...

Ո՞ւմ պարտվեց դիմադրության շարժումը

Ո՞ւմ պարտվեց դիմադրության շարժումը

Հասկանալի է, որ «դիմադրության շարժումը» ձախողվեց (դա ակնհայտ էր արդեն շաբաթներ առաջ), բայց արդյո՞ք Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելը կարելի է գնահատել որպես ընդդիմության պարտություն և իշխանությունների հաղթանակ։ 

Սկսենք իշխանություններից։ Ո՞ւմ են նրանք հաղթել, եթե Հայաստանում առնվազն մեկուկես-երկու միլիոն մարդ դեմ է իրենց իշխանությանը, ընդ որում՝ այս երկու ամիսների ընթացքում այդ թիվը հաստատ միայն ավելացել է, իսկ այն խնդիրները, որոնց պատճառով ժողովուրդը չի ընդունում իշխանություններին, միայն խորացել են։ Մեծ հաշվով՝ իշխանությունների միակ ձեռքբերումն այն է, որ Երևանի բնականոն երթևեկությունը կկարգավորվի, իսկ դա, համաձայնվեք, չի կարելի «հաղթանակ» անվանել։ Առավել ևս, որ այդ ընթացքում իշխանություններն ունեցան իմիջային լրջագույն կորուստներ՝ ոստիկանական բիրտ ուժի կիրառում, ձերբակալություններ և այլն։

Արդյո՞ք ընդդիմությունը պարտվեց։ Ոչ, որովհետև իրական ընդդիմությունը Հայաստանի առնվազն մեկուկես-երկու միլիոն քաղաքացիներն են, որոնք այդպես էլ ակտիվ պայքարի մեջ չմտան։ Իսկ «դիմադրության շարժման» լիդերներն ընդամենը քաղաքական գործիչներ էին, որոնք փորձեցին իրենց ետևից տանել այդ մեկուկես-երկու միլիոնին և կատարելապես ձախողվեցին։ Այսինքն՝ քաղաքական գործիչների այդ խմբակը պարտվեց ոչ թե իշխանություններին, այլ ժողովրդին, որովհետև խմբակի հիմնական հակառակորդը ոչ թե իշխանություններն էին, այլ ժողովրդի անվստահությունն ու «լիդերների» 20-ամյա իշխանության տարիների մասին հավաքական հիշողությունը։ Ընդ որում՝ այդ անվստահությունը պայմանավորված էր նաև նրանով, որ «լիդերներն» առավելապես խոսում էին այն մասին, թե ինչ պիտի չանեն «թրքահպատակ իշխանությունները», բայց չէին կոնկրետացնում, թե ինչ պիտի անեն իրենք, եթե գան իշխանության, այսինքն՝ ապագայի վերաբերյալ հստակ և իրատեսական ծրագիր չէին ներկայացնում։ 

Ինչևէ, հերթական շարժումն էլ մարեց կամ գնում է մարման ճանապարհով։ «Լիդերներն», իհարկե, կձևացնեն, թե ընդամենը մարտավարությունն են փոխում, ժամանակ առ ժամանակ հանրահավաքներ կանեն, մարզային կառույցներ կստեղծեն և այլն, բայց իրողությունն այն է, որ նրանք իրենց շանսը բաց թողեցին, իսկ քաղաքական ուժերին նման շանս միայն մի անգամ է տրվում։ 1996-ին Վազգեն Մանուկյանը քիչ էր մնում հասներ իշխանության, չստացվեց, ու դրանից հետո նա այլևս երբեք քաղաքական կյանքում առանցքային դերակատարում չունեցավ։ 2003-ին իր շանսը չկարողացավ օգտագործել Ստեփան Դեմիրճյանը, և դրանից հետո այլևս երբեք քաղաքական կյանքում առանցքային դերակատարում չունեցավ։ 2013-ին նույն վիճակում հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը 2008-ից հետո չկարողացավ վերականգնել քաղաքական դաշտում իր երբեմնի առանցքային դերակատարումը։ (Թեպետ այս դեպքում պետք է շեշտել, որ 2008թ. Տեր-Պետրոսյանի թիմի դեմ աննախադեպ բռնություններ կիրառվեցին, որոնք ուղեկցվեցին սպանություններով, խոշտանգումներով, հարյուրավոր ձերբակալվածներով, զինված հրոսակախմբեր և ուժայիններ ներգրավվելով: Նույնպիսի ճնշումներ և հալածանքներ եղան նաև 2003թ. նախագահական ընտրություններում՝ Ստեփան Դեմիրճյանի և նրա կողմնակիցների դեմ): Իսկ Քոչարյանը պիտի «տուն գնար» արդեն 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո, բայց չգնաց։ Հիմա երևի կգնա։ 

Իսկ իրական ընդդիմությանը՝ Հայաստանի առնվազն մեկուկես-երկու միլիոն քաղաքացիներին, երկիրն այս վիճակից դուրս բերելու հստակ ծրագիր և այդ ծրագիրն իրականացնելու ունակ քաղաքական ուժեր են պետք։ Մի կարևոր խնդիր էլ կա՝ թույլ չտալ, որ իշխանությունները «դիմադրության շարժման» ձախողումը ներկայացնեն որպես իրենց հաղթանակը և հարցը ներկայացնեն այնպես, թե «տեսա՞ք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում, դժբախտ-դժգույն տարածքները հանձնելուն էլ ընդամենը 3-4 հազար մարդ է դեմ, և ընդհանրապես՝ մեր պարտությունը ոչ թե խայտառակություն էր, այլ չտեսնված-չլսված հնարավորությունների պատուհան»։ Ու դա պիտի թույլ չտա հենց մեկուկես-երկու միլիոնանոց իրական ընդդիմությունը։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4926 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ