...

«Կովկասյան ճեղքման» աղետաբեր հետևանքները

«Կովկասյան ճեղքման» աղետաբեր հետևանքները

Արդեն քանի օր է՝ հայկական լրատվական դաշտն ու սոցկայքերը հեղեղված են Նենսի Փելոսիի այցի նպատակների շուրջ վերլուծություններով։ Ընդ որում՝ եթե մի կողմ դնենք ծայրահեղ ռուսամետ ու ծայրահեղ ամերիկամետ (երկու դեպքում էլ՝ ամենայն հավանականությամբ վճարովի) աղմուկը, վերլուծությունները հիմնականում բավականին ադեկվատ են և վկայում են այն մասին, որ մեզանում առողջ բանականությունն այնուամենայնիվ դեռ չի վերացել։ 

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ։ Եթե շատ սխեմատիկ՝ տեղի է ունենում հետևյալը․ Ռուսաստանը «խրվել է» Ուկրաինայում, և ռուսների համար այս փուլում Թուրքիայի լոյալությունը չափազանց կարևոր է։ Ադրբեջանը որսացել է պահը և հարձակվել Հայաստանի վրա՝ հաշվարկելով, որ Ռուսաստանը, հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը, ոչ մի կոնկրետ աջակցություն չի ցուցաբերի իր «փաստաթղթային դաշնակցին»։ Հայաստանում, բնականաբար, հակառուսական տրամադրությունները հասել են «պատմական մաքսիմումին», ԱՄՆ-ն էլ իր հերթին որոշել է ձեռքից բաց չթողնել այդ պահը և սկսել այսպես կոչված «Կովկասյան ճեղքումը», որի առաջին քայլը պիտի լինի Հայաստանը Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից պոկելու փորձը, իսկ առաջնահերթ թիրախը Ռուսաստանն է, հեռանկարում՝ նաև Իրանը։ Այո, տիկին Փելոսիի այցը գուցե նաև նախընտրական է, ավելին՝ Հայաստանի նկատմամբ նրա անձնական համակրանքն ու արցունքներն ամենայն հավանականությամբ անկեղծ են, բայց ԱՄՆ-ի համար առաջնայինն, անկասկած, «Կովկասյան ճեղքումն» է։

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ ԱՄՆ-ում, վստահաբար, հաշվարկել են, որ եթե «դուխ տան» հայերին, ՀՀ իշխանություններն էլ հիմարաբար կուլ տան «ժողովրդավարության ու ամբողջատիրության միջև ընթացող գլոբալ պատերազմի» խայծը և արտաքին-քաղաքական կտրուկ փոփոխությունների գնան, Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա կսկսվի, հնարավոր է՝ նաև Թուրքիայի անմիջական ներգրավմամբ։ Այդ դեպքում կարող է լինել ընդամենը երկու տարբերակ, ընդ որում՝ երկուսն էլ ձեռնտու են ԱՄՆ-ին։

Առաջին՝ Ռուսաստանն այնուամենայնիվ կմիջամտի և կփորձի կանխել Հայաստանի ոչնչացումը, այսինքն՝ ռազմական առճակատման մեջ կմտնի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ ԱՄՆ-ի համար դա կնշանակի, որ իրենց հաջողվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, որտեղ Ուկրաինայի դերը կխաղան Թուրքիան ու Ադրբեջանը, Դոնեցկի ու Լուգանսկի դերը՝ Հայաստանը։

Երկրորդ տարբերակ՝ Ռուսաստանը կբավարարվի հայտարարություններով և չի միջամտի։ Այդ դեպքում Հայաստանը կարող է ընդհանրապես վերանալ աշխարհի քարտեզից, ինչն ԱՄՆ-ի տեսանկյունից նշանակում է, որ առանձնապես վատ բան չի եղել, փաստացի վերացել է Ռուսաստանի դաշնակից մի երկիր, որտեղ կային ռուսական ռազմաբազաներ, այսինքն՝ Ռուսաստանը վերջնականապես դուրս է մղվել Հարավային Կովկասից, ՆԱՏՕ-ն էլ անարգել հասնում է Հյուսիսային Կովկաս և Միջին Ասիա ու նաև ամբողջովին վերահսկում Իրանի հյուսիսային սահմանները։ 

Պարզ ասած՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գործընթացը մտնում է վճռական փուլ, ընդ որում՝ այդ ճակատում հակամարտող կողմերը Հայաստանը դիտարկում են ոչ թե որպես կողմ, այլ որպես ճակատամարտի դաշտ։ Ու ամենացավալին այն է, որ հենց այս ճակատագրական ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է ապաշնորհ կիսագրագետների մի խմբակ, որը պատկերացում անգամ չունի, թե ինչ է տեղի ունենում իրականում, ինչ են ուզում Հայաստանից, և ինչ աղետների կարող է հասցնել իրենց վճարովի արկածախնդրությունը։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   3223 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ