...

Հայաստանի անվտանգությունը և «ռուսական ռուլետկան»

Հայաստանի անվտանգությունը և «ռուսական ռուլետկան»

Երկու տարի ժամկետով Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ստեղծման որոշումն ու Ռուսաստանի արտգործնախարարության կոշտ արձագանքը մեր հասարակական-քաղաքական շրջանակներում հերթական անգամ հանգեցրեցին «ռուսամետների» և «արևմտամետների» թեժ լեզվակռվի։ Եվ ինչպես միշտ՝ գլուխ բարձրացրեց «հին հայկական հիվանդությունը», երբ քննարկվում են ոչ թե նպատակին հասնելու շանսերը կամ դրանց իսպառ բացակայությունը, այլ այդ նպատակի «լավը կամ վատը լինելը»։ Իսկ այդ բովանդակությամբ լեզվակռվում, բնականաբար, «արևմտամետների» դիրքերը շատ ավելի շահեկան են, որովհետև վերջնանպատակ է հռչակվում քաղաքակիրթ Եվրոպայի աջակցությամբ Հայաստանը ռուս-թուրքական աքցանից դուրս բերելը։ Իսկ գործնականում դա իրականացնելու շանսեր կան, թե ոչ՝ որևէ մեկին առանձնապես չի հետաքրքրում․ կարևորը լեզվակռիվն է։

Ի՞նչ է տեղի ունենում։ Հայաստանի համար «աշխարհաքաղաքական առճակատումը» (սա ՌԴ ԱԳՆ ձևակերպումն է) արագորեն մոտենում է իր հանգուցալուծմանը, և Ռուսաստանը բաց տեքստով սպառնում է՝ «Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն սրել առկա հակասությունները»։ Բայց Հայաստանի համար նաև ետդարձի ճանապարհ է թողնում՝ «եթե հայ դաշնակիցները շահագրգռված են օգտագործել ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»։ Պարզ ասած՝ դեռ ուշ չէ, արագ վերակողմնորոշվեք, թե չէ լավ չի լինի։

Որքանո՞վ են իրական Ռուսաստանից հնչող սպառնալիքները։ Ցավոք՝ բավականին իրական են, և խնդիրն այն չէ, որ ռուսները «հայերին չեն սիրում» կամ «հա էլ է՛դ են էղել»։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ կոշտ առճակատման մեջ է և ամեն գնով պիտի ցույց տա, որ իր առաջարկած «անվտանգության համակարգն» ավելի իրական է, քան Արևմուտքինը։ Իսկ ո՞րն է դա ցույց տալու ամենահեշտ ձևը։ Պատկերացրեք՝ եվրոպացի դիտորդները ժամանում են Հայաստան, և ամիսներ շարունակ սահմաններում ոչ մի լարվածություն չի լինում։ Դա, հասկանալի է, կլինի արևմտյան անվտանգության համակարգի լավագույն գովազդը, ինչը ռուսների համար անընդունելի է։ Իսկ ահա լավագույն հակագովազդն այն կլինի, որ եվրոպացի դիտորդների հայտնվելուն պես ադրբեջանցիները Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկեն։ Եվրոպական միության դիտորդները, իհարկե, կարձանագրեն դա, մեծ աղմուկ կբարձրացնեն, խստորեն կդատապարտեն, անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները կքննարկեն, բայց դրանից ավել ոչինչ չեն անի։ Հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանի հետ կոշտ առճակատման մեջ գտնվող Արևմուտքը ռազմական օգնություն չի ցուցաբերի ՀԱՊԿ անդամ երկրին՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրի դաշնակցի։ Եվ այս սցենարը միանգամայն ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև բացահայտ ձևով ցույց կտա արևմտյան անվտանգության համակարգի անգործությունը։ Առավել ևս, որ այդ անգործությունն արձանագրելուց հետո ՀՀ իշխանությունները (Նիկոլ Փաշինյանը, թե նրա «թռնելուց» հետո ձևավորվածը՝ էական չէ) ամենայն հավանականությամբ ստիպվա՛ծ կլինեն Ռուսաստանին խնդրել «օգտագործել ՀԱՊԿ ներուժը»։ 

Պարզ ասած՝ այս իրավիճակում Ռուսաստանն ունի ոչ միայն բոլոր առումներով իրեն ձեռնտու սցենար, այլև այդ սցենարն իրագործելու ռեալ հնարավորություն և «գործիքակազմ», մինչդեռ Հայաստանի նախանշած սցենարը զուտ տեսական է՝ գործնականում իրականացվելու չնչին հավանականությամբ։

Իսկ մենք դեռ ինքնամոռաց բանավիճում ենք, թե որ սցենարն է ավելի լավը կամ «հայանպաստ»։ Ի՞նչ իմաստ ունի այդ բանավեճը, եթե սցենարներից մեկի իրականացման հավանականությունը համարյա հարյուր տոկոսանոց է, մյուսինը՝ գրեթե զրոյական։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ