...

Մեր փոխարեն ուրիշներն են դասեր քաղում մեր սխալներից

Մեր փոխարեն ուրիշներն են դասեր քաղում մեր սխալներից

2020 թ նոյեմբերի 9-ից ուղիղ երկու տարի է անցել։ Բաքվում դեռ հայ ռազմագերիներ կան, այդ ընթացքում Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել, Լաչինի միջանցք փաստացի գոյություն չունի՝ կա ընդամենը ճանապարհ, Ալիևը բաց տեքստով հայտարարում է, որ մտադիր է ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը», իսկ Ղարաբաղ և Ղարաբաղի հարց գոյություն չունի, ռուս խաղաղապահներն էլ երեք տարի հետո ուզած-չուզած հեռանալու են, և ընդհանրապես՝ իրենք լավ «դաս են տվել Հայաստանին» ու պատրաստ են կրկնել։ Իսկ Հայաստանի իշխանությունները դեռ «խաղաղության դարաշրջան» են բացում։

Ադրբեջանը, ի դեպ, նույնպես դեմ չէ «խաղաղության դարաշրջանին», պարզապես դա այլ կերպ է պատկերացնում։ Այն է՝ դրա դիմաց պիտի Սյունիքով սուվերեն միջանցք ստանա, երեք տարի անց «Ղարաբաղի էթնիկ հայերի ինտեգրման» անվան տակ հայաթափի Արցախը, հետո որպես ռազմատուգանք պահանջի ամբողջ Սյունիքը, հետո «փախստականների վերադարձի» անվան տակ բնակեցնի ադրբեջանցիներով, շարունակի Հայաստանի շրջափակումը և այդպիսով Հայաստանը դարձնի վասալային պսևդոհանրապետություն։ Ընդ որում՝ Ադրբեջանը, իհարկե, ոչ մի դաս էլ չի տվել Հայաստանին։ Ադրբեջանն ինքն է դասեր քաղել Հայաստանի սխալներից ու փորձում է խուսափել դրանցից։ Բանն այն է, որ 1997-ին, երբ արցախյան առաջին պատերազմը նոր էր ավարտվել, և ուժերի հարաբերակցությունը մեր օգտին էր, մենք կոպտագույն սխալ թույլ տվեցինք՝ մերժելով արժանապատիվ խաղաղության և խնդրի հայանպաստ կարգավորման հնարավորությունը՝ համարելով, որ ինչ-որ բան կզիջենք միայն այն ժամանակ, երբ ստիպված կլինենք։ Ադրբեջանը ծանր հետևանքների հասցրած մեր այդ սխալից դասեր է քաղել և փորձում է խնդիրը վերջնականապես լուծել հիմա, երբ ուժերի հարաբերակցությունը բացահայտորեն իր օգտին է, և ոչ թե թողնել ապագային՝ հույս ունենալով ավելին ստանալ։ Այստեղից էլ՝ նոր ագրեսիայի, Լաչինի միջանցքը փակելու և այլ սպառնալիքները, որոնց նպատակը «գործընթացն» արագացնելն է, և որոնք, ի դեպ, ցանկացած պահի կարող են իրականություն դառնալ։ 

Նոյեմբերի 9-ը Ադրբեջանում որպես «հաղթանակի օր» է նշվում՝ այնպես, ինչպես երկար տարիներ մայիսի 9-ն էր Հայաստանում ու Արցախում նշվում որպես հաղթանակի օր։ Բայց ուշադրություն դարձրեք՝ նոյեմբերի 9-ին բազմաթիվ երկրներ շնորհավորել են Ադրբեջանին «հաղթանակի օրվա առթիվ», մինչդեռ չենք հիշում մի դեպք, որ որևէ երկիր մայիսի 9-ի առթիվ պաշտոնապես շնորհավորած լինի Հայաստանին։ Ինչո՞ւ։ Որովհետև երկար տարիներ Ադրբեջանը լեգիտիմացնում էր նոր պատերազմի և սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու իր իրավունքը։ Ադրբեջանի որևէ պաշտոնյա, էլ չենք ասում՝ որևէ ղեկավար երբևէ Քելբաջարը «դժբախտ-դժգույն քաղաք» կամ Ջեբրայիլը «ամայի տափաստան, որտեղ ոչինչ չի աճում» չէր անվանել։ Հիմա՝ եթե Ադրբեջանը նոր ագրեսիա ձեռնարկի Հայաստանի դեմ, մենք այդ ագրեսիան ետ մղենք ու թշնամուն էլ դուրս շպրտենք Ջերմուկից, Սև լճից ու Ներքին Շորժայից, այդ նույն արտաքին աշխարհը մե՛զ կշնորհավորի հաղթանակի առթիվ։ Բայց դրա համար պետք է անել այն, ինչ Ադրբեջանն արեց․ այն է՝ ոչ մի փաստաթղթով կասկածի տակ չդնել սեփական երկրի տարածքային ամբողջականությունը, գտնել հուսալի դաշնակիցներ, համախմբել բոլոր ուժերը, ամրապնդել բանակն ու պատրաստվել համարյա անխուսափելի նոր պատերազմին։ 

Ընդ որում՝ երկու տարի մենք արդեն կորցրել ենք։ Դրանով պետք էր զբաղվել արդեն 2020 թ նոյեմբերի 11-ից։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ