...

Պարտության պատճառները  4․ Ժողովրդագրական

Պարտության պատճառները  4․ Ժողովրդագրական

Տարիներ առաջ ադրբեջանցի հայտնի մտավորականներից մեկը մոտավորապես այսպիսի միտք էր հայտնել՝ իրականում մենք ոչ թե Հայաստանին ենք պարտվել, այլ Արամ Խաչատրյանին, Վիլյամ Սարոյանին, Կոմիտասին, Մարտիրոս Սարյանին, Վիկտոր Համբարձումյանին․․․ Մարդը համարձակություն էր ունեցել բարձրաձայն նման բան հայտարարել, ու դրանով իսկ իր երկրի համար նշաձող էր սահմանել՝ քաղաքակրթվել ու այդ առումով նույնպես առաջ անցնել հայերից։

Ստացվեց, թե ոչ՝ այլ հարց է, բայց մենք մեր քաղաքակրթական հարաբերական (գուցե՝ թվացյալ) առավելությունը չկարողացանք նյութականացնել ու ստանալ կարևորագույն արդյունքը՝ ունենալ այնպիսի երկիր և կյանքի այնպիսի որակ, որ հասարակությունը ցանկանա ամեն գնով պաշտպանել դա։ Ընդ որում՝ կյանքի այդ որակը մենք պարտավոր էինք ապահովել առաջին հերթին Երևանից ու Ստեփանակերտից դուրս։

Խորհրդային տարիներին Արցախի հայաթափումը միայն Ադրբեջանի իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությամբ բացատրելն այնքան էլ ճիշտ չէ։ Ի վերջո՝ Հայաստանում էլ էր նույն վիճակը․ Կապանի ու Վարդենիսի շրջանները նույնիսկ ավելի լուրջ տեմպերով էին հայաթափվում, քան Արցախը, այդ շրջաններում հատուկենտ հայաբնակ գյուղեր կային, իսկ դատարկվող հայկական գյուղերն արագ «զբաղեցնում էին» ադրբեջանցիները։ 1994-ից հետո ըստ էության շատ բան չփոխվեց։ Ադրբեջանցիները հեռացան, բայց Հայաստանի ու Արցախի հայկական գյուղերը նույնպես շարունակում էին դատարկվել, իսկ 7 շրջանների բնակեցումն ընդամենը խորհրդանշական էր։

Խնդիրն այն չէ, որ ամբողջ Քարվաճառի շրջանում, օրինակ, ապրում էր 3 հազարից քիչ մարդ, իսկ 7 շրջաններում միասին՝ ավելի քիչ, քան, ասենք, Եղվարդ քաղաքում։ Լավ, ենթադրենք՝ այդ տարածքների ապագան անորոշ էր, չէին ցանկանում բնակեցնել, փոխարենը գերադասում էին հէկեր կառուցել, ռեսուրսները շահագործել, և այլն։ Բայց դատարկվում էր նաև բուն Արցախը, ավելի կոնկրետ՝ նախկին ԼՂԻՄ-ը, թեև մինչև 44-օրյա պատերազմը քննարկվող որևէ տարբերակով այդ տարածքի հայկական ապագան կասկածի տակ չէր դրվում։ Փաստն այն է, որ եթե անգամ յոթ շրջանները մի կողմ դնենք՝ նախկին ԼՂԻՄ տարածքում բնակչության խտությունը կազմում էր 30 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա, մինչդեռ ՀՀ-ում այդ ցուցանիշը 100 էր, Ադրբեջանում՝ 125։ Ընդ որում՝ բնակչության մոտ կեսը կենտրոնացած էր Ստեփանակերտում, իսկ ադրբեջանցիները նախկին ԼՂԻՄ տարածքով մոտ 80 կիլոմետր անցան ու հասան Շուշի, որովհետև այդ ահռելի տարածքի հայկական բոլոր գյուղերում միասին ապրում էր առավելագույնը 3 հազար մարդ։ Բա իհարկե, չէ՞ որ հայկական «քաղաքակրթական մակարդակը» ենթադրում էր Ստեփանակերտի կենտրոնը դարձնել «փոքրիկ Եվրոպա» (ի դեպ՝ եվրոպական գներով), իսկ գյուղերի ճանապարհները բարեկարգել միայն ընտրությունից ընտրություն, ընդ որում՝ միայն այն դեպքերում, եթե ընտրողների թիվն արդարացնում է նման ծախսերը։

Արդյունքում՝ Արցախը դարձավ համարյա քաղաք-պետություն, իսկ գյուղերը դատարկվում էին։ Բացի նրանցից, որոնց մոտակայքում կամ «չաստ» կար (ու կարելի էր զինվորներին այցի եկած հարազատների հաշվին բիզնես զարգացնել), կամ դրսում հարստացած որևէ համագյուղացի որոշել էր ինչ-որ ներդրումներ անել։ Ոչ մի պետական ծրագիր, ոչ մի իրական ռազմավարություն․․․ 

Մարկ Նշանյան

Շարունակելի

 

Սկիզբը՝ Պարտության պատճառները 1․ աշխարհաքաղաքական

               Պարտության պատճառները 2․ ներքաղաքական

  Պարտության պատճառները 3․ տնտեսական

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2287 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ