...

Խաղաղության դիմաց մեզ ներկայացված 4 «գնային առաջարկները»

Խաղաղության դիմաց մեզ ներկայացված 4 «գնային առաջարկները»

Երբ Ադրբեջանի նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ իր երկիրը երկու ռազմավարական խնդիր ունի՝ «ապահովել արտատարածքային հաղորդակցություն Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև» ու հասանելիություն ստանալ Սևանա լճին, Հայաստանում պիտի հասկանան, որ այդ նախկին պաշտոնյայի շուրթերով մեզ հետ Ալիևն է խոսում, ընդ որում՝ ներկայացնում է ոչ թե «տեսլական», այլ կոնկրետ նպատակ, որից չի հրաժարվել ու չի հրաժարվելու։ Այսինքն՝ «արտատարածքային միջանցքը» կամ ամբողջ Սյունիքը վերցնելը շարունակում է մնալ այդ երկրի հիմնական նպատակը՝ անկախ նրանից, «խաղաղության պայմանագիր» կստորագրվի՞, թե՞ ոչ, ու Ադրբեջանն այդ նպատակին հասնելու առնվազն 4 տարբերակ է մշակել։ Եվ եթե այդ տարբերակներից մեկ-երկուսը հընթացս «ջրվում են»՝ դա դեռ չի նշանակում, թե թեման փակված է։

Որո՞նք են այդ 4 տարբերակները։

1․ 44-օրյա պատերազմից արդեն ամիսներ անց Ադրբեջանը սկսեց վիճարկել Լաչինի միջանցքի կարգավիճակն ու հայտարարել, թե այդ ճանապարհը պիտի գործի նույն ռեժիմով, որով կգործի Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։ Այսինքն՝ եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն ընդհանրապես չվերահսկի Հայաստանից Արցախ մտնող մեքենաները, ուրեմն մենք էլ պիտի գործ չունենանք Մեղրիով անցնող ադրբեջանական բեռների հետ։ Ուղերձը հասկանալի էր․ եթե ուզում եք Ղարաբաղի հետ կապերը պահպանել՝ մեզ արտատարածքային միջանցք տվեք։ Հայաստանը մերժեց հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Մեղրիով անցնելիք ճանապարհի իրավական ռեժիմների միջև, և այդ տարբերակը «ջրվեց»։ «Ջրելու» գինն Արցախի շրջափակումն էր։

2․ Արցախի հայաթափումից հետո «Լաչինի միջանցք» հասկացությունը վերացավ, հետևաբար՝ վերացավ նաև դրա դիմաց Հայաստանից «արտատարածքային միջանցք» պոկելու տարբերակը։ Եվ Ադրբեջանն անցավ երկրորդ տարբերակին՝ հայտարարեց, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց անպայման «վերադառնալու է Զանգեզուր, ընդ որում՝ ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով»։ Այս ուղերձը նույնպես հասկանալի էր․ եթե հայերն ուզում են վերադառնալ Ղարաբաղ՝ ուրեմն ադրբեջանցիներն էլ պիտի վերադառնան Սյունիք, որի մի քանի հատվածներում մինչև 1988-ը մեծամասնություն էին։ Հայաստանն այս տարբերակը նույնպես «ջրեց»՝ հայտարարելով, թե կարող է խաղաղության պայմանագրում ընդհանրապես չներառել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ 

3․ Երրորդ տարբերակն ընդհանուր գծերով հետևյալն է․ Ադրբեջանն առերևույթ հրաժարվում է «արտատարածքային միջանցքից», բայց խաղաղության պայմանագրում ներառվում է «30-ամյա օկուպացիայի» դիմաց ռեպարացիաներ վճարելու հարցը։ Ու քանի որ խոսքն ահռելի գումարների մասին է լինելու, և Հայաստանն ի վիճակի չի լինելու վճարել, հարց է բարձրացվելու, որ Հայաստանը կարող է «փոխհատուցել», օրինակ, Սյունիքի մարզը երկար ժամանակով Ադրբեջանին «արենդայով» հանձնելու միջոցով։ Այդ ընթացքում մարզը կբնակեցվի ադրբեջանցիներով, հետո նրանք ինքնավարություն կպահանջեն․․․ մի խոսքով՝ շարունակությունը հայտնի է։

4․ Ուղղակի ռազմական էքսպանսիա։ Ադրբեջանը, անկասկած, այս տարբերակից նույնպես չի հրաժարվել և ընդամենը հարմար պահի է սպասում։ Ընդ որում՝ եթե այդպիսի պահ գտնի, մյուս տարբերակները միանգամից երկրորդ պլան կմղի։

Այսպիսով՝ 4 տարբերակներից երկուսը փաստացի «ջրվել են», բայց դրա արդյունքում ընդամենը մյուս երկու տարբերակներն են դարձել ավելի հավանական։ Այսինքն՝ իրականում «համեմատաբար հանդարտ» իրավիճակն ընդամենը հանդարտություն է նոր փոթորիկից առաջ։ Իսկ «ծաղկափոշու մեջ թաթախված» հասարակությունը «խաղաղության դարաշրջան» է կանխավայելում․․․

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ