Խաղի նոր կանոնները պիտի հստակեցվեն


«Նոր Հայաստանում» ապրելը գնալով ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում. ամեն առավոտ հարյուր հազարավոր մարդիկ արթնանալուն պես քչփորում են համացանցը՝ տեսնելու, թե ի՞նչ նոր բացահայտումներ են արել իրավապահները, եւ ովքե՞ր են կալանավորվել վերջին մի քանի ժամերի ընթացքում։ Եվ պատկերացրեք՝ հիասթափություններ չեն լինում. նորանոր ձերբակալությունների մասին տեղեկությունների պակաս չկա։

Բայց «քոմենթները» գնալով ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում՝ «բա էսինչի՞ն խի չեք բռնում», կամ «իսկ ե՞րբ է հերթը հասնելու այսինչ գյուղապետին, ով քարոզում էր ՀՀԿ-ի օգտին, հիմա էլ համայնքի փողերով իր բոստանն է ցանկապատում» եւ այլն։  

Այո, նոր իշխանությունների գործունեությունը հասարակության խոշորացույցի տակ է, եւ շատերն են փորձում սուբյեկտիվիզմի տարրեր գտնել։ Իբր՝ օլիգարխներից առաջինը Սամվել Ալեքսանյանը հարվածի տակ ընկավ, որովհետեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց նա էր Նիկոլ Փաշինյանի մրցակիցը, առաջին հարվածները նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմների բիզնեսներին հասցվեցին, որովհետեւ ապրիլի 23-ից հետո նա փորձեց վերցնել իշխանությունը, եւ այսպես շարունակ։

 Իսկ ի՞նչ անել, որ հասարակության մեջ նման կասկածներ չառաջանան։ Ելքը միակն է՝ պետք է հստակ չափորոշիչներ սահմանել եւ դրանով իսկ բացառել սուբյեկտիվիզմի գործոնը։ Բայց ի՞ն չափորոշիչներ։ Տարբերակները մի քանիսն են։

1.  Սահմանել, որ բոլորն առանց բացառության պիտի նախկինում կատարած հանցանքների համար պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Բայց սրա հետեւանքները շատ ծանր կլինեին։ Պատկերավոր ասած՝ Հայաստանի բնակչության կեսը կհայտնվեր բանտերում։ Վերցնենք թեկուզ ընտրակեղծիքների «դրվագները». հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել, հարյուր հազարավոր մարդիկ՝ վերցրել, իսկ օրենքը երկու դեպքում էլ քրեական պատասխանատվություն է ենթադրում։

2. Սահմանել, որ պատասխանատվության պիտի ենթարկվեն միայն նրանք, ում կատարած հանցանքները «խարխլել են պետականության հիմքերը», իսկ մանր-մունր քրեական հանցանքները կարելի է նաեւ մոռացության մատնել։ Սա նույնպես մոտեցում է, միայն թե ձեւակերպումների անորոշությունն ինքնին կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ 

3. Սահմանել, որ քրեական պատասխանատվության են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր տնտեսական բնույթի հանցագործություններով պետությանը լուրջ վնաս են հասցրել։ Ընդ որում՝ շատ հստակ արձանագրել, որ, ասենք, մեկ միլիարդ դրամից ավելի վնաս հասցրածը պիտի վնասը վերականգնելուց հետո նաեւ հայտնվի բանտում, իսկ մեկ միլիարդից պակասի դեպքում՝ միայն վերականգնի վնասը, եւ վերջ (թվերը պայմանական են)։

4. Սահմանել, որ ինքնակամ իրավապահներին ներկայացածներն ու իրենց հանցանքը խոստովանածներն «ընկնելու են համաներման տակ» (հասկանալի է՝ բացի ծանր հանցագործությունների դեպքերից)։

Մի խոսքով՝ տարբերակները շատ են։ Բայց մի բան հստակ է՝ չափորոշիչներ անպայման պետք են։ Մարդիկ պիտի իմանան, թե կոնկրետ որ քրեական հոդվածների դեպքում «ներում-բեկում» չի լինելու, իսկ որ դեպքերում կարող է գործել «սիրո եւ համերաշխության մթնոլորտը»։ Վերջին հաշվով՝ խնդիրը միայն «օրենքի տառին եւ ոգուն հետեւելը» չէ։ Նախորդ իշխանություններն էլ «օրենքի տառին եւ ոգուն հետեւելով» Շանթ Հարությունյանին խաղալիք պայթուցիկի համար 7 տարով ազատազրկում էին, իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մարդասպանության գործով քիչ էր մնում տուժող ճանաչեին ու այդպես էլ անգամ կես ժամով չձերբակալեցին։ Խնդիրն այն է, որ հասարակության մեջ որեւէ կասկած չպետք է լինի, որ կոռուպցիան արմատախիլ անելու անվան տակ թավշյա հեղափոխության առանձին «նվիրյալներ» իրենց անձնական հարցերն են լուծում։


 Թերթեք նկարները

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և WEB ընկերության համահիմնադիր Ալբերտ Տոնեյանը դարձել են Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամներ։

ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԱՐԽԻՎ
Գովազդ