միայն արդարաբար

Ամենակարևորն ասվեց։ Ռոբերտ Քոչարյանն ըստ էության հայտարարեց, որ Լուկաշենկոն իրավացի է, Հայաստանն իսկապես էլ միութենական պետությունից բացի գնալու տեղ չունի, և ինքը պատրաստ է ստանձնել այդ առաքելությունն ու Հայաստանը տանել այդ ճանապարհով։ Պարզ ասած՝ վերցնել իշխանությունը և դրա դիմաց վճարել մեր ինքնիշխանության դեռևս պահպանված փշրանքներով։

Քոչարյանն, ի դեպ, այդպիսի փորձ ունի և 1997-98-ին նման մի բան արդեն արել է։ Պարզապես այն ժամանակ հանուն իշխանության ոչ թե Հայաստանի, այլ Արցախի ապագայի վրա է խաչ քաշել։ Հասկանում էր, չէ՞, որ փոխզիջումային կարգավորումը մերժելով՝ վտանգում է Արցախի ապագան։ Հասկանում էր, բայց գերադասեց անձնական իշխանությունը։ Հիմա էլ Ստամբուլյան խարտիայի տեքստն է օդում ճոճում, իբր՝ տեսեք, ոչ մի խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Ձևացնելով, թե չի նկատում, որ այդ նույն տեքստում որպես հակամարտության կողմեր նշված են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, հետևաբար՝ ինքնորոշման իրավունքի մասին նույնպես ոչ մի խոսք չկա։ Եթե հակամարտության կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, ի՞նչ ինքնորոշում, ո՞վ պիտի ումից ինքնորոշվի։ Մարդը հիմա էլ նույն «տրյուկը» Հայաստանի նկատմամբ է անում, ասում է իշխանությունը տվեք ինձ՝ մտնեմ միասնական պետություն։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ 

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է իրար խառնվել, ինչո՞ւ է իրեն գովազդում որպես ռուսական գուբերնատորի լավագույն թեկնածու, չլինի՞ լուրջ մրցակիցներ ունի։ Իհարկե ունի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Դրա համար էլ հընթացս նաև «հակագովազդով է զբաղված»՝ նրան ներկայացնելով որպես Հայաստանը Ռուսաստանից պոկելու և թուրքական վիլայեթ դարձնելու ճանապարհի կողմնակից։ Իրականում Նիկոլ Փաշինյանի համար միևնույն է՝ Հայաստանը կլինի ռուսական գուբերնիա՞, թուրքական վիլայե՞թ, թե՞ մոնղոլական ուլուս։ Կարևորը՝ որ ինքը մնա իշխանության։ Ու թող որևէ մեկին թյուրիմացության մեջ չգցի «հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք» նախագիծը։ Ինչքան նախկինները հյուսիս-հարավը կառուցեցին, այնքան էլ սա է արևելք-արևմուտքը կառուցելու։ Նախկիններին ընդամենը «օբշչակ» էր պետք, որպեսզի երբ փողի կարիք լինի՝ ում ինչքան պետք է վերցնի, ու նույնն էլ այս դեպքում է լինելու։ Դրա համար էլ «աննախադեպ հարյուր միլիոնավոր դոլարներ» են դուրս գրելու բյուջեից՝ մի նախագծի համար, որի իրականացման հավանականությունը զրոյին մոտ է։ Դրա համար էլ, ի դեպ, որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպություն մտադրություն չունի ներդրումներ կատարել այդ «համաշխարհային կարևորության խաչմերուկի» կառուցման գործում։ Շատ-շատ՝ վարկեր տան, իսկ վարկ տվողն ընդհանրապես թքած ունի՝ այդ ճանապարհները գործելո՞ւ են, թե ոչ, կարևորը՝ գումարն ու տոկոսները ժամանակին վճարվեն։ Ավելին․ եթե անգամ այդ ճանապարհները կառուցվեն, դա դեռ չի նշանակում, որ գործելու են։ Չեք հավատում՝ «Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևոր» Սերժ Սարգսյանին հարցրեք։ Մինչև հիմա դեռ թռնում է։ Կարող եք նաև Տիգրան Սարգսյանին հարցնել՝ այդպիսի մի վարչապետ կար, չէ՞, որ Գյումրիում տեխնոպարկ ու նավահանգիստ էր կառուցում, հարցրեք՝ քանի՞ նավ է դիմավորել։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է «աննախադեպ ծավալների նախագծեր» իրականացնում օլիմպիական սկզբունքով՝ կարևորը ոչ թե արդյունքն է, այլ մասնակցությունը։

Մի խոսքով՝ իրականում Հայաստանի «ներքաղաքական պայքարը» ռուսական և թուրքական կողմնորոշումների միջև չէ, պայքարը ռուսական գուբերնատորի լավագույն թեկնածուի տիտղոսի համար է։ Հիմնական հավակնորդներն էլ Քոչարյանն ու Փաշինյանն են՝ իսկապես միմյանց արժանի անհաշտ մրցակիցներ։ Ու երկուսն էլ հույս ունեն, որ մրցավարն արդար կդատի։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ