...

Պարտության պատճառները  5․ ռազմական

Պարտության պատճառները  5․ ռազմական

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց 44-օրյա պատերազմի «ամենամութ հատվածը» բուն ռազմական գործողություններն են։ Թվում է՝ պատերազմը լուսաբանվում էր համարյա օնլայն ռեժիմով, բայց փաստն այն է, որ առ այսօր հայտնի չէ անգամ, թե կոնկրետ ով էր այս կամ այն ուղղության պատասխանատուն, որքան զինտեխնիկա ենք կորցրել, որ բնակավայրը երբ և ինչ հանգամանքներում ենք թողել (Հադրութի անկումից մի քանի օր անց հայկական զորքն այնտեղ իբր դեռ «թեժ մարտեր էր մղում», Շուշիի անկումից օրեր անց Նիկոլ Փաշինյանն անձամբ ասում էր՝ «Շուշիի համար կատաղի մարտեր են ընթանում», և այլն), որքան զորք է մասնակցել ռազմական գործողություններին (Նիկոլ Փաշինյանը խոսում էր Աղդամի ուղղությամբ 20 հազարանոց հայկական զորքի մասին, հետո այդ թիվը դարձավ 25 հազար, հետո՝ 30, հետո՝ 35․․․ )։

Եվ այնուամենայնիվ զուտ ռազմական առումով պարտության հիմնական պատճառներն ուրվագծվում են։ Նախ՝ օբյեկտիվ պատճառների մասին։ 1․ Ադրբեջանական բանակը և՛ թվակազմով, և՛ սպառազինության մակարդակով էապես գերազանցում էր հայկական բանակին։ 2․ Ադրբեջանական բանակը մանևրելու դժվարություններ չուներ և կարող էր հաշված ժամերի ընթացքում ցանկացած ստորաբաժանում տեղափոխել, օրինակ, Մարտակերտի ուղղությունից Ջեբրայիլի ուղղություն, իսկ հայկական ուժերը լոգիստիկ խնդիրներ ունեին, առավել ևս՝ օդում հակառակորդի բացարձակ գերազանցության պայմաններում։ 3․ Ադրբեջանը կարող էր պատերազմի նետել իր գրեթե ողջ զինուժը, իսկ հայկական կողմը ստիպված էր բանակի մեծ մասը պահել Հայաստանում՝ հաշվի առնելով Նախիջևանի գործոնն ու թուրքական ներխուժման սպառնալիքը։ 4․ Ադրբեջանն ուներ անվերապահ դաշնակից՝ Թուրքիան, իսկ Հայաստանը, պարզվեց, այդպիսի դաշնակից չունի։

Անցնենք սուբյեկտիվ պատճառներին։ 1․ ՀՀ զինված ուժերը, ինչպես հաճախ է լինում, «պատրաստվել էին նախորդ պատերազմին», իսկ այդ պատերազմի պլանը շատ պարզունակ էր՝ թշնամին հարձակվում է, չի կարողանում ճեղքել պաշտպանական գիծը, հետո անցնում ենք հակահարձակման, և նոր հրադադար է հաստատվում։ Վերջ, սա էր, «պլան բ» չկար, այսինքն՝ չկային նաև պաշտպանության երկրորդ ու երրորդ գծեր, որտեղ հնարավոր կլիներ ամրանալ, եթե թշնամուն այնուամենայնիվ հաջողվեր ճեղքել առաջնագիծը։ Արդյունքում հենց դա էլ տեղի ունեցավ, և պատերազմի 6-7-րդ օրը այսպես կոչված «Օհանյանի գիծը» ճեղքելուց հետո թշնամու առաջխաղացումը կասեցնել այդպես էլ չհաջողվեց։ 2․ Ապրիլյան քառօրյայից հետո պարզ էր, որ օդում թշնամին մեծ առավելություն ունի, և մեր թույլ տեղը ՀՕՊ-ն է, բայց այդ բացը լրացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը գերադասեց հրաժարվել զուտ պաշտպանական դոկտրինայից և «հարձակողական դոկտրինայի տարրեր» ավելացնել, ինչը քարոզչական տեսանկյունից լավ էր «նայվում», բայց գործնականում կատարյալ տխմարություն էր, որովհետև ակնհայտ էր, որ նոր պատերազմում հայկական կողմը նոր տարածքներ գրավելու ոչ պոտենցիալ ունի, ոչ անհրաժեշտություն։ 3․ Պատերազմի հենց առաջին օրվանից զինված ուժերում լիակատար խառնաշփոթ էր, «շունը տիրոջը չէր ճանաչում»։ Այնպիսի տպավորություն էր, թե 20 տարի շարունակ որևէ մեկի մտքով չի անցել, որ կարող է հանկարծ պատերազմ սկսվել, ու բոլոր որոշումներն ընդունվում էին պահի ազդեցության տակ՝ «ոտի վրա»։ Առաջին օրերին մոբ-ն էր, չորրորդ օրը դա կասեցվեց, ու անցան «ջոկատային համակարգին», առաջնագծում ու մատույցներում ով ասես «ֆռֆռում» ու որոշումներ էր ընդունում՝ նախկին գեներալներ, տարբեր արգիշտիքյարամյաններ, Ավինյան Տիկո, քաղաքական գործիչներ, «քաղհասարակության ներկայացուցիչներ», «և նույնիսկ մի կին՝ ատամնատեխնիկ»։ Իսկ ռազմական օպերացիաներն ամենաբարձր մակարդակով նախապես քննարկվում էին սոցկայքերում՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը պատերազմի ընթացքում սոցկայքերն ընդհանրապես արգելափակել էր։ Մի խոսքով՝ մեր «ռազմաքաղաքական ղեկավարության» համար պատերազմն ընդամենը շոու էր, ու նրանք մինչև վերջ էլ առաջնորդվեցին շոուի կանոններով։

Կան, իհարկե, բազմաթիվ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց կարծում ենք՝ ընդհանուր պատկերացում կազմելու համար այսքանն էլ բավական է, իսկ ավելի ամբողջական պատկերը մասնագիտական հանձնաժողովը կարող էր տալ։ Եթե, իհարկե, դա Նիկոլ Փաշինյանի անձնական հանձնաժողովը չլիներ։

Մարկ Նշանյան

 

Սկիզբը՝ Պարտության պատճառները 1․ աշխարհաքաղաքական

               Պարտության պատճառները 2․ ներքաղաքական

               Պարտության պատճառները 3․ տնտեսական

              Պարտության պատճառները 4․ Ժողովրդագրական

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ