...

Ոտուձեռ ընկած նոր մեղավոր են փնտրում

Ոտուձեռ ընկած նոր մեղավոր են փնտրում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Սերժ Սարգսյանի օրերս տված հարցազրույցին: Պատգամավորը մասնավորապես գրել է. 

«Բանակցային գործընթացում 1992-2018թթ. ի հայտ եկած անբարենպաստ փաստերի մասին խոսակցությունը Սերժ Սարգսյանը համարում է պրոադրբեջանական խոսակցություն: Իսկ գործող իշխանության մեղքը ո՞րն է, որ այդ իրողությունները կան: Թե՞ կոնկրետ իրողությունները չնկատելն է ճիշտ մոտեցումը: Հենց իրողությունները չնկատելու քաղաքականությունն է, որ դիսոնանս է ստեղծել հանրային ընկալումների, բանակցային գործընթացի և 30-ամյա զրկանքների միջև: Այդ հանգամանքների հետ առերեսումը չի նշանակում հրաժարում Արցախի իրավունքներից, այդ հանգամանքների հետ առերեսումը նշանակում է խնդրի ճիշտ ախտորոշում և հետևաբար արդյունավետ դեղատոմսերի փնտրտուք: Մի հարցում Սերժ Սարգսյանի ասածի հետ, իհարկե, համաձայն ենք: ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններ կան, և քաղաքական մեծամասնության քաղաքականությունը հենց սա է»:

Վահագն Ալեքսանյանի հոդվածը բավական ծավալուն է: Շաաա՜տ մեծ: Հատ-հատ անդրադարձել է Սերժ Սարգսյանի տարբեր տեսակետներին: Մենք ընդամենը մի փոքրիկ հատված ենք մեջբերել: 

Հիմա այստեղ իմաստ չկա խոսել, թե Սերժ Սարգսյանը որտեղ է սխալ բան ասել, որտեղ՝ ճիշտ: Կամ անդրադառնալ քպ-ական պատգամավորի հակադարձումներին:

Մեզ մի բան է հետաքրքրում. որ պատգամավորն ասում է, թե բանակցային գործընթացում 1992-2018թթ. ի հայտ եկած անբարենպաստ փաստերը իրողություններ են, և դրանք չնկատելու քաղաքականությունն էր, որ դիսոնանս է ստեղծել հանրային ընկալումների, բանակցային գործընթացի միջև, բա այդ դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հայտարարում էր, թե Լավրովի պլանը դավաճանություն է, դա ի՞նչ էր՝ բանակցային գործընթացում առկա իրողությունները չնկատելու քաղաքականություն է՞ր, թե՞ մոտը դիսոնանս էր առաջացել:

Ասել է, չէ՞: Ինչի՞ էր ասում: Հետո, երբ եկել է իշխանության, բանակցային գործընթացում 1992-2018թթ. ի հայտ եկած անբարենպաստ փաստերը ընկալել է՞ր: Թե՞ դիսոնանսը շարունակվել է: Երբ պատերազմը տանուլ տվեցիք, փորձեցիք մեղքը բարդել ռուսների վրա, թե իրենք փորձում էին պարտադրել Լավրովի պլանը, ռուսներն էլ՝ մեկ, երկու, վերջը չդիմացան, ստիպված պաշտոնական հայտարարություն արեցին, ասացին՝ եթե դուք ի վիճակի չեք իրողություններն ընկալել, դրանք չնկատելու եք տալիս, եթե ձեզ մարդավարի բացատրում են, թե ինչ ենք առաջարկում, ձեզ գժի տեղ եք դնում, հիմա ինչի՞ եք մեր անունը շահարկում: Գնացեք, ձեր ձախողումների համար ուրիշ մարդ գտեք:

Ու գտել են՝ Սերժ Սարգսյանին: Կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, դե, որովհետև ռուսներին այլևս չեն կարող կպնել: Դուք ավելի լավ է ձեզանից խոսեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3006 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ