...

Նիկոլ Փաշինյան․ աղքատության մոդերատորը

Նիկոլ Փաշինյան․ աղքատության մոդերատորը

«Նիկոլի Հայաստանում» ում խելքին ինչ փչի՝ կարող է անել։ Կարելի է ցանկացածի ունեցվածքը ցանկացած գնով խլել, ցանկացած սարի գագաթին ցանկացած արձան դնել, բանկային ծառայությունների համար ցանկացած սակագին սահմանել, տարածքներ հանձնել կամ նվիրել, ճանապարհներ քանդել-սարքել, ցանկացած բանի համար ախմախ տուգանքներ սահմանել, և այլն։ Դրա համար ընդամենը պետք է կարողանալ պատասխանել Նիկոլի երկու հարցերին՝ «ինչքա՞ն փող կբերի», և «իմ փայը ինչքա՞ն ա»։ 

Ընդ որում՝ «ինչքա՞ն փող կբերի» հարցը ժողովրդին չի վերաբերում։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանի համոզմունքները վաղուց արմատացած են՝ ժողովուրդը պիտի աղքատ լինի, և ինչքան աղքատ՝ այնքան լավ։ Նա ինքը, իհարկե, նախկին աղքատ է, բայց էությամբ աղքատը դաշնակի կամ «մըլիցու» պես բան է՝ նախկին չի լինում։ Եթե փոքր-ինչ ձևափոխենք հայտնի խոսքը՝ հնարավոր է մարդուն հանել աղքատությունից, բայց աղքատությունը մարդու միջից հանելն անհնար է։ 

Իրականում աղքատներին կարելի է բաժանել երկու մասի։ Նրանք, ովքեր ատում են սեփական աղքատությունը (ու ձգտում են հաղթահարել դա), և նրանք, ովքեր ատում են ուրիշների հարստությունը (ու երազում են, որ նրանք դառնան իրենց նման աղքատ)։ Նիկոլ Փաշինյանի «սոցիալական հենարանն» ահա այս երկրորդ խմբի աղքատներն են։ Որովհետև սեփական աղքատությունն ատողների ու բարեկեցիկ կյանքի ձգտողների վրա հենվելն ավելի բարդ է՝ նրանց հնարավոր չէ խաբել «թալանը քյաբաբ առ քյաբաբ հետ ենք բերելու» կարգի ախմախություններով, նրանց ոչ թե նախկին թալանչիներին «բոմժ սարքելու» գործընթացն է հետաքրքրում, այլ այն, թե իշխանություններն ի՞նչ են անում, որ կոնկրետ իրենք ավելի լավ ապրեն։ Իսկ ահա երկրորդ խմբի դեպքում ավելի հեշտ է՝ պետք է ընդամենը «ապահովել», որ նրանք միշտ աղքատ մնան (որպեսզի շարունակեն ատել հարուստներին), և ժամանակ առ ժամանակ մի երկու քրեական գործ հարուցել, որպեսզի նրանց սիրտը հովանա։

Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ շատ լավ կռահել է շեֆի այս «քաղաքականությունը» և գերագույն հաճույքով իրականացնում է։ Դե եթե շեֆին պետք է, որ ժողովուրդն աղքատ լինի՝ հարց չկա, իրենք ո՞վ են, որ շեֆի ցանկությունը չկատարեն։ Դոլարի կուրսն է պետք իջեցնել՝ հարց չկա, երկնիշ-եռանիշ թանկացումներ են պետք՝ խնդրեմ, նորանոր սահմանափակումների ու տուգանքների կարիք կա՝ աչքներիս վրա․․․ Ու այդ ամենն արվում է ավելի ու ավելի մեծ կատաղությամբ, որովհետև «էս հայերը զարմանալի ժողովուրդ են, ինչքան թանկացնում ենք՝ դիմանում են, ոչ բողոքում են, ոչ կոտորվում, չենք հասկանում՝ սրանց համբերության բաժակն ա՞ ռեզինից, թե՞ մենք լավ չենք թալանում»։

Ըստ երևույթին՝ այնուամենայնիվ «համբերության բաժակն ա ռեզինից»։ Իսկ այդպիսի «բաժակները» ոչ թե լցվում են, այլ պատռվում։ Այսինքն՝ պետությունն է վերանում, որովհետև մարդիկ սկսում են Հայաստանն ընկալել ոչ թե որպես պետություն, որի իշխանությունները վատն են (հետևաբար՝ պետք է փոխել իշխանություններին), այլ որպես տարածք, որտեղ կյանքի պայմաններն օրեցօր վատանում են (հետևաբար՝ պետք է տեղափոխվել այլ տարածք)։ Իսկ Նիկոլ Փաշինյանին դա առանձնապես չի մտահոգում։ Չէ՞ որ թալանի տեխնոլոգիաների առումով նրա ուսուցիչը Տիգրան Սարգսյանն է, որի օրոք թալանն իրականացվում էր դրամի արհեստական արժևորման ու բանկային համակարգի միջոցով, երկրի արտաքին պարտքն ավելացավ մի քանի անգամ, արտագաղթն էլ ընկալվում էր որպես դրական երևույթ՝ «բա մնան Հայաստանում, որ հեղափոխություն անե՞ն»։ 

«Ոլոլորտների» մասին հարբած ելույթն էլ՝ ձեզ նվեր։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1096 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ