...

«Հայկական երջանկությունը» պետականություն չի՞ ենթադրում

«Հայկական երջանկությունը» պետականություն չի՞ ենթադրում

Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակի մոտ հանրահավաք էր կազմակերպել, որին, ոստիկաններով-բանով, մի 3 հազար մարդ էր մասնակցում։ Ի դեպ, վատ արդյունք չէ, ելույթ ունեցողներն էլ հիմնականում ճիշտ-ճիշտ բաներ էին ասում, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ո՞րն էր հանրահավաք կազմակերպելու իմաստը։ Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, հրաժարական չէր տալու, Էդգար Ղազարյանն էլ, համարյա առանց թիմի ու ռեսուրսների, ընդդիմության լիդեր չէր դառնալու, հետևաբար հանրահավաքը կարող էր ունենալ միայն մի ողջամիտ նպատակ՝ հետագայում Նիկոլի իշխանության տապալման դեպքում ապահովել սեփական տեղը հաջորդ իշխանությունների վերնախավում։

Նորմալ է։ Ի վերջո Հայաստանում իշխանության հասնելը միշտ էլ ունեցել է երկու հիմնական նպատակ․ կամ նախնական կապիտալի կուտակումը, կամ՝ եթե այդ կապիտալն այլ կասկածելի ճանապարհներով արդեն կուտակված է, դրա մեծացումը, անվտանգության ապահովումն ու արտասահման տեղափոխելը։ Նիկոլի երիտքայլականներն, ի դեպ, կարծես թե հաջողությամբ ավարտին են հասցրել կապիտալի նախնական կուտակման փուլն ու հիմա դրանք արտասահման տեղափոխելու գործի վրա են, Քոչարյանի ու Սերժի թիմակիցներն էլ, որոնք կուտակածի մեծ մասը վաղուց դուրս են բերել երկրից, հիմա մնացածի ապահովության մասին են մտածում։

Իսկ ահա հռետորաբանությունը խիստ տարբեր է։ «Տիտղոսակիր ընդդիմությունն» ու հետագայում նրանց հետ «փայ մտնելու» հավակնություններ ունեցողներն ընտրել են պաթոսն ու հայրենասիրական թեմատիկան, որովհետև համարում են, որ էմոցիոնալ ընդհանուր ֆոնին դա իշխանության հասնելու ամենաարդյունավետ ճանապարհն է՝ առնվազն քարոզչության տեսանկյունից, իսկ ահա նիկոլականների քարոզչության հիմքում «մարդու երջանկությունն» է։ Իրենց պատկերացմամբ՝ «միջին վիճակագրական հայաստանցու» երջանկությունը ամեն օր կուշտ փորով հաց ուտելն է, երեխայի կամ թոռան ծննդյան օրը, ասենք, «Անուլիկ 3» գրությամբ շքեղ տորթի ու դրա ֆոնին պլպլան շորերով լուսանկարվելու հնարավորությունը, հարսանիքներում «Ա յա դեվուշկա արմյանկա, վայ-վայ-վայ» երգի տակ պարելու տեսագրության տակ շատ լայքեր հավաքելը, «բնության գրկում օրավարձով տրվող խորովածի պարագաներով  ու անվճար վայֆայով հագեցած տաղավարներից» օգտվելու հնարավորությունը, և այլն։ Սա էլ է նորմալ, բայց ուշադրություն դարձրեք՝ երջանկության այս «ձևաչափն» ինքնին սեփական երկիր ու պետականություն ունենալ չի ենթադրում, որովհետև ճիշտ նույն երջանկությունը կարելի է վայելել նաև աշխարհի ցանկացած այլ երկրում․ «փողին մուննաթ»։ Անպայմանորեն սեփական երկիր ու պետականություն ունենալ չի ենթադրում նաև հայրենասիրական հռետորաբանությունը, որովհետև նույն տեքստերը նույն կեցվածքով և նույն հաջողությամբ կարելի է արտասանել և՛ Սյունիքից, և՛ Նորդ Հոլիվուդից, և՛ Բուրջ-Համուդից։ Ի՞նչ տարբերություն՝ «Բերձորն ու Աղավնոն չենք հանձնելու» գրությամբ ցուցապաստառը (ի դեպ, արդեն փաստացի հանձնելուց հետո) Երևանո՞ւմ կբարձրացվի, թե՞ Փարիզի Տրոկադերո հրապարակում։ Պարզապես դրա համար էլ է նախնական կապիտալ պետք։ 

Արդյունքում՝ Հայաստանը վերածվում է նախնական կապիտալի կուտակման վայրի, որտեղ, ի դեպ, հարյուր հազարավոր իրական հայրենասերները բացարձակապես մրցունակ չեն, որովհետև այդտեղ է՛լ մեծ մրցակցություն կա, ու որպես կանոն՝ հաղթում են առավել փորձառու և պրոֆեսիոնալ «հայրենասերները»։ 

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Այսպիսի արտահայտություն կա՝ «քաղցկեղը ոչ թե դատավճիռ է, այլ դիագնոզ»։ Մի քանի օր առաջ լրատվամիջոցները սոցիոլոգիական ինչ-որ հետազոտության արդյունքներ էին հրապարակել՝ ո՞ր քաղաքական ուժին կընտրեին Հայաստանի քաղաքացիները, եթե ընտրությունները տեղի ունենային հիմա։ Եթե արդյունքները ճիշտ են՝ մեր դեպքում դա միաժամանակ և՛ դիագնոզ է, և՛ դատավճիռ։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   613 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ