Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը գրել է. «Իր հարցազրույցում Քոչարյանը 4 լրագրողին հարցնում է, եթե կարող եք հիշեք իմ կառավարման տարիներին մեկ անզգույշ հայտարարություն Թուրքիայի հասցեին։
Մենք գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ` ժամանակին Քոչարյանի արած հայտարարությունը ցավոք չորսից ոչ մի լրագրող չհիշեց»։
ՉԻ.- Մեզ թվում է, որ ոչ մի լրագրող դա չէր հիշի: Որովհետև Ռոբերտ Քոչարյանը դա ասել էր ոչ թե թուրքերի, այլ ադրբեջանցիների վերաբերյալ: Իսկ դրանք դե-յուրե տարբեր ազգեր են:
Մնացածը ճիշտ է: Ռ. Քոչարյանը հայտարարել էր, թե հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են դեռևս 2003 թվականի հունվարին, էն էլ Ստրասբուրգում:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն էլ արձագանքել էր դրան ու հայտարարություն տարածել, որտեղ քննադատել էր Ռ. Քոչարյանին. «Եվրոպան», - ասել էր Շվիմերը,- «որին պատկանում են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը, սկսվում է էթնիկ, մշակութային, կրոնական եւ լեզվական բազմազանության իրողության ընդունումից: Մեր երազանքն է՝ օգտվել այդ բազմազանությունից եւ հարստանալ դրանով: Եվրոպական պատմության մութ էջերը հիշեցնելը երբեք էլ լավագույն ընտրական ռազմավարությունը չէ»:
Իսկ ընդհանրապես, որ Քոչարյանը խոսում է, պիտի իմանա, որ մարդիկ ամնեզիայով չեն տառապում ու լավ հիշողություն ունեն: