...

Վիշապի հեքիաթի հայկական տարբերակը

Վիշապի հեքիաթի հայկական տարբերակը

Ինչ-որ մեկը ժամանակակից ակումբային ֆուտբոլն այսպես էր բնութագրել՝ «երկու միլիարդատերեր տրիբունայից հետևում են, թե ինչպես են 22 միլիոնատերեր վազվզում դաշտում»։ Համաձայնվեք՝ բավականին նման է Հայաստանի «ներքաղաքական պայքարին»։ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանգիստ հետևում են, թե ինչպես են իրենց թիմերը վազվզում ու «անհաշտ պայքար մղում քաղաքական դաշտում», և որպեսզի խաղն ավելի դիտարժան ստացվի՝ խաղացողները մեկ-մեկ վնասվածքներ էլ են ստանում, դեղին ու կարմիր քարտեր էլ, որակազրկվում են, փոխարինման են դուրս գալիս․․․ Շոուն մնում է շոու, դրա համար անհաշտ մրցակցության իմիտացիա է պետք, իսկ եթե երկու թիմերի ոչինչ չկասկածող ֆանատներն ամեն խաղից հետո ծեծկռտուք կազմակերպեն՝ ավելի լավ․ երկու միլիարդատերերի եկամուտները դրանից միայն կավելանան։ 

Ուշադրություն դարձրեք՝ Փաշինյան-Քոչարյան փոխշահավետ խաղում երրորդն ավելորդ է։ Ի՞նչ տեղի կունենա, եթե հանկարծ Հայաստանում իշխանության գա որևէ նորմալ ուժ։ Ճիշտ է, Քոչարյանն իր «հիմնական կազմի խաղացողների» հետ անմիջապես կհայտնվի բանտում, Փաշինյանն իր ուսապարկերի «առաջին էշելոնի» հետ՝ նույնպես։ Ընդ որում՝ նույն հոդվածներով․ համակարգային կոռուպցիա, թալան, զանգվածային բռնություններ, մարդու իրավունքների ոտնահարում և այլն։ Բայց քանի դեռ քաղաքական դաշտում իրենք երկուսով են խաղում՝ նման սպառնալիք չկա։ Քոչարյանը միայն երազել կարող էր, որ Հայաստանում իշխանության ղեկին հայտնվի Փաշինյանի նման ինչ-որ կիսագրագետ ծաղրանկարային բռնապետիկ, որի համեմատ անգամ ինքը սոլիդ քաղաքական գործիչ կթվա ու բանտախցի փոխարեն խորհրդարանական երկրորդ ուժի լիդերի կարգավիճակում կհայտնվի՝ անգամ սեփական կուսակցություն չունենալով, Փաշինյանն էլ իր հերթին միայն երազել կարող էր, որ իր հիմնական «քաղաքական հակառակորդը» կլինի այնպիսի մեկը, որի տասնամյա նախագահության ցանկացած օրն ուսումնասիրելով՝ կարելի է տասնյակ քրեական գործեր հարուցել։

Միմյանց նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությանը մի նայեք, դա ընդամենը արտաքին շղարշն է։ Իսկ խորքային առումով նրանց շահերն ու դիրքորոշումները համընկնում են, ընդ որում՝ համարյա բոլոր ոլորտներում։ Օրինակ՝ իշխանությունների կոռումպացվածությունը։ Նորերին դա ձեռնտու է՝ փող են աշխատում, հներին նույնպես ձեռնտու է՝ եթե իրենք կոռումպացվածության պատճառով այսքան խոցելի են, ուրեմն նորերն է՛լ թող խոցելի դառնան։ Կամ, ասենք, ադրբեջանցիներն ինչ-որ ուղղությամբ փորձում են առաջ շարժվել, լարվածություն, խառնաշփոթ, խուճապ․․․ Քոչարյանը դրանից միայն հրճվում է, որովհետև հերթական անգամ ակնհայտ է դառնում, թե ինչ տկարամիտ արկածախնդրություն է Նիկոլի «խաղաղության դարաշրջանը», Նիկոլն էլ իր հերթին է հրճվում, որովհետև դա ներկայացնելու է որպես հերթական ապացույց, որ հայկական կողմը ստիպված է գնալ զիջումների, քանի որ այլընտրանքը նոր պատերազմն է։

Հարց է ծագում՝ իսկ պետությո՞ւնը։ Իսկ պետությունը հայտնվել է վիշապի ամրոցում փակի տակ պահվող գեղեցկուհու վիճակում։ Պարզապես «վիշապի հեքիաթի» հայկական տարբերակը մի քիչ ուրիշ է։ Հերոսը ոչ թե սպանում է վիշապին ու որոշ ժամանակ անց ինքը վերածվում վիշապի, այլ հանգիստ մտնում է ամրոց, պատշգամբից ողջունում ցնծացող ամբոխին, հետո մոտենում ներքին սենյակներում հանգիստ նարդի խաղացող նախկին վիշապներին, պաչ-պռոշտիով բարևում ու ասում՝ «դե դուք շատ շուխուռ մի դրեք, էն գեղեցկուհու սենյակի տեղն էլ ցույց տվեք՝ գնամ մի քիչ էլ ես զբաղվեմ»։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ