...

Իրար նվաստացնելով ո՞ւր ենք հասնելու

Իրար նվաստացնելով ո՞ւր ենք հասնելու

Քաղաքական դաշտի «հազար տարվա հիվանդությունը» համառորեն չի բուժվում։ Ընդդիմությունը հասարակությանը սխալ ազդակներ է տալիս, սխալ պնդումներ անում ու զարմանում, որ ճիշտ եզրակացություններ չեն արվում։ Միայն երկու օրինակ բերենք։

Հունիսի 3-ին ցուցարարների և ուժայինների միջև բախումներ եղան, տասնյակ մարդիկ տուժեցին, լրատվամիջոցներն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցին և՛ «ուժի անհամաչափ կիրառումն» ու տարբեր բերետավորների վայրագությունները, և՛ սադրիչների գործողությունները, ընդդիմությունն էլ «պեչատը խփեց»՝ Նիկոլի իշխանությունը հենված է բացառապես ոստիկանական մահակների վրա։ 

Այո, պարզունակ ընկալմամբ՝ դա այդպես է, որովհետև եթե կառավարական առանձնատների առջև ոչ մի ոստիկան չլիներ՝ ինչ-որ պահի ցուցարարներից մեկը կգոռար «արա դե հերի՛ք ա խոսաք, քելեք մտնենք դրա գլուխը ջարդենք», ու մի քանի հարյուր կամ հազար հոգով հենց այդպես էլ կանեին։ Հետո կձևավորվեին նոր իշխանություններ, բայց հենց հաջորդ օրը ուրիշ հազար հոգի կգնար նոր իշխանության գլուխը ջարդելու, և այդպես շարունակ։ Ընդ որում՝ անգամ 99 տոկոս ձայն ստացած ղեկավարն առանց ոստիկանության պաշտպանության դրանից ապահովագրված չէր լինի, և դա բոլոր երկրներում է այդպես։ Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլի իշխանության հենարանն ուժայինները չեն, նրա հենարանը ժողովրդի հուսահատությունն ու անտարբերությունն է, Քոչարյանի հիվանդագին իշխանատենչությունն է, քաղաքական ուժերի և մտավորականության մեծ մասի՝ պետության ապագայի նկատմամբ պատասխանատվության իսպառ բացակայությունն է․․․ Եթե այս գործոնները չլինեին՝ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգային փողոց, և ոչ մի «ուժային հենարան» Նիկոլին չէր փրկի։ Բայց սրանք բարդ հարցեր են, դրա փոխարեն կարելի է գնալ հեշտ ճանապարհով՝ հասարակությանը համոզել, թե ժողովուրդն 99 տոկոսով դեմ է «թուրք Նիկոլին», պարզապես «թուրք ոստիկանները» թույլ չեն տալիս իրականացնել մեր ազգային իղձերը։

Երկրորդ օրինակը։ Ռուսաստանի արտգործնախարարը գալիս է Հայաստան, ընդդիմությունը նրան ինչ-որ ուղերձներ է հղում (ընդ որում՝ ռուսերեն), դժգոհում է սեփական երկրի իշխանություններից, հասարակությունն էլ ակտիվորեն քննարկում է՝ զուտ «տղավարի» ճի՞շտ քայլ էր դա, թե ոչ, հարի՞ր էր դա մեր ազգային արժանապատվությանը, թե ոչ, և այլն։ Իսկ բուն ուղերձի իմաստը երկրորդ պլան է մղվում։ Ո՞րն էր, ի վերջո, ընդդիմության ասածը։ Որ Նիկոլի իշխանությունը լիազորված չէ Հայաստանի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել։ Ուշադրություն դարձրեք՝ զուտ քաղաքական առումով այդ պնդումն անհեթեթություն է, որովհետև եթե նրա իշխանությունը լիազորված չէ փաստաթուղթ ստորագրել Հայաստանի անունից, բա ո՞վ է լիազորված, Քոչարյա՞նը, Վանեցյան Արթո՞ւրը, թե՞ Սաղաթելյան Իշխանը։ Քանի որ իրենք նույնպես լիազորված չեն, այդ պնդումը գործնականում միայն մի բան է նշանակում՝ Հայաստանը պետություն չէ, իզուր էլ մեզ լուրջ եք վերաբերվում։ Մինչդեռ դրա փոխարեն ուղերձը պիտի լիներ հետևյալը՝ Նիկոլի իշխանությունը լիազորված չէ բանակցել Արցախի անունից և Արցախի ապագային առնչվող ցանկացած հարցով, Հայաստանին վերաբերող «խաղաղության համաձայնագիրն» էլ ստորագրվելուց առաջ անպայման պիտի հանրաքվեի դրվի և մերժվելու դեպքում հանգեցնի պարտադիր արտահերթ ընտրությունների։ Այ սա իսկապես կլիներ քաղաքական դիրքորոշում, որը կտաներ ոչ թե դեպի Հայաստանի «ինքնաիզգոյացում», այլ Նիկոլին կստիպեր բանակցությունների սեղանի շուրջ հրաժարվել «ինչ ուզում՝ բանակցում եմ» սկզբունքից։ 

Բայց քանի որ Հայաստանում տեղի ունեցողը քաղաքականության հետ առանձնապես կապ չունի՝ նման «մանրուքները» որևէ մեկին չեն հետաքրքրում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ