...

Թուրքիան ու Ադրբեջանը գործարք են առաջարկում Թրամփին

Թուրքիան ու Ադրբեջանը գործարք են առաջարկում Թրամփին

Ինչո՞ւ է Ադրբեջանը փաստացի հրաժարվում ստորագրել «արդեն իսկ համաձայնեցված» փաստաթուղթը և «հայկական կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների» մասին տեղեկություններ տարածելով՝ ռազմական նոր բախումների հող նախապատրաստում։ Փորձենք մի կողմ դնել ավանդական «թուրքը մնում է թուրք» մեկնաբանությունը և Ադրբեջանի այդ պահվածքի համար ավելի ռացիոնալ բացատրություն գտնել։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարում է, որ իր երկիրը շուտով կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի շինարարությունը, իսկ Ադրբեջանն իր տարածքով անցնող հատվածի շինարարությունն արդեն սկսել է, միջանցքն էլ կանցնի կամ Հայաստանով, կամ Իրանով։ Այս հայտարարությունը հնչում է այն իրավիճակում, երբ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը շատ արագ պիտի հստակեցնի իր քաղաքականությունն Իրանի նկատմամբ՝ ռազմական հարվածնե՞ր է հասցնելու, թե՞ ընդամենը փորձելու է կոշտ ճնշումներով «գործարք կնքել»։ Այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքի շինարարությունը սկսելու» մասին Թուրքիայի և Ադրբեջանի՝ գործնականում համատեղ հայտարարությունը Թրամփին ուղղված շատ հստակ առաջարկ է․ «Մեզ այդ միջանցքն այսպես թե այնպես անպայման պետք է, հիմա դո՛ւք որոշեք՝ կամ մեր առջև կանաչ լույս եք վառում, որ ուժով միջանցք բացենք Հայաստանի տարածքով, և այդպիսով Իրանը կտրենք հյուսիսից (համ էլ «միջին միջանցքի» պահեստային տարբերակի հարցը կլուծենք), կամ՝ եթե կանաչ լույս չեք տալիս, մենք իրար հետ կապվում ենք Իրանի տարածքով, ու այդպիսով ձեր և ձեր մերձավորագույն դաշնակից Իսրայելի թշնամի Իրանի դիրքերն ավելի են ամրապնդվում»։ 

Իսկ ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ինքնավստահ։ Որովհետև «գործարքն» ակնհայտորեն ձեռնտու է ԱՄՆ-ին, Թրամփի ընտրությունը՝ բավականին կանխատեսելի, Ռուսաստանն առանձնապես չի խոչընդոտի, որովհետև չի ցանկանա Հայաստանի պատճառով վտանգել ԱՄՆ-ի հետ հազիվ նորմալացող հարաբերությունները, Իրանն էլ միայնակ չի կարող կանխել «գործարքը»։ Դրա համար էլ առաջարկին զուգահեռ Ադրբեջանը նախապես նոր պատերազմի համար քարոզչական հող է նախապատրաստում՝ առանց որևէ ռիսկի․ եթե Թրամփը մերժի էլ՝ խնդիր չկա, նորից հռետորաբանությունը կփոխեն, կվերադառնան «կառուցողական դաշտ» ու կշարունակեն Հայաստանից զիջումներ կորզել բանակցությունների սեղանի շուրջ։

Ի՞նչ պիտի անի Հայաստանն այս իրավիճակում։ Ճիշտ է, պիտի ակտիվորեն աշխատի ԱՄՆ-ի հետ ու փորձի համոզել, որ Իրանի դեմ լուրջ գործողությունների դեպքում Հայաստանը խոչընդոտ չէ, հետևաբար՝ չարժե հանուն դրա նոր պատերազմ հրահրել ու «վարի տալ» մի երկիր, որն ԱՄՆ-ում ապրող մոտ 2 միլիոն մարդ իր հայրենիքն է համարում։ Զուգահեռաբար՝ պիտի ակտիվորեն աշխատել Ռուսաստանի հետ, ընդ որում՝ ճիշտ և ճիշտ նույն օրակարգով ու փաստարկներով։ Եվ իհարկե՝ հնարավոր բոլոր միջոցներով պատրաստվել նոր ագրեսիայի։

Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները։ Ճիշտ է, ինչ-որ համայնքից «ապօրինաբար զավթված 400 քմ տարածք են վերադարձնում Հայաստանի Հանրապետությանը» կամ հայտարարում, որ «սարի պես կանգնած են Փարաքարի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուի թիկունքին»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ