...

Խաղաղության օրակարգի պիտանելիության ժամկետը

Խաղաղության օրակարգի պիտանելիության ժամկետը

Խորհրդարանի արտահերթ նիստը, որտեղ ԱԺ հայտարարության՝ ընդդիմության ներկայացրած տեքստն այդպես էլ չընդունվեց, բավականին ուշագրավ էր հատկապես իմքայլականների ելույթների առումով։ Այդ ելույթները, իհարկե, այն մասին չէին, թե ինչ են մտածում իրենք հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախի ապագայի մասին։ Դա նրանց մեծամասնությանն ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև ավելի կարևոր հարցերով են զբաղված՝ ինչպես ավելի հաճախ ճամփորդեն արտասահմաններում, ավելի շատ պարգևավճար ստանան, ավելի շատ ծանոթների խցկեն պետական հիմնարկներ, ինչ-որ բան պոկեն «Եվրատեսիլի շուխուռից», և այլն։ Այդ ելույթներն այն մասին էին, թե իրենց կարծիքով՝ ինչպիսի՞ն է «շեֆի» դիրքորոշումն Արցախի հարցում, որպեսզի ըստ դրա էլ ամբիոնից խոսեն ու շեֆի աչքը մտնեն։

Եվ ահա ԱԺ ամբիոնից իմքայլականները երկու կարևոր միտք են հնչեցնում, ընդ որում՝ մեկը մեկից ախմախ։ Առաջին՝ «Ադրբեջանին զսպող հիմնական գործոնը խաղաղության օրակարգն է», և երկրորդ՝ կոպտագույն սխալ էր, որ 1994-ի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի տակ նաև Հայաստանն է ստորագրել, պիտի միայն Ղարաբաղն ու Ադրբեջանը ստորագրեին, որովհետև հենց որ Հայաստանը ստորագրեց՝ միանգամից դարձավ ագրեսոր։

Սկսենք երկրորդից։ Հետաքրքիր է, իմքայլականները երբևէ իրենց դուխով առաջնորդին հարցրել են՝ «շեֆ, բայց դու ինչո՞ւ ես ստորագրել նոյեմբերի 10-ի թուղթը, պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չէր, նրանք մեզ պատերազմ չէին հայտարարել, Ղարաբաղի վրա էին հարձակվել, դու ի՞նչ գործ ունեիր, կապիտուլյացիայի թուղթ էր՝ թող Ղարաբաղի նախագահը ստորագրեր»։ Եվ հետո՝ 1994-ի բիշքեկյան փաստաթղթի տակ երեք ստորագրություն կա, ու դա իրավամբ համարվում է լրջագույն դիվանագիտական հաջողություն, որովհետև դրանով Ադրբեջանը փաստորեն ճանաչել է Արցախը՝ որպես հակամարտության լիարժեք կողմ։ Հիմա ինչպե՞ս պատահեց, որ այդ փաստաթուղթը մեզ համար դարձավ «կոպտագույն սխալ», Ադրբեջանն էլ երկար տարիների ընթացքում ոչ միայն «չֆայմեց» օգտվել այդ սխալից, այլև այդ փաստաթղթի հիշատակումից խրտնում էր՝ ինչպես սատանան խունկից։

Անցնենք «Ադրբեջանին զսպող հիմնական գործոնը խաղաղության օրակարգն է» թեզին։ Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը՝ Ադրբեջանի համար դժվար կլինի միջազգային հանրության առաջ արդարացնել Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմը, որովհետև միջազգային հանրությունը կասի «բայց ինչո՞ւ եք հարձակվում, նրանք առանց այն էլ ինչ ուզում եք տալիս են՝ հանուն խաղաղության»։ Պարզ ասած՝ «խաղաղության օրակարգը» Հայաստանը մաս-մաս հանձնելու մասին է։ Արցախի մասին ընդհանրապես չենք խոսում, որովհետև «բնապահպանական նկատառումներով» ճանապարհ փակելու թամաշան վաղուց արդեն պիտի շատերի համար ակնհայտ դարձներ, որ ռուս խաղաղապահների հիմնական «առաքելությունը» Արցախի «ընդունման-հանձնման գործընթացը» հնարավորինս սահուն և անցնցում կազմակերպելն է։ Ընդ որում՝ «խաղաղության օրակարգն» ի սկզբանե ձախողման է դատապարտված, որովհետև Ադրբեջանի պահանջներն անընդհատ ավելանալու են։ Ավելին․ եթե միջազգային հանրությունն «արդարացի» է համարել ադրբեջանցիների սանձազերծած 44-ամյա պատերազմը, ուրեմն արդարացի է համարելու նաև «ագրեսոր Հայաստանից» ահռելի ռազմատուգանք պահանջելը, որի դիմաց Ադրբեջանը, հնարավոր է, «մեծահոգաբար» համաձայնվի վերցնել Սյունիքի մարզը՝ ասենք, մի 50 տարով։ Այսինքն՝ ինչ-որ պահի դանակն այնուամենայնիվ հասնելու է ոսկորին, և մենք ստիպված ենք լինելու պատերազմել։ Իսկ «զսպող գործոնը» փաստորեն այն է, որ դանակը դեռ ոսկորին չի հասել։ 

Իրականում հասել է, պարզապես քանի դեռ «ադրբեջանցի բնապահպանները» Երևան-Էջմիածին մայրուղին չեն փակել՝ կարելի է ձևացնել, թե առայժմ ամեն ինչ լավ է։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ