...

«Ականջներով սիրող» և «ըմբռնումով մոտեցող» հասարակությունների ճակատագիրը

«Ականջներով սիրող» և «ըմբռնումով մոտեցող» հասարակությունների ճակատագիրը

Այսօր Հայաստանում բոլորին նույն հարցն է հետաքրքրում․ ի՞նչ անել՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Հեռուստատաղավարներում, սոցկայքերում, տարբեր հարթակներում, բակային զրուցարաններում, մի խոսքով՝ ամեն տեղ նույն քննարկումներն են (ի դեպ՝ մոտավորապես նույն մակարդակով)․ ինչպե՞ս երկիրը դուրս բերել այս վիճակից։ Սա բնորոշ է պետականություն չունեցող ժողովուրդներին, որովհետև պետականություն ունեցող ժողովուրդներն այդ հարցի պատասխանն ունեն։ Դրանով պիտի զբաղվեն իշխանությունները, իսկ եթե չեն կարողանում, ու արդյունքները բացասական են լինում, պետք է փոխել իշխանություններին։ Հետևաբար՝ «ինչպե՞ս երկիրը դուրս բերել այս վիճակից» հարցը մի պատասխան ունի․ «ընտրել այնպիսի իշխանություններ, որոնք ի վիճակի կլինեն անել դա»։

Բայց մեր հասարակությունը որևէ իշխանության գործունեություն գնահատում է ոչ թե ըստ արդյունքների, այլ ըստ սեփական էմոցիոնալ ընկալումների, պարզ ասած՝ «սիրում է ականջներով», հետևաբար՝ որպես կանոն, փայլուն, բայց «վատ մատուցված» հաջողությունները չի ներում, իսկ ձախողումներին, եթե արդարացումները գեղեցիկ են ձևակերպված, «ըմբռնումով է մոտենում»։ Դրա համար էլ, օրինակ, պատերազմ հաղթած երկրի ղեկավարին «հողատու» ու «դավաճան» է անվանում, նրան ասպարեզից հեռացրածին ու այսօրվա աղետների հիմքը դրածին՝ «ազգային հերոս», երկիրը ջախջախման ու կապիտուլյացիայի հասցրածին՝ «փրկիչ», և այլն։ Այո, բաներ կան, որ ոչ մի առողջ հասարակություն չէր հանդուրժի, իսկ մենք հանդուրժում ենք, «ըմբռնումով մոտենում» ու նույնիսկ ինքներս արդարացումներ գտնում։ Օրինակ՝ մեկը ժամանակին գալիս է Հայաստան, զավթում իշխանությունը, երբևէ բիզնեսով չի զբաղվում, իսկ պաշտոնանկությունից հետո, պարզվում է, դարձել է դոլարային մուլտիմիլիոնատեր, ունեցվածքի ու բիզնեսների միայն անվանումներն էլ 7-8 համակարգչային էջ են զբաղեցնում։ Իսկ մենք ասում ենք «հա, դե բա հո պրեզիդենտը քյասիբ չէ՞ր լինելու», «ով էլ իր փոխարեն լիներ՝ անելու էր», «մեղր ծախողը պատը պիտի լիզի», և այլն։ Հետո սա գնում է, մյուսն է գալիս ու ճիշտ նույն կերպ վարվում, մենք էլ ճիշտ նույն ձևով «ըմբռնումով ենք մոտենում» ու նույնիսկ արդարացնում՝ նրանց կառավարման արդյունքը գնահատելով որպես «զատո 20 տարի խաղաղ էր»։ 

Մինչդեռ արդյունքները գնահատելու միայն մի չափանիշ պիտի լիներ․ նրանցից յուրաքանչյուրի կառավարման ժամանակահատվածում ինչպե՞ս է փոխվել հայ-ադրբեջանական ուժերի հարաբերակցությունը։ Պատկերը, կարծում ենք, ակնհայտ է։ 1991-ին Հայաստանը երկրաշարժից տուժած, շրջափակման մեջ գտնվող, Ադրբեջանից մի քանի հարյուր հազար փախստական ընդունած, շրջափակված Արցախ ունեցող թույլ երկիր էր, 1998-ին՝ պատերազմում հաղթած, տնտեսական ճգնաժամ հաղթահարած, Ադրբեջանին արժանապատիվ խաղաղություն պարտադրելու ունակ ուժեղ պետություն։ 2008-ին Ադրբեջանն արդեն հսկայական տեմպերով զարգացող ու բանակ հզորացնող նավթային երկիր էր, իսկ Հայաստանում «ամենախոշոր բիզնեսները» ռուսական գազը էժան առնել-թանկ ծախելն էր ու շաքարավազ ներկրելը, «ավելացված արժեքն» էլ ընդամենը Հյուսիսային պողոտա էր դառնում։ 2018-ին մեր և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցությունն արդեն այնպիսին էր, որ քառօրյա պատերազմում ընդամենը 800 հեկտար կորցնելը փայլուն հաղթանակ էինք համարում, պարտված Ադրբեջանն էլ մեզ հետ բացառապես ուժի դիրքերից էր խոսում։ Իսկ 2023-ին արդեն Արցախը չկա, ՀՀ տարածքից կորցրել ենք ավելի քան 200 քկմ տարածք, օրվա իշխանություններն էլ ոչ թե կապիտուլյացիայի դետալներն են քննարկում, այլ ժամկետները։ 

Բայց հասարակության մի մասն անգամ սրան է ըմբռնումով մոտենում՝ «դե էդ խեղճ հարիֆն ի՞նչ աներ», «ռուսները քցեցին», «բանակը չկռվեց», «5-րդ շարասյուն կար», «վերջում էլ Ղարաբաղի իշխանությունները դավաճան դուրս եկան», և այսպես շարունակ։

Իսկ սա շատ լուրջ պրոբլեմ է, որովհետև որևէ իշխանության գործունեությունը կոնկրետ արդյունքներով չգնահատող և նույնիսկ ամենաանհեթեթ «արդարացումներին» ըմբռնումով մոտեցող հասարակությունները, որպես կանոն, ամեն անգամ ստանում են այնպիսի իշխանություն, որի համար կարևորը ոչ թե պետության համար դրական արդյունքներն են, այլ ձախողումների համար արդարացումներ գտնելու հնարավորությունը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   691 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ