...

Պարտության պատճառները 3․ տնտեսական

Պարտության պատճառները 3․ տնտեսական

Արցախյան պատերազմում մեր կրած պարտության հաջորդ հիմնական պատճառն անհամեմատ ավելի թույլ տնտեսությունն էր։ Տնտեսական առումով Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր «քաշային կատեգորիաներում» են՝ հաշվի առնելով երկու երկրների տարածքը, բնական ռեսուրսները, Հայաստանի՝ փաստացի շրջափակման մեջ լինելը և այլն, ընդ որում՝ այդ քաշային տարբերությունն առկա էր արդեն 1991-ին, երբ երկու երկրներն անկախացան։ Բայց անկախության առաջին տարիներին Հայաստանին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Ադրբեջանին․ սեփականաշնորհումը, իր բոլոր թերություններով հանդերձ, երկիրը փրկեց սովից և փոքր ու միջին բիզնեսի զարգացման հնարավորություն ստեղծեց, էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց, և ստեղծվեցին այն նախադրյալները, որոնց շնորհիվ Հայաստանը կարող էր առանձնապես ետ չմնալ Ադրբեջանից ու գտնվել նույն քաշային կատեգորիայում։ Բանն այն է, որ Ադրբեջանի տնտեսական վերելքը տեղի ունեցավ Բաքու-Ջեյհան նավթամուղով կասպիական նավթի արտահանման շնորհիվ, ընդ որում՝ միջազգային հանրությունը մեզ առաջարկում էր հակամարտության փոխզիջումային կարգավորման դիմաց այդ նավթամուղն անցկացնել Հայաստանի տարածքով։ Դա, ի դեպ, մեր գեղեցիկ աչքերի համար չէր արվում․ այդ տարիներին Վրաստանում իշխանության էր խորհրդային տարիների լիդեր Շևարդնաձեն, երկրում լիակատար քաոս էր՝ ճանապարհներին զինված բանդաներ էին վխտում, իսկ Հայաստանը «տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ» էր։

Ինչևէ։ Հայաստանը գերադասեց «ևս 100 տարի կարող ենք զարգանալ շրջափակման պայմաններում» գաղափարը, և այդ պահից սկսած՝ տնտեսական ոլորտում Հայաստանի պարտությունն անխուսափելի դարձավ։ Խնդիրն իշխանությունների կոռումպացվածությունը չէր։ Կոռումպացված չինովնիկներ աշխարհի բոլոր երկրներում էլ կան, իսկ Ադրբեջանն այդ առումով հաստատ չէր զիջում Հայաստանին։ Խնդիրն այն է, որ կոռուպցիան դարձավ Հայաստանի տնտեսական համակարգում աշխատող միակ մեխանիզմը, իսկ տնտեսությունը սկսեց զարգանալ ոչ թե ռազմավարական նպատակների իրականացման, այլ պարզունակ բիզնեսի տրամաբանությամբ։ Տարբերությունը հասկանալի է։ Տնտեսության ոլորտում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի իրականացումը ենթադրում է «երկար փողեր»՝ ներդրումներ, որոնք արդյունք կտան 20-30-40 տարի հետո, իսկ պարզունակ բիզնեսի տրամաբանությունն այլ է՝ հնարավորինս կարճ ժամկետում առավելագույն շահույթ։ Հանքաքարը վաճառեցիր՝ անմիջապես շահույթ, մարդկանց տները խլեցիր, տեղը «էլիտար շենքեր» կառուցեցիր՝ 2 տարում 300 տոկոս մաքուր շահույթ, մենաշնորհներ սահմանեցիր, ապրանքներ ներկրեցիր ու կրկնակի թանկ վաճառեցիր՝ միանգամից ահռելի շահույթ, և այդպես շարունակ։ Շահույթն էլ, բնականաբար, անմիջապես դուրս էր բերվում երկրից, որովհետև ինչպե՞ս է վարվում կողոպտիչը՝ ճիշտ է, առաջին հերթին գողոնը թաքցնում է աչքից հեռու մի ապահով տեղ (2000 թվականից հետո Հայաստանից միայն ապօրինի ճանապարհով դուրս է բերվել առնվազն 15 միլիարդ դոլար)։

Այս տրամաբանությունը գործում էր ամեն տեղ։ Ինչո՞ւ ավտոմեքենաներ արտադրել և ամեն մեքենայից մի հազար դոլար լցնել բյուջեն (բազմաթիվ առաջարկներ կային), եթե կարելի է դրանք ներկրել ու ամեն մեքենայից «նաղդ 2 հազար ջեբը դնել», ինչո՞ւ զենք-զինամթերքի գործարաններ կառուցել, եթե դրանց մատակարարումների «ատկատը» բիզնեսի տեսանկյունից ավելի գրավիչ է, և այլն։

Արդյունքը եղավ այն, որ Հայաստանի որևէ օլիգարխ կամ չինովնիկ հարստությամբ չէր զիջում իր ադրբեջանցի «գործընկերոջը», բայց Ադրբեջանի տնտեսությունը զարգանում էր ռազմավարական նպատակների իրականացման, իսկ Հայաստանինը՝ «նաղդ փող շինելու» ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհն առաջին հերթին հենց զինված ուժերի վրա է ազդում։ Որովհետև զարգացած տնտեսություն՝ նշանակում է ժամանակակից սպառազինություն, կիրթ սպայակազմ և այլն, իսկ «նաղդ փողի» տրամաբանությունը գեներալներին վերածում է կալվածատերերի, շահութաբեր է դարձնում բանակում այլանդակ բարքերի պահպանումն ու խորացումը (ինչքան վատ լինի՝ այնքան ավելի թանկ կլինի փողով բանակից ազատելը, իսկ այդ ոլորտում տարեկան առնվազն 40-50 միլիոն դոլար էր շրջանառվում)․․․ 

Մարկ Նշանյան

Շարունակելի:

Սկիզբը՝ Պարտության պատճառները 1․ աշխարհաքաղաքական

               Պարտության պատճառները 2․ ներքաղաքական

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1044 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ