...

Տարօրինակ շրջափակման շահառուները

Տարօրինակ շրջափակման շահառուները

Հայաստանի իշխանությունները շարունակում են մնալ «սպասման և ակնկալման ռեժիմի» մեջ։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանն ավելի առարկայական քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից և Ռուսաստանից, որը Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելու ուղղակի պարտավորություն ունի։

Այն, որ Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի իշխանությունների և ռուս խաղաղապահների միջև որոշակի համագործակցություն կա՝ գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Հատուկ ընդգծում ենք՝ խոսքը ոչ թե համատեղ ծրագրի, այլ Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նրանց և ռուսների միջև որոշակի «փոխըմբռնման» մասին է։ Սա հիմնավորելու համար ներկայացնենք ընդամենը երկու քիչ հայտնի կամ հասարակության ուշադրությունից վրիպած փաստ։

 1․ Որպես կանոն՝ բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմից նորանոր զիջումներ կորզելու համար Ադրբեջանը զուգահեռաբար շփման գծում ռազմական սադրանքների է դիմում, բայց Արցախի շրջափակումից ի վեր՝ 25 օր շարունակ, «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում» ոչ մի կրակոց չի հնչել։ Նման կրակոցները, որպես կանոն, ամեն անգամ որոշակի լարում էին առաջացնում ռուսների և ադրբեջանցիների միջև, ու եթե այս փուլում նման լարում չկա, նշանակում է՝ ադրբեջանցիների համար ռուս խաղաղապահների «փոխըմբռնումը» կարևոր է։ 

2․ Ռուս խաղաղապահների և Արցախի բնակչության միջև տևական ժամանակ նորմալ հարաբերություններ էին, մարդիկ զինվորականներից անգամ բենզին էին գնում՝ վճարելով չնչին գումար կամ փոխարենը մի երկու շիշ օղի տալով, ու հանկարծ շրջափակումը սկսվելուն պես այդ «խողովակը» միանգամից փակվում է։ Բնականաբար՝ խաղաղապահների հրամկազմի որոշմամբ։ Սա նշանակում է, որ խաղաղապահներին հանձնարարված է թույլ չտալ «զարտուղի ճանապարհներով» մեղմել շրջափակման հետևանքները, այսինքն՝ շրջափակման արդյունքում հայկական կողմից ակնկալվող զիջումներից ռուսներն է՛լ «փայ ունեն»։ 

Իսկ ահա Հայաստանի իշխանությունների «մուննաթն» անհասկանալի է։ Չէ՞ որ Արցախի շրջափակումը հնարավոր և անգամ անխուսափելի դարձավ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իրականում պետք էր ոչ թե ճանաչել, այլ հայտարարել, որ պատրաստ է ճանաչել և դրա հիման վրա խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Դա կնշանակեր, որ «ճանաչումն» ուժի մեջ է մտնում համաձայնագրի ստորագրումից հետո։ Իսկ եթե «ճանաչում ես» առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման, նշանակում է՝ նույն պահից Հայաստան-Արցախ երկու ուղղությամբ բեռնափոխադրումները, գազամատակարարումը, էներգամատակարարումը և այլն դառնում են ապօրինի (որովհետև եթե ընդունում ես, որ Արցախն Ադրբեջան է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական պայմանագրեր չկան, ի՞նչ հիմնավորմամբ ես իրականացնում այդ բեռնափոխադրումները)։ Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանն Արցախի շրջափակումը սկսեց Պրահայի հանդիպումից բառացիորեն շաբաթներ անց։ Հանդիպում, որտեղ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի բառ չասաց։

Հիմա Ադրբեջանը հենց դրանից է օգտվում՝ շրջափակման միջոցով փորձում է արագացնել «Ղարաբաղի ինտեգրումը Ադրբեջանին» (պարզ ասած՝ կլանումն ու հայաթափումը), Հայաստանի իշխանություններն էլ ընդամենը փնթփնթում են, թե «բայց ինչո՞ւ եք շտապում, դեռ 3 տարի ժամանակ կա, ավելի մեղմ ձևերո՛վ արեք»։ Միջազգային հանրությունից էլ ըստ էության նույնն է ակնկալում՝ որ Ադրբեջանին համոզեն չշտապել և «Ղարաբաղը յուրացնել» ավելի քաղաքակիրթ մեթոդներով։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   577 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ