...

Խաղաղության դարաշրջանի փուչիկը պայթեց

Խաղաղության դարաշրջանի փուչիկը պայթեց

Եվ այսպես, Ադրբեջանը պաշտոնապես մերժեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Հայաստանի առաջարկները։ Պատասխանը մոտավորապես այսպիսին էր՝ «դուք ո՞վ եք, որ ինչ-որ նախապայմաններ առաջ քաշեք»։ Սրանով էլ վերջնականապես պայթեց «խաղաղության դարաշրջանի բացման» փուչիկը, որովհետև ակնհայտ դարձավ, որ նախ՝ այդ դարաշրջանը շուտ չի բացվելու, և երկրորդ՝ եթե անգամ բացվի, Հայաստանը դրա համար շատ ավելի մեծ գին է վճարելու, քան Արցախի 75 տոկոսն էր։ Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը պահանջելու է նաև «Զանգեզուրի միջանցք», ՀՀ տարածքից մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր «ամայի սարեր», պաշտոնական հայտարարություն, որ Հայաստանն այլևս որևէ կապ չի ունենալու Արցախի հետ, որովհետև «դա Ադրբեջանի ներքին գործն է», և այլն։ Պահանջածը կստանա՝ կստանա, չի ստանա՝ ուրեմն «խաղաղության դարաշրջանն» էլ չի բացվի։

«Խաղաղության դարաշրջան» կոչվող փուչիկի պայթելն, անկասկած, նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հասցված ամենածանր հարվածն էր։ Մեկուկես տարի շարունակ նա ահռելի տարածքային կորուստներն ու մարդկային զոհերն արդարացնում էր նրանով, որ արդյունքում տևական խաղաղություն ենք ունենալու, ու հանկարծ պարզվում է, որ ոչ մի խաղաղություն էլ չի լինելու, դա խաբեություն էր։ Ավելին՝ մեկուկես տարի շարունակ մեր «հասարակական-քաղաքական միտքը» տեղի ունեցածը քննարկում էր առավելապես բարոյական հարթության մեջ։ Այն է՝ բարոյակա՞ն էր արդյոք «Արցախը հանձնենք, հասնենք տևական խաղաղության» ծրագիրը, թե ոչ։ Ու հիմա հանկարծ ակնհայտ է դառնում, որ դա ի սկզբանե անիմաստ բանավեճ էր, որովհետև անգամ Արցախը այդ ձևով հանձնելու դիմաց մեզ ոչ մեկը խաղաղություն չի տալու։ Պատկերացրեք՝ աղքատ մարդը որոշում է իր երկու դուստրերից մեկին վաճառել հասարակաց տանը, որպեսզի այդ գումարով մյուսի կրթության գումարը վճարի, այդպես էլ անում է, իսկ մեկուկես տարի անց պարզվում է, որ նախ՝ հասարակաց տունը չի պատրաստվում ոչինչ վճարել և պահանջում է, որ մի քիչ էլ մյուս դուստրը «ծառայություններ մատուցի», և երկրորդ՝ եթե անգամ վճարի, այդ գումարը բավարար չի լինելու կրթության համար։ Հիմա հարց է ծագում՝ այդ մարդն ավելի շատ անբարոյակա՞ն է, թե՞ հիմար, և «գնդակահարության պատի տակ» պիտի կանգնի անբարոյականությա՞ն, թե՞ կործանարար տխմարության համար։ Ընդ որում, որևէ արդարացում, թե «դե բա ես ի՞նչ անեմ, որ խաբեցին փողը չտվեցին, բայց որ տային՝ հաստատ լավ կլիներ», այս դեպքում չի անցնում։ Եթե անգամ դեռ մարդիկ կան, ովքեր հավատում են, թե «ոչինչ, մի քիչ ձգձգվում ա, բայց վաղ թե ուշ փողը կտան, մեր աղջիկը կրթություն կստանա, ընտանիքը լավ կապրի»։

Տարօրինակ է նաև, որ ներքաղաքական բանավեճում Նիկոլ Փաշինյանին ընդդիմության քննադատություններից պաշտպանելու փորձեր են արվում հետևյալ հարցադրումով՝ լավ, ենթադրենք նա հեռացավ, ուրիշները եկան, ի՞նչ պիտի անեն այս իրավիճակում, կարողանալո՞ւ են բանակցային սեղանի շուրջ ավելի լավ արդյունքներ ապահովել։ Նախ՝ գուցեև կարողանան, բայց եթե անգամ չեն կարողանալու՝ դա ինչ-որ բան փոխո՞ւմ է։

Մարդասպանության համար մեղադրվողի դատավարության ժամանակ չեն ասում, չէ՞, «լավ, ենթադրենք՝ էս մարդուն դատեցինք, դրանով սպանվածը վերակենդանանալո՞ւ է»։ Չի վերակենդանանալու, բայց պատիժը կստիպի, որ հետագայում որևէ մեկի մտքով չանցնի մարդ սպանել։ 

Այնպես որ՝ չի կարելի հենց այնպես ասել «լավ, եղածը եղած է» ու առաջ անցնել։ Այո, ապագան շատ ավելի կարևոր է, բայց հանցագործություններ կան, որոնք վաղեմության ժամկետ չունեն, իսկ եթե հանցագործությունը տեղի է ունեցել դրա իրականացնողի հիմարության պատճառով՝ չի կարելի թույլ տալ, որ հենց նա էլ պատասխանատու լինի ապագայի համար։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4435 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ