...

Ձախողված հանրահավաք՝ ի շահ Քոչարյանի և Նիկոլի

Ձախողված հանրահավաք՝ ի շահ Քոչարյանի և Նիկոլի

Եվ այսպես, ինչո՞ւ ձախողվեց նոյեմբերի 5-ի հանրահավաքը։ Այո, որքան էլ ընդդմությունը փորձի ինքնախաբեությամբ զբաղվել՝ դա ձախողում էր, որովհետև երբ Ստեփանակերտում տեղի է ունենում 40 հազարանոց հանրահավաք, որին փաստացի մասնակցում է Արցախի չափահաս բնակչության 60-70 տոկոսը, և նրանց աջակցելու համար միլիոնանոց քաղաքի կենտրոնում ընդամենը 5-6 հազար մարդ է հավաքվում, դա կատարյալ ձախողում է, և պետք է ոչ թե հակառակը պնդել, այլ փորձել հասկանալ պատճառները։ 

Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքը ներքաղաքական ուղերձներ չուներ։ Հանրահավաքի նպատակն էր՝ աշխարհին ցույց տալ, որ Արցախի ժողովուրդը միասնաբար մերժում է Ադրբեջանի ենթակայության տակ հայտնվելու ցանկացած տարբերակ, դրա համար էլ այդ հանրահավաքին կողք-կողքի մասնակցում էին և՛ իշխանությունները, և՛ իշխանություններից զզվողները, և՛ քաղաքական անհաշտ հակառակորդները, և՛ տեղական օլիգարխները, և՛ նրանցից տուժած շարքային քաղաքացիները․․․ Իսկ երևանյան հանրահավաքը՝ հակառակը, առավելապես ներքաղաքական ուղերձներ էր պարունակում։ 

Բայց մի պահ պատկերացնենք, թե դա այդպես չէ, և Երևանում կազմակերպված հանրահավաքի նպատակն իսկապես էլ արցախահայությանը զորակցություն հայտնելն էր, հայ ժողովրդի միասնական կամքն աշխարհին ցուցադրելն ու նոր կապիտուլյացիան կանխելը։ Տրամաբանորեն՝ այդ դեպքում Երևանում պիտի տեղի ունենար նույնը, ինչ Ստեփանակերտում։ Ճիշտ է, ՀՀ իշխանությունները չէին կարող պաշտոնապես այդպիսի հանրահավաք կազմակերպել, բայց կարող էին «տակից» աջակցել, օգտագործել հնարավոր բոլոր լծակները, և արդյունքում փողոց դուրս կգային հարյուր հազարավոր մարդիկ՝ Արցախին աջակցելու և նոր կապիտուլյացիան մերժելու կարգախոսներով, ինչը, հնարավոր է, աշխարհին ստիպեր այնուամենայնիվ հաշվի առնել նաև հայ ժողովրդի հավաքական կարծիքը և փոքր-ինչ ամրացներ Հայաստանի բանակցային դիրքերը։ Հասկանալի է, որ դա կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե իշխանություններն ու ընդդիմությունը խորհրդապահական քննարկումների արդյունքում որոշեին այդպիսի համատեղ «գաղտնի օպերացիա» իրականացնել, բայց դատելով հանրահավաքի մասշտաբներից և ելույթների հռետորաբանությունից՝ նման բան չի եղել։ Ավելին՝ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ «դիմադրության շարժման» անվանական ու իրական լիդերները կտրուկ մերժել են ոչ միայն հնարավոր համագործակցության, այլև համատեղ քննարկումների որևէ հնարավորություն։ 

Արդյունքում՝ հանրահավաքը ձախողել է պաշտոնապես հռչակված բոլոր նպատակները։ Ոչ արցախահայությանն է «համազգային աջակցության» ուղերձ հղվել (ինչ է, ընդամենը 6 հազար մա՞րդ է մերժում Արցախի գոյությունն Ադրբեջանի ենթակայության ներքո), ոչ էլ արտաքին աշխարհին ենք ցույց տվել մեր միասնական կամքը (ի՞նչ միասնական կամք, եթե նոր կապիտուլյացիայից 5 րոպե պակաս բողոքի ձայն է բարձրացնում բնակչության ընդամենը 0,2 տոկոսը)։ Ուրեմն ի՞նչ կարիք կար կազմակերպել մի բան, որի ձախողումն ի սկզբանե կանխատեսելի էր։

Բանն այն է, որ դա ձախողում էր միայն պետական շահերի տեսանկյունից, իսկ «հիմնական խաղացողների» (Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի) տեսանկյունից ամենևին էլ ձախողում չէր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող է գնալ և ստորագրել «նոր կապիտուլյացիան»՝ հոխորտալով, թե ժողովրդի միայն 0,2 տոկոսն է դրան դեմ, Քոչարյանն էլ հանգիստ կհայտարարի, թե «դե մենք ի՞նչ անենք, որ ժողովուրդն անտարբեր է» ու կսպասի, թե երբ է Նիկոլը ստորագրելու, որպեսզի ինքը «կրկին փորձելու» հնարավորություն ստանա։

Պարզ ասած՝ Հայաստանի համար «նոր կապիտուլյացիայի» ծանրագույն հետևանքները ոչ Փաշինյանին են հետաքրքրում, ոչ Քոչարյանին։ Փաշինյանին հետաքրքրում է միայն այն, որ կարողանա դրանից հետո պահպանել իշխանությունը, իսկ Քոչարյանին՝ միայն այն, որ դրանից հետո  կարողանա լավագույնս «կապիտալիզացնել» այդ կապիտուլյացիան։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   811 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ